Վրաց-ուկրաինական դիվանագիտական ճգնաժամն էլ ավելի խորացավ այն բանից հետո, երբ Կիևում Վրաստանի դեսպան Գեորգի Զաքարաշվիլին այսօր, օրվա առաջին կեսին, ստիպված եղավ լքել Ուկրաինայի տարածքը։
«Երեքշաբթի առավոտյան ես հանդիպեցի Ուկրաինայի փոխարտգործնախարարի հետ։ Այդ հանդիպման ընթացքում նա Միխեիլ Սաակաշվիլիի հարցով ուկրաինական կողմի տեսակետը ներկայացրեց և, դրանից ելնելով, խնդրեց ինձ 48 ժամվա ընթացքում լքել երկիրը և վերադառնալ Վրաստան՝ խորհրդակցությունների նպատակով։ Մենք, իհարկե, համաձայնեցինք կատարել այս պահանջը, քանի որ դա Ուկրաինայի նախագահի պահանջն ու խնդրանքն էր», – նշում էր վրաց դիվանագետը։
Կիևի և Թբիլիսիի առանց այդ էլ լարված հարաբերությունները էլ ավելի սրվեցին երկուշաբթի օրը, երբ գրեթե հինգ ամիս շարունակված դադարից հետո, Վրաստանի երրորդ նախագահը հեռավար կապի միջոցով՝ հիվանդանոցից, մասնակցեց իր դեմ հարուցված քրեական գործերից մեկով ընթացող դատավարությանը։ Միխեիլ Սաակաշվիլին գործնականում անճանաչելի էր։ Վրաստանի նախկին նախագահը խիստ հյուծված և ակնհայտորեն անառողջ տեսք ուներ։
Կիևում Վրաստանի դեսպանի փաստացի արտաքսման մասին Ուկրաինայի նախագահը հայտարարեց Սաակաշվիլիի այս հայտնությունից մի քանի ժամ անց՝ պաշտոնական Թբիլիսիին կրկին մեղադրելով ռուսական շահերը սպասարկելու մեջ։
Կարդացեք նաև
«Այսօր աշխարհը մեկ անգամ ևս տեսավ, թե ինչպես է Կրեմլը, ցավոք, Վրաստանի կառավարության օգնությամբ, սպանում Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին», – հայտարարում էր Վլադիմիր Զելենսկին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: