Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Գրիգորյանի հիշատակի պուրակն ու հուշաղբյուրը նրա չապրած կյանքի խորհուրդն է

Հուլիս 08,2023 13:00

Պատերազմի ամենածանր պահերին, երբ որոշ վարորդներ հրաժարվել են ռազմամթերք, սնունդ, դեղորայք հասցնել առաջնագիծ, Արան անվարան, բազմաթիվ ուղերթերից ուժասպառ, հանձն է առել բեռների տեղափոխումը, որից մեկը ճակատագրական է եղել նրա համար…

Արան զոհվել է Ջրականի մատույցներում, նորահարս կնոջը` Վարսիկին թողնելով ձեռքը` ծոցում, ծնողներին` վշտից բեկված, հարազատներին` անմխիթար ու անսփոփ, գյուղին եւ գյուղացիներին` ափսոսանքի մրմունջներով: Բայց, ինչպես նշեց դասղեկ Գայանե Ղազարյանը, Արային նվիրված նորաբաց հուշաղբյուրն ու հիշատակի պուրակը կդառնա նրան խոնարհվելու, նրա հիշատակը խնկարկելու մի վայր, որտեղից խիզախումի եւ սխրանքի անվերջանալի դասեր կսերտեն դպրոցականները, համագյուղացիներն ու սերունդները:

Արա Տարսեիչի Գրիգորյանը ծնվել է 1984 թ. հուլիսի 26-ին: Սովորել է Բռնակոթի միջնակարգ դպրոցում: 2002-ին զորակոչվել է հայոց բանակ, ծառայել «Եղնիկներ» զորամասում` Կարեն Ջիլավյանի (Քյոխ) հրամանատարության ներքո: Զորացրվելուց հետո սովորել է Սիսիանի պետական քոլեջում, ապա` ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում: Ուսումն ավարտելուց հետո պայմանագրային ծառայության է անցել Սիսիանի զորամասում: Նոր էր ընտանիք կազմել, եւ դեռ ընտանեկան կյանքի քաղցրությունը չվայելած` պիտի վերջակետվեր երազանքների, նպատակների, ցանկությունների կենսապատումը` դառնալով հուշ, հիշողություն, պատից ժպտացող նկար, գիրք, Սիսիանի պանթեոնի հուշաքար եւ հավերժումի հուշաղբյուր…

Հիշատակի պուրակի բացմանը Բռնակոթի դպրոցի աշակերտների կողմից հնչեցին Արային եւ մերօրյա ու ոչ հեռու անցյալի մեր բոլոր նահատակներին նվիրված սրտառուչ խոսքեր, երգեր, բանաստեղծություններ, ինչը նահատակին արժանի նախանձախնդրությամբ պատրաստել էր դպրոցի կազմակերպիչ Արուս Գրիգորյանը: «Նախորդ եւ 44-օրյա պատերազմների ժամանակ Բռնակոթը հայրենիքի պաշտպանությանը տվել է 29 զոհ, որից 16-ը` միայն 44-օրյայի ժամանակ: Եվ այս միջոցառումը մենք նվիրում ենք ոչ միայն Արային, այլեւ` ոգեկոչում մեր բոլոր նահատակներին, իսկ Արայի հիշատակի պուրակը եւ հուշաղբյուրը հայրենյաց բոլոր նահատակների մշտավառ հուշապատումն է»,-ասաց Արուս Գրիգորյանը:

Արևհատ ԱՄԻՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31