«Ռուբեն Վարդանյանին ներկայացնելու կարիք չկա՝ մի մարդ, որը առասպելական, պատմական նշանակություն ունի այս օրերին մեր երկրի, մեր ազգի համար»,- այսօր Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարին, որը կրում է «Սփյուռք-Արցախ-Հայաստան» խորագիրը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին այսպես ներկայացրեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը:
Իսկ երբ ներկայացրեցին Ռուբեն Վարդանյանի գործունեության մի շարք դրվագները, պարգեւներն ու շքանշանները, Արա Բաբլոյանն արձագանքեց. «Այս ամենը լսելով՝ հարց է առաջանում՝ մի մարդ, որը որեւիցե խնդիր չունի ընտանիքում, իր անձնականում, ֆինանսական, ի՞նչ է կորցրել Ռուբենը: Ռուբենը կորցրել է իր հանգստությունը»:
Երբ Ռուբեն Վարդանյանը ներկայացրեց իրավիճակն Արցախում, Արա Բաբլոյանն իր ելույթում ասաց, որ դրանով ոչ թե ուզում են համագումարը քաղաքականացնել, այլ ուզում են, որ ճիշտ պատկերացնեն անելիքները. «Արցախի ԱԳ նախարարի հետ անցած օրը երբ հանդիպում էինք, եկանք հստակ եզրակացության, որ մեր ուժը, մեր խոսքը շատ զգայուն է եւ շատ դիպուկ, երբ մենք երբ խոսում ենք, որ չի կարելի երեխաների կյանքի հաշվին հարցեր լուծել, չի կարելի խաղաղ բնակչության կյանքի հաշվին հարցեր լուծել: Կան քաղաքակիրթ բանակցություններ ու այդ ճանապարհով կարելի է հարցերը լուծել: Ուզում եմ հիշել Վազգեն Սարգսյանի խոսքերը, նա ասաց՝ մենք հաղթեցինք մեր բանակով, մեր տղաներով ու մեր բժիշկներով: Մենք՝ բժիշկներս, ոչ թե զենքը պետք է վերցնենք, գնանք կռվենք, այլ ամեն մեկս պետք է բացատրենք, ամեն մեկս ունենք մեր ծանոթը, պացիենտը, որը սենատում է, պառլամենտում է, ունի ազդեցություն, ամեն մեկս պետք է մեր ծանոթներին բացատրենք, որ մարդասիրական չէ այս վիճակը, չպետք է հանգիստ նստենք ու սպասենք, որ ինչ-որ մեկը պետք է լուծում տա Արցախի խնդրին: Լուծում տվողները մենք ենք ու դրա օրինակն է Ռուբենը: Մենք չենք կարող պասիվ լինել, մենք պետք է ունենանք մեր ձայնը՝ հարցի լուծման համար»:
Նա նշեց, որ աշխատում են «Մենք ենք, մեր սարերը» գործակալության հետ, որի միջոցներն օգտագործում է Արցախի առողջապահության նախարարը: Համագումարի ժամանակ ներկայացվեցին գործակալության իրականացրած ծրագրերը Արցախում՝ ի նպաստ անվտանգության ու սոցիալական խնդիրների լուծման;
Կարդացեք նաև
«ԱՄԻԿ-ի նախագահ Վիգեն Սեփիլյանն ասաց, որ սփյուռքն Արցախի հետ է, գնում է հյուպատոսարաններ, պահանջում բացել շրջափակումը, վերացնել հումանիտար աղետը. «Մենք չենք հոգնել, չենք հուսահատվել, ինչ կարող ենք, անում ենք»: Նա շնորհակալություն հայտնեց Ռուբեն Վարդանյանին՝ ցուցաբերած քաջության համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ