Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպման ժամանակ այդպես էլ որևէ շոշափելի առաջընթաց չգրանցվեց, իսկ հուլիսի 21- ին Բրյուսելում սպասվում է բանակցությունների հաջորդ փուլը՝ ԵՄ-ի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը: Հանդիպումներին զուգահեռ արդեն օրինաչափություն է դարձել այն, որ պարբերաբար խոսվում է հաշտության պայմանագրի մասին, թե այն շատ շուտով կարող է ստորագրվել, նույնիսկ կոնկրետ ժամկետներ են նշվում, բայց համաձայնությունն այդպես էլ չի կայանում: Օրինակ՝ բանակցություններից հետո ներկայացվող ուղերձներից ելնելով` մի պահ թվում էր, թե մինչև 2022 թվականի վերջը խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է, սակայն որևէ համաձայնագիր մինչ օրս չի ստորագրվում, չնայած հիմա էլ խոսվում է այն մասին, թե մինչև այս տարվա վերջ կարող է այն տեղի ունենալ։
Այնուամենայնիվ, մի կարևոր իրողություն պետք է արձանագրել, որ մինչ բանակցություններն ընթանում են, հայկական կողմը ժամանակի ընթացքում պարբերաբար ֆիքսում է իր դիրքերի զիջումը, ու այն ներկայացվում է նաև որպես հրապարակային դիրքորոշում: Դժվար չէ հիշել, թե ինչպես էր խորհրդարանի ամբիոնից Փաշինյանը համոզում, թե միջազգային հանրությունը հորդորում է, որ եթե հայկական կողմն Արցախի հարցում մի փոքր իջեցնի նշաձողը, ապա կարող են Հայաստանի ու Արցախի շուրջ կոնսոլիդացիա ապահովել: Բայց մինչ բանակցություններն ընթացքի մեջ էին, Փաշինյանը ոչ միայն իջեցրեց նշաձողը, այլև ընդհանրապես հրաժարվեց որևէ նշաձողից՝ բացահայտ հետ կանգնելով Արցախի ինքնորոշման իրավունքից ու ճանաչելով Արցախը որպես Ադրբեջանի մաս: Չնայած այն հանգամանքին, որ այսօր Արցախում Ադրբեջանի հանցագործ քայլերի արդյունքում խորանում է հումանիտար ճգնաժամը, ՀՀ իշխանությունների այս դիրքորոշումն արդեն ֆիքսվում է միջազգային հանրության կողմից: Դրա համար էլ միջնորդ երկրի ներկայացուցիչը, տվյալ դեպքում` ՀՀ- ում ԱՄՆ դեսպանը, չի բացառում, որ արցախահայերը կարող են գոյատևել Ադրբեջանի կազմում:
Փաստացի ունենք մի իրավիճակ, որ, բանակցություններին զուգահեռ, Հայաստանը միայն ու միայն զիջում է իր դիրքերը, իսկ այսպես շարունակվելու դեպքում խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել այն ժամանակ, երբ հայկական կողմն ամեն ինչ զիջած կլինի: Ցավալի է նաև այն, որ ՀՀ իշխանությունները բանակցային գործընթացի այսպիսի ընթացքը փորձում են ներկայացնել որպես միակ ելք, որն այլընտրանք չունի, և իրենք չեն շեղվելու խաղաղության օրակարգից: Ու հետպատերազմյան շրջանում շատերը, իրենց դժգոհությունը հայտնելով ստեղծված իրավիճակից, բողոքում էին (ու են), թե չեն արվում կոնկրետ այլ առաջարկներ, դրա համար էլ իշխանություններին հաջողվում է իրենց օրակարգն առաջ մղել: Ըստ այդմ, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը վերջերս կոնկրետ առաջարկներ ներկայացրեց: Խոսքը դիվանագետի մասին է, որը տևական ժամանակ ներգրավված է եղել բանակցային գործընթացում ու մանրամասն տեղյակ է բանակցային նուրբ դետալներից:
Փաշինյանն արդեն իրեն բանակցային ծուղակի մեջ է գցել, որից չի կարող դուրս գալ։ Իսկ նոր բանակցող ունենալու առավելությունների մասին շատ է խոսվել։ Թերևս բանակցային սեղանին հայկական կողմից նոր թիմի ներառման արդյունքում Հայաստանն ավելի ճկուն դիրքերից կարող է հանդես գալ՝ դուրս գալով Փաշինյանի ծուղակից:
Կարդացեք նաև
Այսինքն, քանի դեռ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել (լավ, այս կոնտեքստում ասենք՝ բանակցել), բանակցային գործընթացի ուղղության փոփոխություն կամ իրավիճակի շտկում չպետք է ակնկալել։
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում