Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցման որոշ տվյալներ լավատեսություն են ներշնչում

Հուլիս 08,2023 10:00

«GALLUP International Association»-ը ներկայացնող հայկական MPG ընկերությունը հրապարակել է հունիսին անցկացված հերթական հեռախոսային հարցման արդյունքները:

Նախ՝ ընդհանուր նկատառում հայտնեմ նման հարցումների վերաբերյալ: Այն մարդիկ, ում այդ հարցումների արդյունքները դուր չեն գալիս, մշտապես բացականչում են՝ «չենք հավատում, սաղ սուտ է, բոլոր թվերը նկարած են»: Բայց պետք է հասկանալ, թե ինչի մասին կարող են վկայել այդ արդյունքները:

Հասարակական գիտություններում հնարավոր չէ խոսել գծային, միագիծ գործընթացների մասին՝ մենք գործ ունենք մարդկանց եւ մարդկանց խմբերի հետ, որոնց վարքը շատ դեպքերում անկանխատեսելի է եւ ոչ ռացիոնալ: Այստեղ կարելի է խոսել միայն հնարավոր սցենարների մասին: Այսինքն, եթե, օրինակ, նախագահական ընտրություններից առաջ հարցման համաձայն ստացվում է, որ մեկը 80 տոկոս ձայն է հավաքում, իսկ մյուսը՝ 20, դա չի նշանակում, որ կանխատեսվում է ընտրությունների հենց այսպիսի արդյունք: Դա ընդամենը նշանակում է, որ մեկի հաջողության հավանականությունը 80 է, իսկ մյուսինը՝ 20:

Իսկ հարցումների երկրորդ առանձնահատկությունն այն է, որ մեր նման երկրներում բոլորի նկատմամբ անվստահությունը մեծ է, եւ, հատկապես, երբ զանգում են հեռախոսով, մարդիկ կա՛մ հրաժարվում են խոսել, կա՛մ էլ, «տողատակեր» պարունակող հարցը լսելիս՝ գերադասում են «դժվարանում եմ պատասխանել» տարբերակը՝ շառից-փորձանքից հեռու:

Այդ վերապահումներով հանդերձ, հետաքրքիր է նախեւառաջ դիտարկել ոչ այնքան բացարձակ թվերը, որքան դինամիկան, մարդկանց տեսակետների փոփոխությունը որոշակի ժամանակահատվածի ընթացքում, տվյալ դեպքում՝ հունվարից հունիս: Այդ առումով ուշագրավ են երկու հարցերի պատասխանները:

Ովքե՞ր են մեղավոր Արցախում ստեղծված իրավիճակի համար: Հիշալ ամիսների ընթացքում խիստ նվազել են Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի տոկոսները, եւ 29 տոկոսից 35 տոկոս աճել է այն քաղաքացիների թիվը, որոնք կարծում են, որ մեղավոր են Հայաստանի իշխանությունները: Ո՞ր երկրից կարելի է ռազմաքաղաքական օգնություն ստանալ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում: Դարձյալ՝ բոլոր հնարավոր երկրներից ակնկալիքները էապես պակասել են, իսկ հարաբերական մեծամասնությունը (35,8 տոկոսը) պնդում է, որ «նման երկիր չկա»: Հունվարին այդ տոկոսը կազմում էր 8.7:

Հարցումը ցույց է տալիս, որ մեր քաղաքացիների ճնշող մեծամասությունը միանշանակ դեմ է Հայաստանի դրոշը, զինանշանը եւ օրհներգը փոխելուն: Կեսից ավելին՝ 56 տոկոսը, ընդհանրապես չի վստահում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովում Փաշինյանի ելույթներին: Եթե այդ տվյալները ճիշտ են, ապա դրանք որոշակի լավատեսություն են ներշնչում:

Ինչ մնում է Երեւանի ավագանու ընտրություններին, ապա այստեղ դեռեւս հստակություն չկա: Իշխանության թեկնածու Տիգրան Ավինյանը եւ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը մոտիկ արդյունքներ են ցույց տալիս՝ համապատասխանաբար 10.1 եւ 8.2 տոկոս: Սակայն Մարությանը դեռեւս չի հայտարարել իր մասնակցության մասին: Իսկ եթե հայտարարի, ապա ո՞ր ճամբարից է խաղալու, նույնպես պարզ չէ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Հարցման որոշ արդյունքներ, իմ կարծիքով, ցույց են տալիս, որ հեռու չեն նաև քաղաքացիական բախումները, քանի որ սրանք իշխանությունը խաղաղ չեն հանձնի:

  2. Nimar says:

    Յուրաքանչյուրը կհավատա նրան, ինչին ուզում է հավատալ։ Նույնիսկ բազմիցս խաբվելով սեփական ակնկալիքների մեջ: Մինչդեռ իրադարձությունները գնում են իրենց հունով՝ անկախ ակնկալիքներից ու
    հույսերից։ Որովհետև դրանք առաջանում են շատ ավելի արդյունավետ գործոնների հանրագումարի արդյունքում, այլ ոչ թե սպասումների ու հույսերի։
    Վերջիններս ավելի շատ համեմունք են, քան հիմնական ուտեստ:

  3. Լավատես says:

    Ուսումնասիրելով սեփական հաջողությունների եւ անհաջողությունների օրինաչափությունները եկա պարզ հետեւության. հաջողություն լինում է, երբ հաջողակների ջրերն ես ընկնում, իսկ անհաջողություն է լինում, երբ անհաջողակների ջրերն ես ընկնում: Ինչո՞վ են իրարից տարբերվում հաջողակներն անհաջողակներից. հաջողակները բարդույթավորված չեն, ինչպես անհաջողակները, հաջողակները խիստ սկզբունքային են եւ չեն դավաճանում իրենց սկզբունքներին, եթե նույնիսկ այդ սկզբունքներն իրենց են խփում, իսկ անհաջողակները պատեհապաշտ են, հաջողակները իրենց խոսքի տերն են, այսինքն՝ խոսքին միշտ հետեւում է գործը, հաջողակները ապրում են բանակային խիստ ռեժիմով, ամեն ինչ նախապես պլանավորված է, խանութ գնալուց էլ միշտ ցուցակով են գնում, որ ավելորդ գնումներ չկատարեն, կյանքի ութսուն հինգ տոկոսը նախապես ծրագրավորված է, իսկ մնացած նույնպես նախապես ծրագրավորված տասնհինգ տոկոսի մեջ մտնում է այն ամենը, ինչ նախապես ծրագրավորել հնարավոր չէ, այսինքն՝ պատահականությունը: Սա անհատ մարդկանց չի միայն վերաբերում, երբ ծնողը խստորեն հետեւում է հաջողության սկզբունքներին, նա նմանապես դաստիարակում է իր երեխաներին, հաջողակ համայնքները նմանապես դաստիարակում են իր կազմում գտնվող ընտանիքներին, հաջողակ պետությունները դաստիարակում են իրենց համայնքներին, հաջողակ վերպետական կառույցները դաստիարակում են իրենց մեջ մտնող պետություններին..
    Շատ կուզենայի, որ երեւանցիներն ընտրեին հաջողակ իշխանություն, ով Երեւանից Սինգապուր կդարձներ եւ հաջողակ երեւանցիներ կդաստիարակեր եւ սա տարածվեր մեր երկրով, այդ թվում՝ Արցախով, սփյուռքով եւ մեզ հետ բարեկամություն ցանկացող ժողովուրդների մեջ: Երեւանին սիրահարված երեւանցիներ, մեր ազգի հաջողությո՛ւնը երեւանցիների հաջողությո՛ւնն է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31