Մարտունի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Հարություն Հարությունյանը օրեր առաջ հանցագործության մասին հաղորդում է տվել՝ հայտնելով, որ Զարուհի Փոստանջյանը իր վստահորդի՝ Կարեն Սարիբեկյանի հետ հուլիսի երեքին խաթարել են համայնքապետարանի աշխատանքը
Ըստ հաղորդման՝ Փոստանջյանն իր վստահորդի հետ 8-10 րոպե բարձրաձայն գոռգոռացել ու վիրավորական խոսքեր են հնչեցնել քաղաքացիների և համայնքապետարանի աշխատակիցների հասցեին, խուլիգանական վարքագիծ դրսևորելով, ինչի հետևանքով խաթարել են համայնքապետարանի բնականոն աշխատանքը: Ըստ հաղորդում տված պաշտոնյայի՝ վերջիններս վերջին 10 օրվա ընթացքում ևս երկու անգամ այցելել են Մարտունու համայնքապետարան և դրսևորել նմանատիպ վարքագիծ: Հաղորդումը ուղարկվել է ՀՀ ՔԿ Մարտունու քննչական բաժին:
Իսկ ինչի շուրջ են Փոստանջյանն ու համայնքապետարանի աշխատակիցները վիճել: Ըստ Զարուհի Փոստանջյանի. «Խոսքը գնում է 808 հա արոտավայրի մասին, որը գտնվում է լեռներում, եթե Մարտունուց իջնում ենք ներքեւ՝ դեպի Վայոց Ձոր, Վարդենյաց լեռնանցքով, այդ ճանապարհից իջնելուց ձախ թեւի վրա է: Այդ հողատարածքը ծանրաբեռնված է ոչ միայն Կարեն Սարիբեկյանի իրավունքներով (խմբ. Փոստանջյանի վստահորդն է), նրան է վարձակալական հիմունքներով պատկանում մոտ 300 հեկտարը, այլեւ այդքան հեկտար էլ պատկանում է մեկ այլ տղամարդու, մի քանի հեկտար՝ այլ մարդու, եւ եւս մեկ անձ կա, որն ունի արոտավայրից մի հատված սեփականության իրավունքով: Այս անձինք արդեն մոտ 15 տարի շարունակ այդ հողերը վարձակալում են, վերջին պայմանագիրը, որը պարբերաբար թարմացվում է, կնքվել է 2021 թվականին երեք տարի ժամկետով»:
Համայնքապետարանից Փոստանջյանի վստահորդին ու մյուս վարձակալներին փոխանցել են, թե այդ պայմանագրերն անօրինական են, դրանք չեղարկել են, այդ հողատարածքները բաց մրցույթի ձեւով տրամադրել են վարձակալության մոտ 200 գյուղացու: Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ ավելի վաղ էլ իրենց հայտնել էին , թե տարիներ շարունակ այդ հողատարածքները վարձակալած անձանց հետ պայմանագրերն էին կորցրել, դրա համարն են բաց մրցույթ կազմակերպել ու այլ անձանց վարձակալության տվել: Տիկին Փոստանջյանը գտնում է, որ հնարավոր չէ, որ պայմանագրերը հենց այդպես կորեն, որովհետեւ այդ վարձակալները վճարումներ են անում կտրոններով, վճարումները մտնում են համայնքի բյուջե: Բացի այդ՝ վարձակալները էլեկտրաէներգիայի բաժանորդ են, ինչը համաձայնեցված է համայնքի հետ: Տիկին Փոստանջյանը նաեւ վստահեցնում է, որ նշված արոտավայրերն այնքան մեծ էին, որ վարձակալածները գյուղացիների հետ համերաշխ օգտագործել են տարիներ շարունակ՝ առանց մեկը մյուսին խանգարելու:
Կարդացեք նաև
«Հիմա մենք ասում ենք՝ լավ, եթե վարձակալության հիմունքներով տրամադրել եք, խնդրում եմ մեզ տվեք ավագանու որոշումը, թե ինչ պայմանագրեր եք կնքել այդ գյուղացիների հետ, մեզ ոչ մի փաստաթուղթ ցույց չեն տվել: Եթե ինչ-որ մեկը գտնում է, որ իմ պայմանագիրն անօրինական է, պետք է վարույթներ հարուցվի, ե՛ւ քրեական, ե՛ւ վարչական. դրա անօրինական լինելը դեռ պետք է հաստատվի»:
Տիկին Փոստանջյանը կասկածներ ունի, որ նշված արոտավայրերը թշնամուն տալու մտադրություն կա. «Քանի որ աղմուկը շատ եղավ, թե մեր հայրենիքից տալիս են-տալիս են, հիմա նրանք հատվածական են վերցնում ու փոխանցումը կատարելու: Մի մեծ հատված Գնիշիկ գյուղում արագացված տեմպերով բաց մրցույթ են հայտարարել, իբրեւ թե ճանապարհի հիմնանորոգում են անում, բայց իրականում այդ անվան տակ՝ նշելով մի քանի կետեր՝ Եղեգնաձոր-Ագարակաձոր- Գնիշիկ-Խաչիկ-Արենի, իրականում նոր, լայն ճանապարհ են կառուցում, հաստ խճաքարով, որ պինդ լինի, ծանր մեքենաներ անցնեն: Մի գյուղ է տանում այդ ճանապարհը, որը սահմանակից է Նախիջեւանին: Այդ գյուղում ապրում է ամենաշատը 40 մարդ: Այսինքն՝ իրենք հենց հիմա սարքում են միջպետական ճանապարհի լայնությամբ ճանապարհ: Այդ ճանապարհի վերեւի հատվածն է մեր արոտավայրը, որը վերեւից Քարվաճառի ուղղությամբ է: Իսկ Քարվաճառից արդեն հանքերով գրունտային ճանապարհներ են բացել, փորել են, հավանաբար երեւի այդտեղից զրահամեքենաներ անցնեն: Արոտավայրերի հարցով այս ճնշումն ու ակնհայտ ապօրինությունները խոսում են ավելի շատ, որ սա ավելի աշխարհաքաղաքական նպատակների համար է»:
Վիճահարույց արոտավայրերը Գեղարքունիքի մարզի Գետահովիտ համայնքին են պատկանում: Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ իսկապես ճանապարհներ են պատրաստվում կառուցել, կամ հանձնել թշնամուն, ի պատասխան ասաց. «Ճանապարհի մասին բան չգիտեմ, ուղղակի գիտեմ, որ դրանց պայմանագրերն անօրինական են: Առաջին անգամ եմ ճանապարհի մասին լսում: Չգիտեմ՝ ով է հորինել էդ ճանապարհը, ինչ ճանապարհ է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ