«Հայաքվե» քաղաքացիական, օրենսդրական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն այսօր հրավիրած ասուլիսում, ամփոփելով «Հայաքվեի» իրականացման առաջին շաբաթը, անդրադարձավ նաեւ հակաքարոզչությանը «Հայաքվեի» դեմ. «Սկսվեց միանգամից կեղտոտ, սեւ, ամենանսեմ մեթոդներով քարոզչություն, որով աչքի է ընկնում այս իշխանությունը: Օրինակ, երեկ տեսա մի նկար, Նաիրի Հունանյանն է ու վրան գրված՝ սա է «Հայաքվեի» դեմքը: Ասենք, ես աշխատել եմ Վազգեն Սարգսյանի կառավարությունում, իմ հայրը աշխատել է ՊՆ-ում Վազգեն Սարգսյանի հետ, ո՞նց կարող է Նաիրի Հունանյանը լինել «Հայաքվեի» դեմքը, մե՛նք ենք «Հայաքվեի» դեմքը: Ու այն սրիկաները, որոնք ուզում են ցեխ շպրտել «Հայաքվեի» վրա, ես համոզված եմ, «Հայաքվեն» իրենց կշպրտի պատմության աղբանոցը: «Հայաքվեն» անկեղծ, ազնիվ հայ մարդիկ են, որոնք ուզում են հայրենիքը պաշտպանեն, իրենց բոլոր փորձերը կապել դա անցյալի հանցագործությունների հետ՝ ձախողված են»:
Նա նշեց, որ իշխանություններին մտահոգում է «Հայաքվեն», որովհետեւ այն մարդիկ են նախաձեռնել, որոնք նախկինում չեն եղել քաղաքականության մեջ, հիմա էլ փաստացի քաղաքականության մեջ չեն, սա քաղաքացիական հայտ է ու սա սարսափելի է իշխանության համար, որոնք փորձել են ամբողջ Հայաստանը բաժանել իրենց ու նախկինների մեջ. «Իրենց հնարած այդ ամբողջ սեւ-սպիտակի դիսկուրսը քանդվում է, պարզվում է կա նաեւ նարնջագույնը, դա մեր հայրենիքի գույնն է: Մենք մեր հայրենիքի պահանջով ենք եկել, որը փորձում են աղճատել: Երկրորդը՝ ամենաստանդարտ կեղծ բաներից մեկն է՝ գնացեք սահմանում կռվեք, ինչ եք եկել ստորագրություն հավաքում: «Հայաքվեի» անդամների զգալի մասը կա’մ կռվել եւ ընկերներ են կորցրել, կամ 44-օրյա պատերազմի ընթացքում եղել են Արցախում` որպես լրագրողներ, կամ առաջին արցախյան պատերազմում են կռվել, այս պատերազմի ժամանակ որդիներ են կորցրել, այստեղ մարդիկ են, որոնք պատերազմի բովով են անցել ու պետք չի պատերազմը ոչ երեսին տալ, ոչ էլ մտածել, որ ուզում են պատերազմ բերել: Այս մարդիկ միացել են նախաձեռնությանը, որովհետեւ հասկանում են, որ այս նախաձեռնությունն է Հայաստանին իրական խաղաղություն բերելու, որովհետեւ երբ դու գծում ես քո կարմիր գծերը, թշնամին սկսում է հաշվի նստել»:
Ըստ Չալաբյանի, մարդկանց ոգեւորությունը սարսափեցնում է այս իշխանություններին, որովհետեւ այս ընթացքում իրենք են փորձել վախի ու սարսափի մթնոլորտ ստեղծել երկրում. «Վախի եւ հուսահատության մթնոլորտն է, որը թույլ է տալիս Ադրբեջանին անընդհատ զիջումներ անել, տալ Գորիս-Կապան ճանապարհը, հետո զիջել Կապանի դիմացի սարը, հետո զիջել Իշխանասարը, հետո Ջերմուկի դիմացը… անընդհատ մարդկանց վախեցնել էս ձագին էլ տանք, հանկարծ աղվեսը մեր ծառը չկտրի»: Չալաբյանի խոսքով՝ սարսափած են ոչ միայն իշխանությունները, այլ նաեւ Բաքվում «նրանց տերերը», որովհետեւ ադրբեջանական կայքերը արդեն մեկը մյուսին հերթ չտալով անդրադառնում են «Հայաքվեին»՝ բառացի գրելով, որ «Հայաքվեն» հաջողության շանս չունի, որովհետեւ մեր գործընկեր Փաշինյանը մեծամասնություն ունի խորհրդարանում, դա կտապալի:
Չալաբյանը չի բացառում, որ նույնիսկ նոր պատերազմի պայմանավորվածություն ունեն իշխանությունները Ալիեւի հետ, մինչեւ «Հայաքվեն» էլ արդեն խոսակցություններ կային, որ Արցախում հատուկ գործողություններ են սկսվելու, հիմա երեւի մտածում են՝ «Հայաքվեն» լավ առիթ է՝ այս պատերազմն էլ ժողովրդի գրպանը գցելու, որովհետեւ էլ չեն կարող նախկինների գրպանը գցել կամ ընդդիմության, որը լուռ է այս օրերին. «Այսօր տառացիորեն մենք տեսել ենք, որ ադրբեջանական այսպես կոչված էկոակտիվիստները Փաշինյանին նամակ են գրել՝ պահանջելով դադարեցնել Հայաստանում բոլոր հանքարդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքը եւ իրենց հնարավորություն տալ այնտեղ ինսպեկցիա անել, պատկերացնո՞ւմ եք ինչ լկտիություն: Հիմա Փաշինյանը կասի, եկեք հրավիրենք, թե չէ պատերազմ կլինի, հետո կասեն՝ ամեն մեկդ ձեր տանը մի սենյակ տվեք ադրբեջանցիներին, հակառակ դեպքում պատերազմ կլինի, հետո կասեն՝ մյուս սենյակն էլ տվեք, դուք գնացեք Կրասնոդար, Գլենդել բան, այնտեղ խաղաղ է: Այդ պատերազմի թեմա գցելով շրջանառության դեմ՝ փորձում են մեր ողնաշարը ջարդեն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ