«Կեղծ լուրեր են տարածում, իբր ընդդիմությունը «Հայաքվեն» նախաձեռնել է, որ լինի պատերազմ, պատերազմից հետո ժողովուրդը ոտքի կանգնի եւ գան իշխանության: Իշխանության համար պայքար այստեղ չի գնում, մեր ժողովուրդը պիտի համախմբվի յուրաքանչյուր այսպիսի իրավիճակներում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ պատմությունը ցույց է տվել՝ հայ ժողովուրդը երբ միասնական է եղել, երբ հույսը իր վրա է դրել, ոտքի է կանգնել պայքարելու, հաջողության է հասել. «Իհարկե, ես հասկանում եմ, որ մենք պետք է ունենանք լավագույն հարաբերությունները մեր դաշնակիցների, ռազմավարական գործընկերների հետ, բայց ոչ մի դաշնակից ու գործընկեր չի գալու Արցախին տեր կանգնելու, Արցախի անվտանգության երաշխավորը լինելու, չեն բարձրանալու մեր սարերը՝ մեր պաշտպանությունն իրականացնելու համար»: Սեյրան Օհանյանի խոսքով՝ իշխանությունները չեն կարող ասել, որ նախաձեռնել են մոբիլիզացիա, մարտական գործողություններ ու ընդդիմությունը, մասնավորապես իրենք առաջինը ոտքի չեն կանգնել ու հայրենիքի պաշտպանությունը չեն իրականացրել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ