Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինծառայությունում, ԱԱԾ-ում չպետք է թույլ տանք, որ մարդիկ խաղամոլությամբ տառապեն, դա հիմք պետք է լինի, որ նրանց աշխատանքից ազատեն». Պապոյան

Հուլիս 07,2023 18:04

Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի եւ Հասմիկ Հակոբյանի հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Հիշեցնենք, որ օրենսդրական վերջին կարգավորումներով, Հայաստանում ինտերնետային շահումով խաղերից մարդիկ կարող էին օգտվել բացառապես անկանխիկ տարբերակով` բանկային եւ քարտային հաշիվներով, որովհետեւ արգելվել է տոտալիզատորների մասնակիցների հաշիվներին միջոցներ մուտքագրել կամ ելքագրել կանխիկ եղանակով։ Դրանով նպատակ ունեին վերահսկողություն սահմանել:

Բայց այսօր Գեւորգ Պապոյանն ասաց. «Մեր օրերում խաղամոլության տարածումը շարունակվում է, եւ խաղամոլությամբ տարված մարդիկ անընդհատ ինչ-որ նոր եղանակներ են փնտրում՝ խաղալու համար: Նախորդ օրենսդրական կարգավորումներից մեկով մենք մտցրել էինք, որ պետք է անկանխիկ լինի, որով կապահովվեր որոշակի թափանցիկություն գործընթացների համար, սակայն պարզվել է, որ որոշակի խեղաթյուրումներ կան: Ինչ է ստացվում՝ պետությունից նպաստ ստացող մարդը չպետք է խաղա, որովհետեւ պետությունը 25 հազար դրամ է տալիս, բայց տալիս է երեխաների համար պարենային ապրանքներ գնելու, ոչ թե գնա ու խաղա: Անկանխիկ եղանակով էլ կանխիկ գումարը կարող են գցել ուրիշի քարտի հաշվին, երրորդ անձը գնա եւ խաղա»:

Ըստ Պապոյանի, եթե տեսնեն, որ մարդը խաղում է խաղատանը, դա հիմք կարող է լինել, որ նրան աշխատանքից ազատեն, մասնավոր ոլորտը այդպես էլ անում է. «Սա պետության համար կարեւոր է: Պատկերացրեք, այս ոլորտները՝ զինվորական ծառայություն, անվտանգության ծառայություն, այս ոլորտներում մենք չպետք է թույլ տանք, որ մարդիկ խաղամոլությամբ տառապեն եւ դա հիմք պետք է լինի, որ նրանց հետ աշխատանքային պայմանագրերը խզվեն: Կա խաղային հաշիվ եւ կա բանկային քարտային հաշիվ եւ կա մի հատ ID քարտ: Մենք ասում ենք, որ այդ տվյալները պետք է նույնական լինեն, օրինակ, ես կարող եմ խաղալ միայն իմ անունով բացված բանկային հաշվով ու խաղային հաշվով»:

Ըստ նախագծի հեղինակների, նման կարգավորումներով առավել արդյունավետ կլինի պայքարը խաղամոլության դեմ:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31