Լոռու մարզի Օձուն համայնքի բժշկական ամբուլատորիայի ընտանեկան բժիշկ Անահիտ Նալբանդյանի կարծիքով, ընտանեկան բժիշկների ինստիտուտի ներդրումը Հայաստանում նպաստեց, որ բժշկության որակը մարզերում ավելի բարձրանա:
Համակարգը ներդրվեց մոտ երկու տասնամյակ առաջ եւ ծառայեց իր նպատակին: Այսօր հերթական բարեփոխումների անհրաժեշտությունը կա ու ապասվելիք բարեփոխումների մասին պետության եւ գործընկերների պատկերացումներին ծանոթանալու ակնկալիքով, նաեւ սեփական առաջարկները ներկայացնելու համար, Անահիտ Նալբանդյանն այսօր Երեւանում էր:
Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի շրջանակներում, ՀԵՆԱՐ հիմնադրամն այսօր կազմակերպել էր Առողջության առաջնային պահպանման թեմայով սատելիտային սիմպոզիում: ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիրներն են Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը եւ Արման Ոսկերչյանը:
Կարդացեք նաև
Թե որոնք են առողջության առաջնային պահպանման օղակի առջեւ ծառացած խնդիրներն, ըստ Անահիտ Նալբանդյանի՝ տեսանյութում
Լոռու մարզի Գուգարք համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնի բժիշկ Արմինե Մանուչարյանն էլ նմանատիպ կոնֆերանսները կարեւորում է նոր ծանոթությունների տեսանկյունից. դրանք օգնում են համատեղ քննարկումներում լուծումներ գտնել, վեր հանել թաքնված խնդիրները:
Ինչ վերաբերվում է առողջության առաջնային պահպանման հնգամյա ռազմավարությանը, տիկին Մանուչարյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ սահմանամերձ բնակավայրեր կան, որտեղ բուժակ-մանկաբարձական կետեր են, բժիշկներ չկան եւ ցանկալի է, որ պետությունն այստեղ իր կարգավորիչ դերն օգտագործի:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Sante Armenie ֆրանս-հայկական բժշկական ասոցիացիայի համահիմնադիր Նադյա Գործունյանն էլ խոսեց ՀԵՆԱՐ-ի հետ համատեղ ծրագրերից, որոնք անցկացվում են Սյունիքում եւ Արցախում:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ