Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում, թե այսօր Ստեփանակերտում դատարկ տուն, բնակարան գտնվի»

Հուլիս 08,2023 14:30

Զրուցակցիս՝ Արցախի ժողովրդական գրող Վազգեն Օվյանի որդին՝ Վարդգես Օվյանը, նրա ընտանիքը, առողջական խնդիրներ ունեցող տարեց մայրը, քույրը, ընտանիքի մյուս անդամները Արցախում են, շրջափակման մեջ: Հրապարակագիր Վարդգես Օվյանին հարցնում եմ. «Հայաստանյան լրատվամիջոցներն անդրադառնում են Արցախին, շրջափակմանը, արդյոք նրանք կարողանո՞ւմ են իրավիճակը ճշգրիտ ներկայացնել» եւ այդ հարցից էլ սկսվում է մեր հեռավար հարցազրույցը:

– Հայաստանյան լրատվամիջոցներում, սոցիալական ցանցում տարբեր գրառումներից, զրույցներից, կարծիքներից ես հասկացել եմ, որ Արցախից դուրս գտնվող շատերն ընդհանրապես չգիտեն, նվազագույն պատկերացում չունեն, թե ինչ ասել է չորս կողմից շրջափակման մեջ գտնվող, պաշարված մի բուռ ժողովուրդ։ Շատերը հեռվից շարունակ դժգոհում են, թե արցախցիներն ինչո՞ւ են լռում, ինչո՞ւ մի բան չեն անում։

Բայց ի՞նչ կարող են անել մարդիկ, որոնք բացի ինչ-որ կերպ իրենց ֆիզիկական գոյությունը պաշտպանող ռուս խաղաղապահներից, ոչ մի այլ պաշտպան կամ աջակից չունեն։ Ասում են` ինչո՞ւ եք Արայիկին պահում։ Հազար անգամ ասում ենք` խնդիրն Արայիկը չէ, նրանից վաղուց ոչինչ կախված չէ։ Բացատրում ենք` Արցախը ծախողը, մեր ու ձեր ամենամեծ թշնամին ձեր մեջ է, որին ընտրել ու վերընտրել եք, բայց հասկացողը լռում է, իսկ չհասկացողը, իրեն կամ դիմացինին հիմարի տեղ դնողը` հաջորդ օրը նույնն է կրկնում։

– Ինչպե՞ս են անցնում շրջափակման երկուհարյուր եւ ավելի օրերը:

– Արցախը շարունակում է շրջափակված, պաշարված մնալ Հայաստանի իշխանությունների բարեկամ երկրի կողմից։ Սակայն բազում դժվարություններով, արցախցիների հանդեպ անմարդկային դաժանություններով հանդերձ, այստեղ կյանքը շարունակվում է։ Երեխաներ են լույս աշխարհ գալիս, մարդիկ են մահանում, բարձր դասարանցիները քննություններ են հանձնում, երիտասարդները սիրահարվում են, ժամադրվում, նոր ընտանիքներ կազմում…

Դրսում երեխաների աշխույժ, ուրախ ճռվողյուն է, ամառային արձակուրդներ են։ Ամեն ինչ ընթանում է բնական հունով, ինչպես աշխարհի շատ նորմալ երկրներում։ Բայց, այնուամենայնիվ, ինչ-որ բան այն չէ։ Ինչպես Մայն Ռիդի հանրահայտ վեպում, երբ սովորական, պայծառ, գեղեցիկ օր է, բայց խաղաղ ու հանգիստ իր սովորական օրն անցկացնող եղջերուն ապշած նկատում է, որ դիմացը, քիչ հեռվում երեւացող ձիավորը գլուխ չունի։ Մոտավորապես նույն զգացողությունն է այստեղ` Արցախում. արտաքուստ ամեն ինչ նորմալ է, կյանքը կարծես թե ընթանում է իր սովորական հունով, բայց մարդիկ գիտեն ու տեսնում են վերեւում կախված «դամոկլյան սուրը»…

Ինչպես գիտեք, նախ, Հայաստանից եկող էլեկտրական հոսանքն անջատեցին, հետո գազը, հետո բնապահպանների անվան տակ պետական մակարդակով Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող ճանապարհը փակեցին, ապա անցակետ տեղադրեցին ու արգելեցին ցանկացած շարժ դեպի արտաքին աշխարհ…

– Այս պայմաններում տարբեր մթերքների, առաջին անհրաժեշտության ապրանքների խնդիրն օրեցօր ավելի սուր է դառնում, Արցախի իշխանությունները վառելիքի, մթերքների, որոշ օբյեկտների գործունեությանը վերաբերող սահմանափակումներ են արել։ Արդյոք, ըմբռնումո՞վ են այս սահմանափակումներին վերաբերվում արցախցիները:

– Պարզ է, որ դրանք միանշանակ չեն ընդունվում ու ընկալվում, որովհետեւ դրանով, օրինակ, բար ու ռեստորաններում աշխատող մարդկանց աշխատավարձ, գումար ստանալու հնարավորությունն են փակում, բայց ստեղծված արտակարգ, իրականում պատերազմական իրավիճակում, երբ մի քանի օր առաջ թշնամին չորս օջախում տան ճրագներ է հանգցրել, շատերը հասկանում են կատարվող սահմանափակումների անհրաժեշտությունը։

– Արցախը մշտապես հայտնի էր իր գյուղմթերքների առատությամբ, հիմա կարծես պատկերը այլ է: Ինչո՞ւ:

– Առավել եւս վրդովեցուցիչ է, որ ագրարային երկիր Արցախում անգամ գյուղատնտեսական մթերքների դեֆիցիտ է։ Երեք տասնամյակ շարունակ գյուղի ու գյուղատնտեսության հետ կապ չունեցող իրենց ծանոթ-բարեկամներին գյուղնախարար են նշանակել, հսկայական գումարներ են դուրս գրել, իբր կարեւորագույն ծրագրեր են իրականացրել։ Եվ այսօր, ցավոք, բոլորս, հատկապես շարքային արցախցիներն են հնձում այդ նախարարների ցանածը։ Երբ գյուղնախարար էին նշանակում մեկին, որը ցուլը կովից չէր տարբերում եւ հարցնում է, թե երբ է ցուլը ծնելու, պարզ է, որ արդյունքը սա է լինելու…

– Այդ պակասը հաղթահարելու համար նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը կտրոնների համակարգ ներդրեց, որը գործում է նաեւ հիմա: Կա՞ խտրականություն տրամադրման հետ կապված…

– Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարար աշխատելու ժամանակ կտրոնային սիստեմ էր մտցվել։ Մի որոշ ժամանակ այն նորմալ գործում էր։ Նոր պետնախարարի օրոք կտրոնային համակարգն աստիճանաբար վերացվեց, որովհետեւ քիչ չէին լինում դեպքեր, երբ բավականին կտրոններ կային մարդկանց մոտ, բայց տվյալ ապրանքներն արդեն չկային, սպառված էին։

– Փոխվե՞լ է վերաբերմունքը նախկին պետնախարարի նկատմամբ:

– Ռուբեն Վարդանյանի հանդեպ արցախցիների վերաբերմունքը հիմնականում նույնն է մնացել` մարդկանց ստվար մասը հավատում, հարգում է նրան եւ հույսեր է կապում միայն նրա հետ։ Անգամ, երբ պետական պաշտոն չունի, Վարդանյանի՝ Արցախում գտնվելը ոգեւորում ու հավատ է ներշնչում հազարավոր արցախցիների։ Բայց, փաստը մնում է փաստ, որ պետնախարարի պաշտոնում նա երիցս, բազմիցս ավելի մեծ հնարավորություն ուներ Արցախին օգնելու, քան՝ հիմա։ Չնայած այսօր էլ նա միակ հայտնի հասարակական, քաղաքական գործիչը, հանրային դեմքն է, որ կոնկրետ գործ է անում` երկիրն այս ծանրագույն վիճակից հանելու համար։ Ի դեպ, ես այդպես էլ չեմ հասկանում այն հայաստանցիներին, ովքեր Արցախի ու նաեւ իրենց սեփական երկրի համար բացարձակապես ոչինչ չանելով, առիթը բաց չեն թողնում Վարդանյանին զրպարտելու, վրան վայրահաչելու համար…

– Վարդգես, շատերն ուզում են օգնել, բայց շրջափակումն է խանգարում, այն, որ կես տարուց ավելի է՝ «մեր ոտքը կտրել են» Արցախից…

– Արցախին խոսքերով, ճառերով, ժամկետանց խորհուրդներով օգնողների պակաս չկա։ Բայց, բարեբախտաբար, կան մարդիկ, որոնք կոնկրետ գործով են օգնում ոչ միայն թշնամու պատճառով ծանրագույն վիճակում գտնվող իրենց հսյրենակիցներին։ Մեր ժամանակների մեծ գիտնական, քաղաքական բազմաթիվ հոդվածների, եզակի աշխատությունների հեղինակ, հրաշալի մարդ ու քաղաքացի, պրոֆեսոր, ամերիկաբնակ թոշակառու Արա Հարությունյանն իր ձեռքով կազմած, ձեւավորած «Քաղաքագիտության հիմունքներ» գիրքն իր միջոցներով տպագրել է Երեւանում, իր ընկերուհի Մերիի միջոցով վաճառել` նախապես հայտարարելով, որ բարեգործական նպատակով է, եւ ողջ գումարն ուղարկվելու է Արցախի բազմաերեխատեր ու առավել կարիքավոր ընտանիքների:

Ու այդ հավաքված մեկ միլիոն դրամը մեծ գիտնականի արցախցի ընկերների միջոցով հանձնվէլ է 20 կարիքավոր ընտանիքի։ Իսկ ահա շրջափակված Արցախում, այս ծանրագույն վիճակում, երբ կան ընտանիքներ, որոնք օրվա հաց ու փող չունեն, տեղի ֆինանսների նախկին նախարար Սպարտակ Թեւոսյանին պատկանող «Կաշտան» օբյեկտից երեկոները պարբերաբար քեֆ ու խնջույքի սեղաններից բարձրախոսով ռաբիս ոռնոց է հնչում` խախտելով հարյուրավոր ընտանիքների անդորրն ու հանգիստը։ Կարծես թքելիս լինեն բազմաթիվ այն մարդկանց վրա, որոնց երեխաները սոված պիտի քնեն:

– Հավանաբար տեղյակ ես, Հայաստանում իրավաբանների «ՀայաՔվե» նախաձեռնության մասին: Այն քրեական պատասխանատվության հարց է բարձրացնում նրանց նկատմամբ, ովքեր կհրաժարվեն Արցախից եւ Հայոց ցեղասպանությունից: Կա՞ն սպասելիքներ այդտեղ:

– Չէի ասի, թե Արցախում ինչ-որ սպասելիքներ ունեն կամ որեւէ հույս են կապում «ՀայաՔվեի» հետ։ Համենայնդեպս, իմ շրջապատում, ծանոթներիս մեջ նման բան չեմ նկատել։

Անկեղծ ասած, անձամբ ես էլ որեւէ սպասելիք չունեմ։ Ինձ թվում է, որ սա եւս Գորդյան հանգույցը լուծելու հերթական հայաստանյան ձեւն է, երբ Մակեդոնացու պես թրի մի հարվածով հարց լուծելու փոխարեն՝ որոշում են իրար գլխի հավաքված, քննարկելով, ճառեր ասելով, քանդեն իրենց մեղքով խճճված «հանգույցը»։ Սահմանադրություն, սահմանադրական ճանապարհով… Երբ երկրի ղեկավարի աթոռին նստածն անգամ բարձրագույն կրթություն չունի, գրեթե ամեն օր կոխկրտում է Սահմանադրությունը, էլ ի՞նչ սահմանադրական ճանապարհ…

– Պատերազմից հետո շատ ընտանիքներ կիսվեցին, մի մասը դեռեւս Հայաստանում էր, սպասում էր կարգավիճակի հարցի ճշտմանը, մի մասը՝ բուժման եւ այլ նպատակներով: Շրջափակման պատճառով, ընտանիքները դեռ բաժան են:

– Բնական է, երբ ստեղծված այս ծանր վիճակում ոմանք կարողացել են ինչ-որ ձեւով հեռանալ Արցախից։ Մարդիկ տարբեր են։ Բայց, ընդհանուր առմամբ, արցախցիները միշտ աչքի են ընկել իրենց կոշտ բնավորությամբ, համառությամբ, հաստատակամությամբ։ Ի դեպ, միայն վերջին տարիներին երեւանաբնակ պատմաբան ընկերոջիցս եմ իմացել, որ Սարդարապատի ճակատամարտին մասնակցող շուրջ վեց հազար հայ զինվորների կեսից ավելին արցախցի կամավորականներն են եղել։ Նրանց մասին, նրանց խիզախության մասին մինչ այդ գիտեի նաեւ մարշալ Բաղրամյանի հուշերից, բայց չգիտեի, որ հայ մարտիկների մեծ մասը նրանք են եղել։ Երբ կարճ ժամանակում խորհրդային տարիներին լրիվ հայաթափվել է Ադրբեջանից կտրված Նախիջեւանը, ադրբեջանական բնակավայրերով չորս կողմից շրջափակված Արցախը խորհրդային վեց տասնամյակում շարունակել է հայեցի ապրել ու գոյություն ունենալ` չնայած Բաքվի իշխանությունների բոլոր ջանքերին` հայաթափելու ԼՂ ինքնավար մարզը։

Չեմ կարծում, թե այսօր Ստեփանակերտում դատարկ տուն, բնակարան գտնվի, չնայած Արցախի շրջափակումից հետո շատ արցախցիներ մնացել էին Հայաստանում։ Նրանց գերակշիռ մասը վերադարձել են` ռուս խաղաղապահների, Կարմիր խաչի օգնությամբ, ոմանք էլ` անտառներով, թշնամու կողմից վերահսկվող տարածքներով` վտանգելով իրենց կյանքը։

– Որքան տեղյակ եմ, քո բարեկամներից մեկն էլ սրտի վիրահատությունից հետո չէր կարողանում Հայաստանից վերադառնալ: Վերադարձա՞վ:

– Բարեկամս, այո, Բերձորում ադրբեջանական անցակետ տեղադրելուց, ճանապարհը լրիվ փակվելուց առաջ մեկնել էր Երեւան, մի ողջ ամիս ստիպված էր մնալ Գորիսում` մինչեւ կարողացավ հետ գալ։ Առողջական խնդիրներ ուներ, մի անգամ արդեն սիրտը վիրահատել են։ Ստեփանակերտում բուժստուգումներից հետո պարզվել էր, որ վիճակը լուրջ է, վիրահատության անհրաժեշտություն կա։ Բժիշկները միանշանակ խորհուրդ տվեցին, առաջարկեցին մեկնել Երեւան։ Հարցնում եմ` մի ողջ ամիս Գորիսում էիր, ինչո՞ւ այնտեղ չստուգվեցիր, ինչո՞ւ չգնացիր Երեւան` այնտեղ հետազոտվելու։ Պատասխանում է` ի՞նչ ես ասում, օր ու ժամ էի հաշվում, որ վերադառնամ հայրենի գյուղ։

Կրկնակի շրջափակման մեջ` Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն գյուղում ապրող ազգականս ադրբեջանական փակ անցակետի պատճառով մի ամիս մնացել էր Գորիսում, կինը միայնակ Հին Շենում էր, իսկ միակ զավակը ծառայում է մեր զինված ուժերում` հայրենի գյուղից Շուշիի հատվածով ադրբեջանցիների փակած ճանապարհի այս կողմում։ Մի փոքրիկ ընտանիք մի ամսից ավելի երեք տարբեր տեղ էին ապրում։ Ամուսինը միայն վերջերս կարողացավ հայրենի գյուղ գալ եւ մարդ ու կին մի շաբաթ առաջ հնարավորություն ստացան հանդիպել իրենց զավակին, որին վերջին անգամ յոթ ամիս առաջ էին տեսել։

– Վարդգես, սոցիալական ցանցերում հաճախ են արցախցիները կատակներ տարածում, գեղեցիկ պատումներով ոգեւորում շատերին:

– Շրջափակման 200-ից ավելի օրերը լի են տխուր ու դառը, երբեմն էլ զվարճալի պատմություններով ու դրվագներով։

Քույրս է մի քանի օր առաջ ականատես եղել ու պատմել։ Իր երկու զավակների հետ մի երիտասարդ էր անցնում հարեւան շենքի մոտով։ Տղաներից մեկը կլիներ մոտ 5 տարեկան, մյուսը երեւի երկու տարով փոքր կլիներ։ Հինգհարկանի շենքի պատուհաններից մեկից մի տղամարդ, որ թերեւս նրա ընկերն էր, բարեկամը կամ ծանոթը, ձայն տվեց երիտասարդին ու ասաց` «Մի րոպե սպասիր, սա երեխեքի համար է»:

Չէ, պետք չէ, շնորհակալություն` ասաց երիտասարդը, բայց տղամարդն ուշադրություն չդարձրեց. «Նետում եմ, բռնիր»։ Եվ ձեռքի փոքրիկ կապոցը նետեց ներքեւ։ Նկատելով, որ թափանցիկ ցելոֆանե տոպրակում մրգեր ու կոնֆետներ են, ավագ որդու աչքերն ուրախությունից շողացին, իսկ փոքրիկն այնպիսի ուրախ ճիչ արձակեց, կարծես աշխարհի ամենաթանկ գանձն են նվիրել իրենց…

Փոքրիկ այլ պատմություններ շրջափակված Արցախից։

Ինչ-որ մթերքի հերթ է։ Ոմանք հանգիստ սպասում են, ոմանք զրուցում, ոմանք հոգնած, նյարդայնացած սպասում իրենց հերթին։ Հղի մի կնոջ անհերթ բաց թողեցին։ Մինչ այդ մի այլ հղի կնոջ էլ էին անհերթ բաց թողել, բայց հերթում կանգնած մեկի ջղերը տեղի տվեցին, զայրացած մրթմրթաց. «Սա հինչ պենա, իրենց տներումը հինչքան բերեմեննի կա, ղարկում ըն ստեղ…»։ Աշխույժ քրքիջ բարձրացավ` այ տնաշեն, քո կարծիքով մի տանը քանի՞ բերեմեննի կարող է լինել…

Մի այլ հերթում երիտասարդ մի կին եկավ ու փորձեց առաջ շարժվել, վերջում կանգնածներն անմիջապես դժգոհեցին` «ո՞ւր ես գնում, եկ հերթ բռնիր»։

«Ես շուտվանից ըմ հերթ փռնալ։ Մին քանի րոպեավ տոն ըմ քեցալ»` պատասխանեց։ Վրա տվեցին` ինչո՞ւ գնացիր, մեզնից ինչո՞վ ես ավել, հերթում սպասեիր…

«Տանը կուճուր խոխա օնիմ, պահող չկա, քեցալ ըմ, վեր կերակրիմ….»,- ասաց եւ անզորությունից սկսեց լացել։ Ծանր լռություն տիրեց։ Առջեւից լսվեց մի քանի ձայն` ճիշտ է ասում, ինքը հերթում եղել է, իրեն տեսել ենք… Ու երիտասարդ կնոջը ճանապարհ տվեցին…

Ահա այսպես, ուրախ ու տխուր, ստեղծված ծանր ու դաժան պայմաններում Արցախը շարունակում է ապրել։

Երեկվանից մինչեւ 18 տարին լրացած արցախցիներին շնչին կես լիտր ձեթ, կես կգ շաքարավազ են տալիս` պարտադիր ծննդյան վկայականով կամ անձնագրով եւ սոցիալական քարտով։ Դրանք ստացող ծնողները նույնպես պետք է ներկայանան նշված փաստաթղթերով։ Սա է մերօրյա Արցախը։

Հարցազրույցը վարեց

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
08.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31