2021 թվականի դեկտեմբերի 22-ին Երեւանի քաղաքապետ ընտրված Հրաչյա Սարգսյանը պաշտոնավարման առաջին երեք ամիսների ընթացքում հասցրել է օրինականացրել Հայաստանի ամենաթանկ ծառայություններից մեկը մատուցող «Դվին» հյուրանոցային համալիրի անօրինական կառուցված մոտ 16 հազար քառակուսի մետր տարածքը:
«Ժողովուրդ» օրաթերթը հարցում ուղարկեց Երեւանի քաղաքապետարան՝ պահանջելով հայտնել, թե ինչպես լուծվեց ապօրինի կառուցված հարկերի հարցը:
Ի պատասխան՝ քաղաքապետարանից հայտնել են. «26.11.2021թ. Երեւանի քաղաքապետարան է դիմել ««Դվին» հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ն՝ կապված ՀՀ կառավարության՝ 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման եւ տնօրինման կարգը հաստատելու մասին» հ.912-Ն որոշման շրջանակներում Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պարոնյան փողոց հ.40 հասցեում նախագծային շեղումներով կառուցվող եւ ինքնակամ կարգավիճակ ձեռք բերած շինության օրինականացման հետ: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության կողմից 06.12.2021թ. տրվել է մասնագիտական եզրակացություն, որի հիման վրա՝ կայացվել է Երեւանի քաղաքապետի 03.02.2022թ. հ.330-Ա որոշումը՝ ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին:
Տեղեկացանք նաեւ, որ ընդհանուր օրինականացվել է ապօրինի կառուցված 15823.85 քառ. մետր կառույց, որի համար 228654633 (երկու հարյուր քսանութ միլիոն վեց հարյուր հիսունչորս հազար վեց հարյուր երեսուներեք) դրամ 09.03.2022թ. ««Դվին» հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ն վճարել է Երեւան համայնքի բյուջե:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Լուսանկարը՝ Վիքիպեդիայից