Հուլիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բահրեյնի Թագավորության նորանշանակ դեսպան Նասեր Մուհամմադ Յուսուֆ Ալ-Բելուշիին (նստավայրը՝ ք․ Հռոմ)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, շնորհավորելով դեսպան Ալ-Բելուշիին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, նշել է, որ Հայաստանի և արաբական աշխարհի կապերը դարավոր պատմություն ունեն: Այդ համատեքստում նա համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և Բահրեյնի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:
Երկուստեք արձանագրվել է, որ առկա է երկկողմ համագործակցության չիրացված զգալի ներուժ, ինչի կապակցությամբ կողմերը պատրաստակամություն են հայտնել առավելագույն ջանքեր գործադրել, մասնավորապես, առևտրատնտեսական կապերի, ներդրումների ներգրավման, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, առողջապահության, կրթամշակութային և այլ ոլորտներում առկա փոխգործակցության զարգացման ուղղությամբ։ Կարևորվել է նաև փոխադարձ բարձրաստիճան այցերի կազմակերպումը, ինչպես նաև երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։
Հանդիպմանը Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումները, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը։ Այս համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը առկա խնդիրները կարգավորել խաղաղ բանակցությունների ճանապարհով:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ