2023թ. հուլիսի 4-ին Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և Նեապոլի քաղաքապետարանի միջև համագործակցությամբ Նեապոլի արդյունաբերողների պալատում տեղի ունեցավ հայ-իտալական գործարար համաժողով՝ «Հայաստան-Իտալիա. բիզնես երկխոսության խթանում» վերնագրով։
Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանի ներածական ողջույնի խոսքից հետո գործարար համաժողովին ելույթներով և պրեզենտացիաներով հանդես եկան Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, հիմնադրամի ներդրումների խթանման և արտաքին կապերի մենեջեր Աննա Հայրոյանը։
Հանդիպման մոդերատորն էր հիմնադրամի ներդրումների խթանման և արտաքին կապերի վարչության պետ Ալինա Եղիազարյանը։
Գործարար համաժողովին իր մասնակցԵց աշխատանքային այցով Նեապոլ քաղաքում գտնվող Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։
Կարդացեք նաև
Բանախոսները հանդես եկան ընդգրկուն ելույթներով՝ մասնավորապես զբոսաշրջության, վերականգնվող էներգիայի, բարձր տեխնոլոգիաների, նորարարություն և իտալացի ներդրողների համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ ոլորտների շուրջ։
Իտալական կողմից բացման ուղերձով հանդես եկավ Իտալիայի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ֆեդերիկո Ֆրենին։ Ելույթ ունեցան նաև Նեապոլի արդյունաբերողների պալատի նախագահ Կոստանցո Յաննոտտի Պեչչին, հայ-իտալական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ջուլիո Չենտեմերոն, իտալական «SACE» ընկերության հարավային շրջանի տնօրեն Անտոնիո Բարտոլոն, Նեապոլի քաղաքապետի Արտաքին գործերով խորհրդական Ֆրանչեսկո Սենեզեն։
Միջոցառման շրջանակում կազմակերպվել է հայկական արտադրանքի համտես։
Իտալիայում Հայաստանի դեսպանություն