«Ես բնականաբար հավատում եմ, որ մեր ժողովրդի հավաքական մտածողությունը, կամքը, պահանջը ապրելու այս տարածաշրջանում, Արցախ-Հայաստան միասնական տիրույթում զարգանալու հնարավորությունը մեր ժողովուրդը չի կարող բաց թողնել: Սա հնարավորություն է, որ մեր քաղաքացիները իրենք կարող են դառնալ օրենքի հեղինակ, կարող է պարտադրել օրենսդիր մարմնին, որ ընդունի այս օրենքը, նաեւ միջազգային հանրության առաջ մեր ժողովուրդը սրանով միասնական պահանջ է դնում, որ չի կարող Արցախը լինել Ադրբեջանի կազմում, չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դրվել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, որ իշխանությունները փորձում են կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություններ տարածել. «Տեսեք ինչ այլանդակ քարոզչություն են իրենք տանում, թե իբր այս նախաձեռնությունը կբերի պատերազմի: Չկա այդպիսի բան: Դա այս իշխանության հերթական խայտառակությունն է՝ իրենց քարոզչական մակարդակով: Ես պնդում եմ հակառակը՝ այս նախաձեռնությունը բերելու է միջազգային հանրության կողմից հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության ռիսկերի ավելի ամրացմանը, երկրորդը՝ զսպելու է Ադրբեջանին եւ Թուրքիային: Հայ ժողովրդի միասնական կամքն է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Հայոց ցեղասպանությունը չի կարող կասկածի տակ դրվել, գործ կունենան մի ողջ ժողովրդի հետ, այլ ոչ թե մի իշխանության, որին գնել են, կամ համոզել են, կամ խաբել, սիրաշահել են: Իշխանությունները իրենց քարոզչությամբ փորձում են նաեւ զերծ պահել հանրային ծառայողներին՝ միանալու այս նախաձեռնությանը՝ ներկայացնելով, թե իբր այս նախաձեռնությունը սովորական ընդդիմություն-իշխանության հարաբերության հարց է: Սա ազգային նախաձեռնություն է, բացարձակ կապ չունի ոչ խորհրդարանական իշխանություն-ընդդիմություն հարաբերության հետ, ոչ իրենց պատկերացրած աթոռակռվի հետ: Սա կապ ունի մեկ բանի հետ՝ մեր ժողովուրդը պատրաստ է, միասնակամ է, որ իր ստորագրությամբ հաստատի, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում եւ Հայոց Ցեղասպանությունը չի կարող կասկածի տակ դրվել: Այս գործողություները համարվելու են ծանր հանցագործության դեպք եւ դատապարտվելու են 10-15 տարվա ազատազրկմամբ նրանք, ովքեր կփորձեն Արցախը Ադրբեջանի կազմում դնել կամ կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության ճանաչումը»:
Արծվիկ Մինասյանը նաեւ նշեց, որ այս նախաձեռնությամբ կկանխեն հնարավոր փաստաթղթի վավերացումը, որը չի բխի հայ ժողովրդի շահերից, քանի որ չի կարող վավերացվել միջազգային որեւէ փաստաթուղթ, համաձայնագիր, որը կհակասի ՀՀ ներպետական օրենքներին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ