Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրիում ռեստորանների, հյուրանոցների գները բարձրացնելով՝ վնասում են քաղաքի զբոսաշրջային իմիջին»․ հյուրանոցի գործադիր տնօրեն

Հուլիս 06,2023 22:30
Gyumri

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու պատմական կենտրոնում գտնվող հյուրանոցա-ռեստորանային համալիրներից մեկի գործադիր տնօրեն Վարդան Սրտաշյանն ասաց, որ Գյումրիում սպասարկման ոլորտի գները բարձրացել են, որոշ ռեստորաններ, սրճարաններ, հյուրանոցներ իրենց գնային քաղաքականությամբ չեն զիջում մայրաքաղաքայինին։

Ըստ նրա, սա լուրջ խնդիր է դառնում Գյումրու զբոսաշրջության ոլորտի զարգացման համար, եթե նախկինում զբոսաշրջիկը գալիս էր հանրապետության երկրորդ քաղաք՝ նաև այն պատճառով, որ այն զբոսաշրջային ամենաէժան քաղաքներից է․ գները մատչելի են, այժմ այդպես չէ։

«Գյումրին հանգստավայր չէ, չի կարող իր բնաշխարհով գրավել, գոնե կկարողանար գրավել ցածր գներով։ Ռեստորաններում «միջին գին» հասկացություն գոյություն ունի, շատ դեպքերում, երբ համեմատում ենք, Գյումրիի շատ ռեստորաններ իրենց գնային սեգմենտով չեն զիջում երևանյան գներին։ Եթե առաջ կարելի էր գալ Գյումրի՝ բավական քիչ գումարով բազում ծառայություններից օգտվել, ապա այսօր այնքան է Գյումրիի տուրիստական համբավը ճոխացել, որ մարդիկ կարծում եմ՝ կարող են նույն մայրաքաղաքային գները սահմանել ու մրցունակ լինել։

Դա ևս խնդիր է դառնում, կարելի է այդ բացը լրացնել՝ էժան ծառայություններ մատուցելով, բայց տեսնելով՝ մեր շատ ոլորտի կազմակերպություններ ինչպիսի գնային պայմաններով են աշխատում, հասկանում ես, որ դա ևս վնասում է քաղաքի իմիջին։

Քաղաքում այսօր շատ քիչ թվով սպասարկման օբյեկտներ ու կազմակերպություններ կան, որոնք ներգրավում են տուրիստներ, չէի ուզի անվական ասել, որ գովազդ չհնչի, օրինակ՝ բենդ ունենք, որը մեծ թվով տուրիստների է ներգրավում։ Օրինակ՝ մենք որպես հյուրանոցատեր, զգում ենք, որ այդ բենդի համերգի օրերին մեր մոտ հյուրանոցային սենյակներ ավելի շատ են պատվիրում։

Կան հյուրանոցներ, որոնք իրենց մրցունակ գնային պայմաններով, ծառայություններով կարող են տուրիզմի ոլորտին մի փոքր թափ հաղորդել, բայց մյուս կողմից այդ ամենը քիչ է և պետք է մտածել քաղաքի գրավչությունը բարձրացնելու մասին»,-ասում է Վարդան Սրտաշյանը։

Ըստ մեր զրուցակցի, նախորդ տարվա համեմատ՝ զբոսաշրջային հոսքը դեպի Գյումրի 30-40 տոկոսով նվազել է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31