Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 6-ին, ընդունել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» երկրորդ ծրագրային ձևաչափի շրջանակում իրականացվող «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի համակարգող Անջելո Լոնգոյի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները: Այս համատեքստում նա ընդգծել է ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը:
Պաշտպանը նշել է, որ այդ երևույթներն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լայն տարածում են գտնում, ինչն անընդունելի է: Հատկապես մտահոգիչ է ատելության խոսքի կիրառումն ակադեմիական համայնքում, քաղաքական և հանրային գործիչների կողմից, ինչպես նաև մեդիադաշտում։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից:
Պաշտպանը բարձր է գնահատել խտրականության դեմ պայքարի ոլորտում ՄԻՊ աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնելու փոխգործակցությունը:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր։ Անահիտ Մանասյանը ԵԽ գործընկերոջը տեղեկացրել է, որ աշխատանքներ են իրականացվում ՄԻՊ-ին առընթեր խորհրդի ձևավորման ուղղությամբ։
Իր հերթին Անջելա Լոնգոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ներկայացրել «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների մանրամասները, ինչպես նաև ծրագրի շրջանակներում համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան