«Երկու համայնքներում՝ Ավան եւ Մալաթիա Սեբաստիա համայնքներում «Հայաքվեն» գրեթե ամեն օր խնդիրներ է ունենում: Մասնավորապես, ես երեկ եղել եմ Ավան համայնքում, չեն թույլ տալիս կամ առնվազն խոչընդոտում են այնտեղ իրազեկման ակցիա իրականացնել: Նույնիսկ ստիպված ենք եղել ոստիկանությանը դիմել, խնդիրը չի լուծվել: Պատճառաբանում են, թե դուք կանգնում եք մեր խոտի վրա, խոտն եք փչացնում, կամ կանաչապատման աշխատանքներին եք խանգարում: Մոտ 3 ժամ կանգնել եմ այնտեղ, կանաչապատման աշխատանքներ չեն եղել»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց իրավաբան, «Հայաքվե» քաղաքացիական, օրենսդրական նախաձեռնության անդամ Արամ Պետրոսյանը:
Նա ասաց, որ համայնքապետարաններում խիստ զգուշացված է, որ չստորագրեն «Հայաքվեն». «Նույնիսկ մի տեղ ինֆորմացիա ունենք, որ հավաքարար են աշխատանքից ազատել, երեւի ուժերը հավաքարարի վրա է պատում»:
Էլեկտրոնային ստորագրություններով քվեարկելիս նույնպես խնդիրներ են առաջանում. «Մենք դատախազություն ենք դիմել, որ երկու համայնք մեզ մերժում են, այդ երկուսին միացել է նաեւ Սիսիան համայնքը, ասում է՝ տարածք չունենք, չնայած տեսանք, որ բոլոր համայնքներն էլ ասում էին տարածք չունենք, աղմուկ բարձրացրեցինք ու տվեցին: Սիսիան համայնքում շարունակում են չտրամադրել: Ահազանգերը շատ են, նույնիսկ Դիլիջանից ասել են, որ պատրաստ ենք ինքնակազմակերպվենք, գանք խմբերով, եթե տրանսպորտ տրամադրեք: Ներողություն ենք խնդրում մեր քաղաքացիներին Երեւանից դուրս, որ չենք կարողանում բոլոր համայնքներում կազմակերպել, բայց ուզում եմ հիշեցնել, որ սա քաղաքացիական նախաձեռնություն է, մեծ կուսակցություն չի ու հետեւում չկան մեծ ֆինանսներ, մենք ենք փորձում մեր ընկերների միջոցով կազմակերպել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ