Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետ Արսեն Գայթմազյանն ազատության մեջ է։ Մեր հարցին, թե ինչպես եղավ, որ անչափահաս մատուցողին դաժան ծեծի ենթարկած ոստիկանին ազատեցին, Քննչական կոմիտեն հայտնում է, որ մեղադրյալն ազատ է արձակվել ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշման հիման վրա։ Հիշեցնենք․ Դիլիջանի քրեականի պետ Արսեն Գայթմազյանը հունիսին հարբած վիճակում հարձակվել ու ծեծի էր ենթարկել «Հաղարծին» ռեստորանի 16-ամյա մատուցողին՝ այն բանից հետո, երբ վերջինս նրանից պահանջել է վճարել համարի դիմաց։
Քննչական կոմիտեն մայիսի 10-ին գործ հարուցեց ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածով՝ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը, ապա դադարեցրեց հետապնդումը՝ գործուն զղջալու վերաբերյալ Քր․օր․-ի հոդվածը կիրառելով։ Մեծ աղմուկից հետո միայն նրան որոշեցին մեղադրանք առաջադրել ու կալանավորել, սակայն վերաքննիչ բողոքը բավարարելով՝ դատավորը կրկին ազատ արձակեց սադիստ պաշտոնյային։ Նրա լիազորություններն ընդամենը ժամանակավոր կասեցվել են։
Ծեծված երիտասարդի փաստաբան Սասուն Ռաֆայելյանն արտառոց տեսակետ ունի տուժողի պաշտպանի համար։ Նա կարծում է, որ Վերաքննիչ դատարանն օբյեկտիվ որոշում է ընդունել, չի տրվել հանրային ճնշմանը։ «Եթե նայում ենք՝ դատախազությունն ու քննչականն իրենց գործողություններով արդեն վերացրել էին Արսեն Գայթմազյանին կալանավորելու հիմքերը։ Գործով քննություն էին արել, նրան տարել էին, բերել էին, մարդը հանդիպել էր գործով տուժողի հետ։ Նման պայմաններում մտավախություն ունենալ, որ մեղադրյալը կթաքնվի քննությունից կամ կխոչընդոտի քննությանը, տրամաբանական չէ։ Կալանավորումը չպետք է պարունակի պատժի տարրեր»,- ասում է նա։ Բայց թե ինչու է կալանավորումը պատժի տարրեր պարունակում մեծ թվով վաստակաշատ անձանց նկատմամբ, պարզ չէ: Ակնհայտ է, չէ՞, որ Մամիկոն Ասլանյանը, Միքայել Արզումանյանը, Գրիգորի Խաչատուրովը, Դավիթ Տոնոյանը, Արմեն Աշոտյանը եւ էլի շատ մարդիկ կալանավայրում են շատ ավելի փոքր հանցանքների համար, եւ նրանց բանտում պահում են` առանց դատարանի վճիռների, որպես պատիժ իրենց քաղաքական հայացքների համար:
Վերադառնանք Դիլիջանի սադիստ պետի արարքին: Այս ընթացքում, ըստ ծեծված երիտասարդի պաշտպան Սասուն Ռաֆայելյանի, միայն մեկ քննչական գործողություն է արվել․ դատահոգեբանական փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու, թե արդյոք տուժողին հոգեկան տառապանք պատճառվե՞լ է, թե՞ ոչ։ Գործով առերեսում չի արվել, որովհետեւ մեղադրյալն ընդունել է մեղքը։ Հնարավո՞ր է, որ Ձեր պաշտպանյալը չպնդի բողոքը։ «Ոչ, նա մինչեւ վերջ բողոքելու է»։
Կարդացեք նաև
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում