Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենք իշխանության են եկել Հայաստանը նորմալ, ինստիտուցիոնալ ռելսերի վրա դրված պետություն դարձնելու հանձնարարականով. Իոաննիսյան

Հուլիս 07,2023 17:40

Սահմանադրական բարեփոխումների գործընթացը հնարավոր չէ իրականացնել փակ խմբում, դրա համար խիստ անհրաժեշտություն են լայն քննարկումները: Այս մասին այսօր «Մեդիա» կենտրոնում կայացած «Ի՞նչ փուլում են սահմանադրական բարեփոխումները» թեմայով քննարկմանն ասաց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու՞ է ձգձգվում սահմանադրական փոփոխությունների գործընթացը:

Հիշեցնենք, որ գործող Սահմանադրության փոփոխությունները հայեցակարգի տեսքով դեռ հանրությանը չեն ներկայացվել, թեպետ նախատեսվում էր 2022թ. տարեվերջին ներկայացնել: Օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարեց, որ հիմա էլ այս տարեվերջին կներկայացնեն:

«Շատ դժվար է ակնկալել ինտենսիվ տեմպ, որովհետև օբյեկտիվ պատճառներով՝ հանրային ուշադրությունը սահմանադրական բարեփոխումների վրա չի ստացվում հրավիրել, հանրային ուշադրությունը անվտանգության և մի շարք այլ խնդիրների վրա է, բայց ես պետք է ասեմ, որ հետաքրքրություն չկա նաև իշխանության կողմից և դա արդեն օբյեկտիվ հիմնավորումներ չունի, որովհետև իշխանությունը պետք է հասկանա՝ իրենց պետք է Սահմանադրություն փոխել, որ իրենք իշխանության են եկել Հայաստանը նորմալ, ինստիտուցիոնալ ռելսերի վրա դրված պետություն դարձնելու հանձնարարականով: Ի վերջո, եթե իրենք ուզում են նորմալ ժողովրդավարական երկիր կառուցել, ապա

ա) առհասարակ պետք է ունենալ Սահմանադրություն, որը ժողովրդի կողմից հավանության է արժանացել, սա շատ կարևոր է՝ անկախ բովանդակությունից,

բ) Սահմանադրության բովանադակությունը պետք է լինի ժողովրդավարական պետության և առհասարակ ժողովրդավարական ինստիտուտներ և մեխանիզմներ ապահովող»,-նշեց Իոաննիսյանը:

Նրա խոսքով, այս երկու պատճառների հետևանքով՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացը շատ դանդաղ է ընթանում, գործնականում «զրոյից տարբերվող է, բայց սարսափելի դանդաղ է, շատ ավելի դանդաղ է, քան օրինակ՝ 2020թ. պրոցեսը, այն ժամանակ մենք 7 ամիս աշխատեցինք և ավելի շատ բովանդակություն գեներացրեցինք, քան այս մի տարի և 5 ամիսների ընթացքում»: Նա վստահ է, որ նշված ժամկետները կրկին երկարացվելու են:

«Սահմանադրության փոփոխության հետ կապված, որ ասեմ իշխանության մոտ, տվյալ դեպքում հենց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտ կա հստակ դիրքորոշում: Ոչ»,-նկատեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, Հելսինկյան քաղաքական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, հիշեցնելով, թե 2015թ. Սահմանադրության փոփոխության ժամանակ, նրանք պետության կառավարման համակարգում Սահմանադրությանը կարևոր նշանակություն չէին տալիս: Նա նույնիսկ չգիտի՝ ներկա իշխանությունները քննարկումներ կազմակերպե՞լ են Սահմանադրության նշանակության և փոփոխության կարևորության շուրջ:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31