«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ընդամենը մեկ հարց պիտի տրվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը համառորեն չի տրվում. «Հարցը հետևյալն է. 2019-ին քո սեղանին դրվել է ԼՂ հակամարտության կարգավորման պլան՝ երեք համանախագահների անունից, որի էությունը հետևյալն է. դու հինգ շրջանը հետ ես տալիս, պահում ես ԼՂ-ն, Քելբաջարն ու Լաչինը՝ քո վերահսկողության ներքո, Քելբաջարի ու Լաչինի՝ ոչ միջանցքային մասը տալիս ես միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը համաձայնում է ԼՂ վերջնական կարգավիճակին: Այսինքն՝ բերվել էր փայլուն լուծում… Բայց դու անում ես 2 քայլ. խաբում ես ժողովրդին, ասում՝ սեղանին ոչ մի փաստաթուղթ չկա, և երկրորդ՝ ոչ միայն մերժում ես, այլև չես փորձում բանակցել այդ պլանը: Հիմա հարց՝ ինչո՞ւ»:
168.am-ը Լևոն Զուրաբյանի բարձրացրած հարցն ուղղել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանին՝ հետաքրքրվելով, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը և ինչու Նիկոլ Փաշինյանն այդ լուծմանը չի գնացել։
Ի պատասխան՝ Նազելի Բաղդասարյանն ասել է. «Դրա վերաբերյալ վարչապետը հերքում տվել է, որ չի եղել։ Սրանից ավելի՝ այլ բան չկա պատասխանելու»։
Իրականում Լևոն Զուրաբյանի վերոհիշյալ հարցը նախկինում տրվել է Հայաստանի իշխանություններին և առ այսօր որևէ ողջամիտ պատասխան չի եղել:
Կարդացեք նաև
Իսկ հարց տվողը Ռուսաստանի արտգործնախարարությունն է եղել: 2021 թվականի դեկտեմբերին ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել էր, որ կարգավորման պլանի վերջին տարբերակը Մինսկի խմբի համանախագահները կողմերին են փոխանցել 2019-ին։ Դրանով նախատեսվում էր առաջին փուլում Ադրբեջանին վերադարձնել հինգ շրջանները, երկրորդ փուլում՝ երկուսը՝ դա անպայմանորեն կապելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հետ։
«Պլանի այլ տարրերից էին՝ ԼՂ իրավունքների ճանաչում, որոնք կապահովեին բնակչության լիարժեք կենսագործունեությունը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցություն ԵԱՀԿ նիստերին, շրջափակման վերացում, սահմանների բացում, կողմերի կողմից ուժ չկիրառելու պարտավորության ընդունում, Լաչինի միջանցքի լայնության ու կարգավիճակի հարցի լուծում՝ հաշվի առնելով Ադրբեջանին Քելբաջարի և Լաչինի շրջանների վերադարձը։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, ապա մինչև 2020 թվականի աշունը բանակցությունների սեղանին առկա առաջարկները նախատեսում էին հետևյալը՝ Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վերջնական որոշում՝ համաժողովրդական քվեարկության միջոցով՝ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո, կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում։ Քվեարկությունը պետք է լիներ իրավական առումով պարտադիր՝ միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի համապատասխան, ընդ որում, քվեարկության դրվող հարցերի ձևակերպումները կամ հարցերը չէին սահմանափակվելու, և ցանկացած արդյունք պետք է հարգվեր կողմերի կողմից:
Փաստերը պերճախոս են՝ բաց են թողնվել խաղաղ կարգավորման բազմաթիվ հնարավորություններ, ընդ որում՝ ոչ Ռուսաստանի Դաշնության մեղքով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Հայաստանում միամիտ մարդ կա՞, ով կհավատար, թե Ադրբեջանը համաձայնելու էր թեկուզ այդ «փայլուն» պլանին։ Ինչի՞ պտի համաձայնվեր, երբ ակնհայտորեն ռազմական բալանսը խախտվել էր ի օգուտ իրենց։ Հետադարձ ռեժիմով կարելի ա բազմաթիվ հայտարարություններ անել ու աջ ու ձախ մեղադրանքներ շպրտել։ Ընդ որում, ասածս վերաբերվում ա անխտիր բոլոր ժամանակների իշխանություններին։ Բայց փաստերն ու իրականությունը դաժան են, անողոք, իսկ պատմությունն էլ կրավորական ժամանակաձև չի ընդունում։ Համենայն դեպս, ես խիստ կասկածում եմ, որ Ալիևը հանաձայնվելու էր էտ տարբերակին։ Պատերազմի թափանիվը շատ վաղուց էր միացել ու տարեց տարի թափ էր հավաքում։ Դա տեղի էր ունենում բոլորիս աչքի առաջ, բոլորս էլ գիտեինք, որ լինելու ա։ Բայց ի տարբերություն շարքային քաղաքացիների, իշխանությունները շատ ավելի լավ էին տեղեկացված ու շատ ավելի լավ էին պատկերացնում, թե ինչ հետևանքներ այն կարող էր ունենալ։ Պետք էր ընդամենը գոնե պատրաստվել էդ պատերազմին։ Այնինչ, գիտենք, թե ոնց էին պատրաստվում։