Թբիլիսիի Զ. Փալիաշվիլիի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում հունիսի 28-ից հուլիսի 9-ը անցկացվում է «Համաշխարհային բալետի աստղերը Թբիլիսիում» միջազգային փառատոնը։ 2017 թվականից 4-րդ անգամ անցկացվող այս փառատոնի գեղարվեստական ղեկավարն է աշխարհահռչակ բալետի արտիստ, Թբիլիսիի օպերայի եւ բալետի թատրոնի բալետային խմբի ղեկավար Նինո Անանիաշվիլին։
Թբիլիսի ժամանած բալետի աստղաբույլում էին Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարողներ Մերի Հովհաննիսյանն ու Ռուբեն Մուրադյանը։ Նշենք, որ արտասահմանյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում գտնվող այս միջոցառման մասին տեղեկանում ենք, որ փառատոնի շրջանակներում ներկայացումներից, գալա համերգներից բացի, տեղի են ունենում նաեւ հանդիպումներ աշխարհահռչակ աստղերի հետ, վարպետության դասեր եւ բազմազան այլ ծրագրեր։ Փառատոնին հրավիրված է շուրջ 10 երկիր, 100-ից ավելի մասնակիցներ։
Մեզ հետ զրույցում Ռուբեն Մուրադյանը հայտնեց, որ փառատոնային երեկոներից մեկում Փալիաշվիլիի անվան օպերայի եւ բալետի թատրոնում Մերի Հովհաննիսյանն ու ինքը ներկայացրել են հատված Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետից (բեմադրող ռեժիսոր, խորեոգրաֆ՝ Վիլեն Գալստյան), որն արժանացել է հանդիսատեսի բարձր գնահատանքին, ժպտալով էլ հավելեց, թե իրենց ելույթը ուղեկցվում էր չդադարող ծափերով։ Իսկ Թբիլիսիի օպերային թատրոնի նվագախմբի դիրիժորական վահանակի մոտ էր մաեստրո Կարեն Դուրգարյանը։ Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ մաեստրո Դուրգարյանի բարձրարվեստ ղեկավարությամբ է անցել նաեւ Գ. Լեւենսկոլդի «Սիլֆիդա» բալետից հատվածը՝ Բեռլինի պետական բալետի մենապարուհի Լիզա Ավսաջանիշվիլիի եւ Վրաստանի պետական բալետի մենապարող Էֆե Բուրակի կատարմամբ։
«Վրացական մամուլը, այդ թվում՝ հանրային TV-ն, AGENDA.GE-ն, ներկայացնելով «Դիմակահանդես»-ից համարը, անդրադարձել էին նաեւ այս տարի աշխարհում նշվող մեծանուն Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյա հոբելյանին։ Այս պահին փակագծեր չբացեմ, բայց քանի որ Հայաստանից դուրս առաջին անգամ էր ներկայացվում հիշյալ բալետից հատվածը, փառատոնին մասնակից, առանց չափազանցության՝ բոլոր աստղերը, ինչպես նաեւ տնօրեններ ու մենեջերներ, ցանկություն հայտնեցին այդ ներկայացումը դիտել ամբողջությամբ եւ, ինչու ոչ՝ այն բեմադրել նաեւ իրենց թատրոններում։ Սա միակ ցանկությունը չէր. նրանք հետաքրքրվում էին նաեւ մեր թատրոնի խաղացանկով, բալետային խմբով։ Իհարկե, ձեռք բերվեցին նախնական պայմանավորվածություններ։ Այս պահին միայն կարող եմ հույս հայտնել, որ դրանց մի մասը առաջիկայում կիրականացվի»,- ասաց Ռուբեն Մուրադյանը։
Կարդացեք նաև
Մերի Հովհաննիսյանն էլ, որի մոտ դեռեւս փառատոնային տրամադրություն էր, նշեց, որ հյուրերի թվում են եղել այնպիսի աստղեր, ինչպիսիք են Անխել Կորելան, Ալեքսանդրա Սերին եւ մյուսներ, առանձնացրեց հատկապես հռչակավոր Մարսելո Գոմեսին։ Նաեւ անկեղծացավ. «Կատարվել է երազանքս. ներկա եմ գտնվել Գոմեսի վարած վարպետության դասին, որի ընթացքում նրա ուշադրությունը սեւեռված էր ինձ…»։
Կարելի է ենթադրել, թե փառատոնային օրերին ինչ ոգեւորություն է տիրում Թբիլիսիում։ Իսկ ինչո՞ւ նույն տրամադրությամբ չապրենք նաեւ մենք, մեր հանդիսատեսը։ Քանիցս հնչեցրել, հիմա էլ հիշեցնում ենք՝ ինչո՞ւ Երեւանում էլ չանցկացվի բալետի միջազգային փառատոն, հատկապես որ ունենք հիանալի դպրոց եւ, ինչպես ժամանակին մեզ հետ զրույցում աշխարհահռչակ Բորիս Էյֆմանն է ասել՝ «ձեզ հայտնի՞ է, որ բալետի հայ արտիստները վաղուց զարդարում են արեւմտյան բեմերը…»։ Գուցե այդ օրն էլ հեռու չէ, պարզապես պետք է ԿԳՄՍ նախարարությունը, Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնը, Պարարվեստի պետական քոլեջը մտածեն այդ մասին։
Մի բան էլ. ինչպես տեղեկացրել էինք («Առավոտ», 21.03.2023), Թբիլիսիի ու Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնների համագործակցության մեկնարկը տրված է։ Հայ-վրացական մշակութային կապերի խորացման համատեքստում Նինո Անանիաշվիլիի ու Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանի համատեղ նախաձեռնությունների հեռանկարների շրջանակում առաջին քայլն էլ արված է. գարնանը մեր թատրոնի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը Թբիլիսիում Մինկուսի «Դոն Կիխոտ» ներկայացման մեջ հանդես եկավ Բազելի դերապարով։ Երեւանի թատրոնի PR բաժնից էլ հայտնեցին, որ օրերս սպասվում է վրաց գործընկերների այցը թատրոն՝ մեզ մոտ Չայկովսկու «Կարապի լիճը» բալետի բեմադրական աշխատանքները սկսելու նպատակով, որի աշխատանքները ղեկավարելու է Նինո Անանիաշվիլին։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Թբիլիսիում արված լուսանկարները տրամադրել է Երեւանի օպերային թատրոնի PR բաժինը։
«Առավոտ» օրաթերթ
07.07.2023