Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկները կվարձատրվեն բոնուսային համակարգով, բուժքույրերի լիազորությունները կավելանան, պոլիկլինիկաների ենթակառուցվածքները կբարելավվեն. Անահիտ Ավանեսյան

Հուլիս 06,2023 20:30

«Մեր տեսլականը պետք է հաշվի առնի արդեն ձեւավորված իրողությունները՝ ենթակառուցվածքները, մասնագետները, մշակութային եւ սոցիալական կառուցակարգերը՝ առաջարկելով ավելի առաջադեմ օղակի ստեղծում». սա ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պատկերացումն է՝ Հայաստանում առողջության առաջնային ապահովման օղակի զարգացման վերաբերյալ: Այս օղակի զարգացման հնգամյա ռազմավարությունը, որը մշակման վերջնական փուլում է, նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ներկայացրեց Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի շրջանակներում, ՀԵՆԱՐ հիմնադրամի կազմակերպած Առողջության առաջնային պահպանման թեմայով սատելիտային սիմպոզիումի ժամանակ: ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիրներն են Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը եւ Արման Ոսկերչյանը:

Ռազմավարությունը ենթադրում է փուլային անցում հաջորդ մոդելին. «Չենք կարող հրաժարվել, ասենք, նեղ մասնագետների՝ պոլիկլինիկաներում լինելու հանգամանքից, որովհետեւ դա մարդիկ են, որոշակի ձեւավորված ֆինանսավորման համակարգեր են, մշակույթ է եւ անցումները պետք է իրականացվեն՝ հաշվի առնելով այս իրողությունները: Եւ, քանի որ դրանք հաշվի առնելով են իրագործվում, ես կարծում եմ, համակարգը շատ հեշտությամբ է ընդունում այն բարեփոխումները, որոնք նախանշվում են»:

Բարեփոխումները երեք ուղղությամբ են՝ ենթակառուցվածքներ՝ շենքային պայմաններ, բժշկական սարքավորումներ եւ այլն: Անահիտ Ավանեսյանն ասաց, որ Հայաստանում, վերջին տարիներին հիմնական ֆինանսական միջոցները ուղղվել են հոսպիտալային օղակին, բայց հիվանդությունների վաղ շրջանում հայտնաբերման եւ կանխարգելման համար շատ կարեւոր է, որ այդ միջոցներն ուղղվեն առողջապահության առաջնային օղակին: 20 ամբուլատորիաներում եւ 10 պոլիկլինիկաներում նախագծա-նախահաշվարկային աշխատանքներ են մեկնարկելու այս տարի: Երեք տարվա ընթացքում նախատեսվում է եւ մարզային եւ մայրաքաղաքային առողջության ապահովման առաջային օղակների ենթակառուցվածքների ամբողջական բարեփոխում:

Բարեփոխումների հաջորդ համախումբը վերաբերվում է ծառայությունների շրջանակին, ֆինանսավորման մոդելին եւ որակի վերահսկման համակարգին: Այս բարեփոխումների համատեքստում, ենթադրվում է բուժքույրերի կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնում, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ մարզերում բժիշկների պակաս կա:

Կվերանայվեն նաեւ ոլորտում կրթական ծրագրերը, այդ թվում նաեւ մասնագիտությունների ցանկերի եւ մասնագիտացումների մասով:

Մանրամասները՝ տեսանյութում 

Անահիտ Ավանեսյանը նշեց, որ հատուկ ուշադրություն է սեւեռվելու մատուցվող ծառայությունների որակական չափանիշների վրա: Կմշակվեն 10 չափորոշիչներից բաղկացած որակի վերահսկման համակարգեր, որոնցով էլ կիրականացվի վերահսկողությունը:

Կվերանայվի նաեւ բուժաշխատողների ֆինանսավորման համակարգը. այլեւս կգործի բոնուսային համակարգ, որի սկզբունքը կլինի՝ աշխատավարձ՝ աշխատանքի ծավալին եւ արդյունքին համապատասխան:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31