Լրահոս
Օրվա լրահոսը

Անհետ կորածներիի, գերեվարվածների ընտանիքները ևս 2 ամիս սոցիալական աջակցություն կստանան

Հուլիս 06,2023 17:22

Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում սուբվենցիոն նոր ծրագրերի համար կհատկացվի ևս 1 մլրդ 623 մլն դրամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, համայնքներին ՀՀ պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետների աշխատակազմերին 2023 թվականին կհատկացվի 1,623,294.4 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով: Նախագծի ընդունումը պայմանավորված է համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ:

Թեմայի առնչությամբ, վարչապետը հրապարակել է մարզերում ֆինանսավորվող ծրագրերը. «Արարատի մարզ՝ Արարատ խոշորացված համայնքի Նոյակերտ բնակավայրում ջրամատակարարման բարելավում է իրականացվում, և ենթածրագրի ավարտական փուլն ենք ֆինանսավորում: Արարատի մարզում՝ կրկին Արարատ բնակավայրում Կայարանային փողոց, Կայարանային նրբանցք, Գայի փողոց հատվածի, Իսակով փողոց, Իսահակյան փողոց հատվածի, Գրիգորյան փողոց, Սայաթ Նովա փողոց, Օղակաձև փողոց, Արարատյան փողոց, Պարույր Սևակի փողոց հատվածի, Հաղթանակ փողոց հատվածի, Րաֆֆի փողոց հատվածի, Թևոսյան փողոց հատվածի, Կոլխոզնիկների փողոց հատվածի ասֆալտապատման աշխատանքների երկրորդ փուլն է իրականացված:

 Արտաշատ խոշորացված համայնքի, Արտաշատ բնակավայրի փողոցների նորոգման ասֆալտապատման աշխատանքներ, Իսակովի, Սպանդարյանի փողոցների հատվածներ, Մռավյանի, Իսահակյանի փողոցների հատվածներ, Օրբելի, Աճառյանի, Արազի փողոցներ, Հակոբյան, Աթարբեկյան, Մյասնիկյան, Լուսինյան փողոցների հատվածներ, Պատկանյան բակային պանթեոնի հատված, Արարատյան 3.5, Ներսիսյան 7, 11, Թովմասյան, Աթարբեկյան շենքերի բակային հատվածներ: Բարեկարգման մասին է խոսքը: Արտաշատ համայնքի կոմունալ սպասարկման կարիքների համար մեքենասարքավորումների և տեխնիկայի ձեռքբերում, մասնավորապես՝ 2 աղբատար մեքենա և մեկ ջրցան մեքենա:  

Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Գետաշեն բնակավայրի փողոցների ցածր ճնշման գազատարի կառուցում: Ավարտված է ծրագիրը, իսկ Արտաշատի ծրագիրը 85 տոկոսն արված է, արդեն ավարտական փուլում է:

 Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում, Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի մարզադահլիճի տարածքի պարսպապատում և բակի սալարկում, Տաշիր համայնքի Ձորամուտ և Պետրովկա բնակավայրերի գազիֆիկացում, Տաշիր համայնքի Սարատովկա և Մեղրահովիտ բնակավայրեր տանող ճանապարհների, Տաշիր քաղաքի Ջահուկյան, Գետափնյա, Էրեբունի և Մաշտոց փողոցների մայթերի վերանորոգում՝ սալարկմամբ:

 Կոտայքի մարզ՝ Հրազդան համայնքի, Բաղրամյան թաղամասի 5-րդ փողոցի թիվ 7.1 հասցեում գտնվող թիվ 11 մանկապարտեզի և թիվ 6 մանկապարտեզի հիմնանորոգում, թիվ 8 մանկապարտեզի վերանորոգում, թիվ 4 մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի միջանցքի հիմնանորոգման ու վերանորոգման աշխատանքների իրականացում և թիվ 15 մանկապարտեզի կոյուղու ցանցի կառուցում: Աշխատանքներն այս փաթեթի 80 տոկոսով կատարված են: Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի բնակավայրի խմելու ջրի համակարգում քլորակայանի, Գեղարդ, Հացավան և Գեղադիր բնակավայրերում ջրագծերի կառուցում: Ծրագիրն ավարտված է:

 Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի փողոցների և բակերի հիմնանորոգում, մասնավորապես՝ Գարեգին Նժդեհ փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքների, Երկաթուղայինների փողոցի թիվ 7, 9, 11, 13, 15 շենքերի բակերի, Արամ Մանուկյանի արձանի և Կապան մոլի միջանկյալ հատվածի, Երկաթուղայինների փողոցի 3-րդ նրբանցքի հիմնանորոգում, Հարությունյան փողոցի թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 8 շենքերի բակերի և Շահումյան փողոցի թիվ 37, 38 շենքերի բակերի, Սպանդարյան 4-րդ նրբանցքի հիմնանորոգում:

 Վայոց ձորի մարզ՝ Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի 11-րդ փողոցի թիվ 9 հասցեում գոյություն ունեցող մշակույթի տան վերահատակագծում և կցակառույցի իրականացում: Վայք համայնքի Իսրայել Օրի փողոցի ասֆալտապատում: Արենի համայնքի Արենի բնակավայրում Երիտասարդական կենտրոնի մասնակի հիմնանորոգում: Նախկին ճաշարանի շենքում է տեղակայված: Եղեգնաձոր համայնքի, Եղեգնաձոր բնակավայրի Գլաձորյան, Կամոյի, Չալաբյան, Մշեցու, Թամանցիներ, Չարենց փողոցների, Հարավ-արևմտյան թաղամասի, Բաղդասարյան, Վարդան զորավար, Օրբելի 510 մետրանոց հատվածի, Արսենյան նրբանցքի 230 մետր հատվածի, Գագարին փողոցների Գլաձոր բնակավայրի ներհամայնքային փողոցների լուսավորության ցանցի կառուցում և Արենի համայնքի բնակավայրում Նորավանքի ձոր տարածքում խմելու ջրի ՕԿՋ-ի և արտաքին ցանցի 2.5 կիլոմետր հատվածի կառուցում: Ծրագրերը հիմնականում կամ ավարտված են կամ ավարտական փուլում են 70 տոկոսից բարձր, ըստ այս փաստաթղթի, կատարողական ունենք»:

Կառավարությունը հաստատել է տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է hաստատել տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերի տնամերձ հողամասերում բարձր բերքատվությամբ, հավաստագրված կամ բուսասանիտարական անձնագիր ունեցող տնկիներով այգեհիմնման, ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործման, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովման, ինչպես նաև ՀՀ վարչապետի կողմից 2023 թվականի հունվարի 9-ին Էկոնոմիկայի նախարարությունում անցկացված խորհրդակցության N Վ/05-2023 արձանագրության հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ։

Որոշման նախագծի նպատակն է՝ ընտրված բնակավայրերի տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում խթանել տնամերձ հողամասերում բարձր բերքատվությամբ, հավաստագրված կամ բուսասանիտարական անձնագիր ունեցող տնկիներով այգիների հիմնումն ու ջրային ռեսուրսների արդյունավետ ու խնայողաբար օգտագործումը։

Ծրագիրը կիրականացվի 2023-2024 թվականներին՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերի տնամերձ հողամասերում։ Ծրագրի շահառուներ կհանդիսանան առնվազն 100 քառ. մետրից մինչև 1000 քառ. մետր մեկ ամբողջական, ծառերից և այլ գույքից ազատ, տնամերձ հողամաս ունեցող տնտեսվարողները։

Համայնքի ղեկավարի կողմից հավաքագրված տվյալների և նախարարության ու մարզպետարանի առաջարկությունների հիման վրա համայնքը կկազմակերպի գնման գործընթաց՝ յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասի հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննության իրականացման, յուրաքանչյուր բնակավայրի յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասում այգեհիմնում իրականացնելու համար ծրագրով նշված աշխատանքների գնահատման, նախահաշվի կազմման, գնահատման աշխատանքների արդյունքների ամփոփման և յուրաքանչյուր բնակավայրի համար ամփոփ նախահաշվի կազմման նպատակով։

Ըստ նախաձգի՝ տնամերձ հողամասերում այգեհիմնում և ոռոգման արդիական համակարգերի ներդրումն իրականացնելու նպատակով համայնքի ղեկավարը հայտարարում է մրցութային գործընթաց՝ գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով։

Կապալառուի կատարած աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի հետևյալ համամասնությամբ՝ Էկոնոմիկայի նախարարություն՝ 95 տոկոս, համայնք կամ շահառու՝ 5 տոկոս։ Ծրագիրը կիրականացվի 2024 թվականը ներառյալ՝ տվյալ տարվա պետական բյուջեում այդ նպատակով միջոցներ նախատեսելու պայմաններում։

Ծրագրի իրականացումից ակնկալվում է 2 բնակավայրերի տնամերձ հողամասերում հավաստագրված կամ բուսասանիտարական անձնագիր ունեցող տնկանյութով և ոռոգման կաթիլային համակարգերով ապահովված այգետնկման իրականացում, ջրային ռեսուրսների արդյունավետ և խնայողաբար օգտագործում։ Շահառուները 1000 քառ. մետր տնամերձ հողամասի հաշվով այգեհիմնումից հետո լիարժեք բերքատվության անցնելուց դեպքում կստանան տարեկան շուրջ 3,0 տ համախառն բերք՝ շուրջ 2,0 մլն դրամ հասույթով։ Ծրագրի իրականացումից ակնկալվող վերջնական արդյունքները հնարավոր կլինի գնահատել փորձնական ծրագրի ավարտից հետո։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա իր կողմից վաղուց տրված մի հանձնարարականի իրագործումն է և գաղափարը կայանում է հետևյալում. Կառավարությունը պետք է առաջարկի քաղաքացիներին, որ նրանք, ովքեր իրենց տնամերձ հողամասը կազատեն հին, ոչ բերքատու կամ սակավ բերքատու տնկիներից, կառավարությունը կաջակցի 95 տոկոս ֆինանսավորմամբ, որպեսզի այդտեղ որակի վկայական ունեցող տնկիներ տրամադրվեն և կաթիլային ոռոգում անցկացվի։ Վարչապետը նաև հավելել է, որ եթե ստացվի այնպես, որ ամբողջ գյուղի բոլոր տնամերձերն այդ նույն մշակաբույսը տնկեն և սկսեն մշակել նոր տեխնոլոգիաներով, ապա այդ գյուղը կդառնա տվյալ մշակաբույսի արտահանման և մատակարարման կլաստեր: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ նպատակը Հայաստանում բոլոր տարածքների զարգացումն է, և այդ ուղղությամբ պետք է զարգացման ծրագրեր իրականացնել և առաջ գնալ։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հավելել է, որ այն ծառերը, որոնք տնկված են և բերքատվություն չեն ապահովում, նույն ջրապահանջարկն է սպառվում, և ջրախնայող տեխնոլոգիաները չեն կիրառվում: Նրա հավաստմամբ, այստեղ նպատակը նաև այդ տեխնոլոգիաները ներկայացնելն է:

 Ամփոփելով՝ վարչապետն ընդգծել է, որ շատ կարևոր է, որպեսզի կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունները լինեն համապարփակ: «Օրինակ՝ սահմանամերձ գյուղում դպրոց, ամբուլատորիա, ճանապարհ ենք կառուցում, բնակարանների համար ծրագիր ենք իրականացնում, որ քաղաքացին պետական միջոցներով բնակարան կառուցի, նաև այլ զարգացման ծրագրեր ենք կյանքի կոչում գյուղատնտեսության և ներդրումների ոլորտում։ Եվ համոզված եմ, որ եթե մենք հետևողական այս ճանապարհով գնանք չի կարող չլինել զարգացում»- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 Սահմանամերձ գյուղերում բնակարաների կառուցման համար պետության կողմից տրամադրվող վարկային ծրագրերի մասին

Այս համատեքստում՝ կառավարության ղեկավարը գոհունակությամբ արձանագրել է, որ սահմանամերձ գյուղերում բնակարաների կառուցման համար պետության կողմից տրամադրվող վարկային ծրագրերը սկսել են աշխատել: Վարչապետը հետաքրքրվել է ծրագրի ընթացքով, ինչի կապակցությամբ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ներկայացրել է. «Մոտ 100 քաղաքացի մարզպետարանի և բանկերի մասնաճյուղերի միջոցով ծանոթացել է վարկավորման պայմաններին։ Ունենք տրամադրված առաջին տրանշը՝ երեք վարկ Ոսկեպար, Բերքաբեր և Արծվաբերդ գյուղերում։ Երեք վարկ ունենք հաստատված` երկուսը Բերքաբերում, մեկը Կիրանց գյուղում։ Շատ կարևոր եմ համարում նաև վարկերի տեղաբաշխվածությունը, քանի որ Ոսկեպարը Նոյեմբերյանի խոշորացված համայնքն է, Բերքաբերը՝ Իջևանի, իսկ Արծվաբերդը՝ Բերդի տարածաշրջանի խոշորացված համայնքն է։ Մոտ 15 քաղաքացու փաստաթղթաշրջանառությունն ընթացքի մեջ է: Պահանջարկը մեծ է, բայց անկախ բնակչության իրազեկվածությունից, կարևոր եմ համարում, որ մարդիկ տեսնում են, որ համագյուղացիներն օգտվում են այդ ծրագրից, և դա վարակիչ է»։

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք շինարարությունն արդեն ընթանո՞ւմ է, ինչին ի պատասխան Տավուշի մարզպետը հավաստիացրել է, որ այդ երեք գյուղերում շինաշխատանքները մեկնարկել են:

Վարչապետը հիշեցրել է ծրագրի մանրամասները՝ հավելելով, որ բնակարանի կառուցման համար կառավարության ծրագրով բանկը քաղաքացուն տրամադրում է մինչև 16 մլն դրամ. «Ծրագրի շրջանակներում, քաղաքացին նախապես իր միջոցներով պետք է նախագիծ ունենա: Իհարկե, այստեղ էլ մենք պետք է տիպային նախագծերով քաղաքացուն աջակցենք: Երկրորդը՝ այդ նախագիծը պետք է հաստատվի բանկի կողմից, շինարարությունը պետք է իրականացվի լիցենզավորված կազմակերպության կողմից։ Բանկը կառավարության երաշխիքով 16 մլն դրամ է հատկացնում քաղաքացուն տունը կառուցելու համար»։

Թեմայի առնչությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին ևս կարևորել է ծրագիրը և նշել, որ այստեղ նկատելի է մասնագիտական կրթության ոլորտում սիներգական մոտեցման հնարավորություն: Նախարարն ընդգծել է՝ Իջևանում կա ֆրանսիական մոդելով գյուղատնտեսական նոր քոլեջ, որտեղ սովորեցնում են ներդրված նոր մասնագիտություններից մեկը՝ ֆերմերային տնտեսության կազմակերպումը, և արդեն կան ուսանողներ: Նա հավելել է, որ այստեղ ընդգրկված շահառուների հետ կարելի է մասնագիտական դասընթացներ կազմակերպել, որպեսզի հետագայում կարողանան էլ ավելի արդյունավետ իրականացնել այգիների պահպանման, զարգացման աշխատանքները, հատկապես, որ այդ ուղղությամբ հենց այս պահին աշխատանքներ են տարվում:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի այն դիտարկմանը, որ Ճամբարակ համայնքը՝ որպես քաղաքային համայնք, չի կարողանում օգտվել այս ծրագրից՝ վարչապետը նշել է, որ պետք չէ ծրագիրը դեռ չավարտած շրջանակներն անընդհատ ընդլայնել՝ սահմանային գյուղերի հարցը լուծելուց հետո, անդրադարձ կլինի նաև այդ բնակավայրերին:

Վայոց Ձորի մարզպետն իր հերթին կարծիք է հայտնել, որ ծրագիրն ավելի կակտիվանա, եթե լինի պետություն-մասնավոր հատված-շահառու եռակողմ համաձայնություն: Գնել Սանոսյանի պարզաբանմամբ, այս առումով կան նաև այլ առաջարկներ, որոնք կքննարկվեն առաջիկայում: Արձագանքելով՝ վարչապետը նշել է, որ ցանկացած ծրագրի լավարկելը միշտ էլ պետք է քննարկվի. «Դա մեր պայմանավորվածությունների շրջանակում է, որ պետք է ծրագիրն ընդունենք, հետո մոնիտորինգ անենք, թե ինչպես է այն ընթանում: Բայց եկեք չմոռանանք նպատակից շեղվելու ռիսկը: Սահմանամերձ և սահմանապահ գյուղերի և կոնկրետ շահառուների մասին է խոսքը: Այն, ինչ այս նպատակի շրջանակներում է, այո՛, լավարկենք և հնարավորինս մատչելի դարձնենք, բայց էլի եմ ասում՝ ծրագրի էությունը, բովանդակությունը դեֆորմացնելու ուղղությամբ խնդրում եմ շատ ուշադիր լինել»:

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը թեմայի առնչությամբ կարևորել է բանկերի ակտիվությունը, քանի որ որոշ բանկեր, որոնք մասնակցելու պատրաստակամություն են հայտնել, որոշակի տեխնիկական խնդիրներ ունեն: Նրա դիտարկմամբ, բանկերի ակտիվությունը նույնպես կխթանի, որպեսզի ծրագիրը աշխատի: Վարչապետն արձագանքելով, նշել է. «Ես կարծում եմ, ընդհանուր առմամբ, կառավարության կողմից իրականացվող ծրագրերին մեր բանկերի և ֆինանսական կազմակերպությունների մասնակցության խնդիր ունենք, որովհետև մենք տեսնում ենք, որ միշտ չի, որ բանկերը մասնակցում են անհրաժեշտ ոգևորվածությամբ և ծավալով: Ես կարծում եմ, որ սա սոցիալական պատասխանատվության շատ կարևոր բաղադրիչ է և կարծում եմ նաև, որ այստեղ պետք է մեր բանկերը, ֆինանսական կազմակերպությունները կողմնորոշվեն»: Վարչապետը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին այս թեմայով խորհրդակցություն անել բոլոր բանկերի և ֆինանսական կազմակերպությունների հետ, հրավիրել նրանց ղեկավարներին, քննարկել և քաջալերել նրանց, որովհետև շատ ծրագրեր մինչև կես տարի բանկերի կողմից արձագանքի չեն արժանանում:

«Ես ուզում եմ նախ կրկին շնորհակալություն հայտնել այն բոլոր բանկերին և ֆինանսական կազմակերպություններին, ովքեր արձագանքում են կառավարության սոցիալական բնույթի ծրագրերին: Խոսքը վերաբերում է նաև կենսաթոշակների անկանխիկ ծախսման դեպքում հետվճարի համակարգին, բայց եթե սա չմասնակցող բանկերի կողմից դառնում է վերաբերմունք և քաղաքականություն, այդտեղ մենք էլ պետք է մեր վերաբերմունքն ու քաղաքականությունները ճշգրտենք, որովհետև դա չեմ կարծում, թե ընդունելի մոտեցում է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին մեկամսյա ժամկետում ասել, թե ինչ է տեղի ունենում, և եթե կարիք կա, ապա օրենսդրական որոշակի նախաձեռնություններ ունենալ, այդ թվում՝ ֆիսկալ տարածքում, որպեսզի հարցը վերջնականապես լուծվի:

Բարձրացված դրույքաչափով կենսաթոշակով Հայաստանի Հանրապետության բոլոր թոշակառուները կարող են հոգալ իրենց պարենային նվազագույն կարիքները

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև հետաքրքրվել է՝ արդյոք կառավարության նախորդ նիստի ժամանակ կենսաթոշակների բարձրացման մասին կայացրած որոշմամբ արդեն հուլիսի 1-ից քաղաքացիները ստացել կամ ստանում են բարձրացված դրույքաչափերով կենսաթոշակները, ինչին ի պատասխան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանը հավաստիացրել է, որ հուլիսի 1-ից քաղաքացիներն արդեն ստացել կամ ստանում են բարձրացված դրույքաչափով կենսաթոշակները։

Կառավարության ղեկավարը թեմայի առնչությամբ նշել է, թե որքան կարևոր նշանակություն ունի կենսաթոշակների բարձրացումը, քանի որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մի իրավիճակ է, երբ նվազագույն կենսաթոշակն իր չափով համապատասխանում է Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ, Հայաստանի վիճակագրական կոմիտեի կողմից սահմանված նվազագույն պարենային զամբյուղին. «Այսինքն՝ սա նշանակում է, որ այդ մեթոդաբանությամբ մեր կողմից տրվող թոշակով Հայաստանի Հանրապետության բոլոր թոշակառուներն իրենց պարենային նվազագույն կարիքներն այլևս կարող են հոգալ: Եվ սա առաջին անգամ է մեր երկրի պատմության մեջ, երբ մենք նման համապատասխանություն ունենք, առավել ևս, եթե մեր սիրելի կենսաթոշակառուներն օգտվում են հետվճարի ծրագրից, արդեն ավելի բարձր ցուցանիշ կունենանք: Բայց բանկերի հետ կապված հետևյալ խնդիրը կա. մենք հիմա ահազանգեր ենք ստանում, որ շատ թոշակառուներ անկանխիկ իրականացնում են, ամսվա վերջում տեսնում են, որ հետվճար չեն ստանում: Սրա պատճառը հետևյալն է, որ բանկը որոշել է չմասնակցել այդ ծրագրին, ինչը շատ վատ է: Մենք, իհարկե, պատշաճ ձևով փորձում ենք քաղաքացիներին իրազեկել, որ կարող են իրենց բանկերից ճշտել՝ մասնակցո՞ւմ են ծրագրին, թե՝ ոչ: Եթե չեն մասնակցում, թոշակառուներն իրենց կենսաթոշակի քարտերը կարող են փոխել, տեղափոխվել այլ բանկ, բայց մյուս կողմից՝ անհասկանալի է, թե ինչու կան բանկեր, որոնք այս ծրագրին չեն մասնակցում»:

Նախատեսվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 313,995.0 հազար դրամ գումարի չափով՝ գումարն ուղղելով ՀՀ Լոռու և Շիրակի մարզերում կրթահամալիրների ստեղծման և դպրոցների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը:

Կառավարության ղեկավարը թվարկել է բոլոր այն բնակավայրերի դպրոցները, որոնք ներառված են նախագծում, ըստ այդմ. «Մասնավորապես՝ Լոռու մարզում մենք կկառուցենք հետևյալ կրթահամալիրները՝ Հարթագյուղի, Լորուտի, Ալավերդիի Ալավերդու թիվ 4 հիմնական դպրոցի տեղակայման վայրում, Թումանյանի կրթահամալիր Թումանյանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի տեղակայման վայրում, Քարինջի, Բազումի, Միխայիլովկայի, Լեջանի, Կաթնառատի, Գարգառի կրթահամալիր, Նորաշենի կրթահամալիրներ: Շիրակի մարզում Քեթիի, Հայրենյացի, Բյուրակնի, Բավրայի կրթահամալիրներ:

 Դպրոցներ, որոնք կամ հիմնանորոգվում են կամ կառուցվում են կամ վերակառուցվում. Ճոճկանի միջնակարգ դպրոց, Արևածագի Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոց, Օձունի թիվ 2 միջնակարգ դպրոց, Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոց, որը դառնալու է միջնակարգ, Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոց, Աքորու միջնակարգ դպրոց, Ալավերդու Մյասնիկյանի անվան թիվ 7 միջնակարգ դպրոց, Վանաձորի Ստեփան Շահումյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց, Մեծավանի թիվ 2 միջնակարգ դպրոց, Դսեղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոց, Շիրակամուտի թիվ 1 միջնակարգ դպրոց:  

Շիրակի մարզում՝ Սարատակի, Ամասիայի, Ջրափի, Շիրակավանի, Երազգաորսի միջնակարգ դպրոցներ, Գյումրու Սարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոց, Մայիսյանի, Փոքր Մանթաշի, Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցներ:

Դպրոցների, մարզադահլիճների և հանդիսությունների դահլիճների մասնաշենքեր կկառուցվեն Լոռու մարզում Ախթալայի թիվ 2 միջնակարգ դպրոցի համար, Օրսալույի միջնակարգ դպրոցի համար, Շիրակի մարզում՝ Ջաջուռի, Մուսայելյանի, Կառնուտի, Սարալանջի, Ցողամարգի միջնակարգ դպրոցների համար»:

 ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է. «Անցյալ տարվա վերջին արդեն 24 դպրոցներում ավարտվել էին աշխատանքները, և այս պահին 100-ից ավելի օբյեկտներում աշխատանքներն ընթացքում են: Առաջիկայում կլինի նաև Երևանի դպրոցների ցանկը, որը կգումարվի դրան, և մենք պարբերաբար, փոխվարչապետ Խաչատրյանի համակարգմամբ քննարկում ենք ցանկերը: Կարծում եմ, որ 300-ը ոչ միայն ապահովելու, այլ նաև ավելին ունենալու ճանապարհին ենք»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս կապակցությամբ նշել է, որ 300 թիվը ինքնանպատակ չէ, և եթե պարզվի, որ Հանրապետությունում պետք են 300-ից ավելի կամ պակաս դպրոցներ, ապա այն կիրականացվի, որպեսզի բոլոր բնակավայրերի բոլոր երեխաներին հասանելի լինի որակյալ կրթությունը:

Անհայտ կորածի, (ինչպես նաև գերեվարվածի) ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1924-Լ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2082-Լ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին: Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկ­տեմբերի 3-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 1924-Լ որոշման հավելվածի 6-րդ կետում «հունիսի» բառը փոխարինել «օգոստոսի» բառով:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունա­կակա­նությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով առաջարկվում է նախագիծ, որով անհայտ կորածի (ինչպես նաև գերեվարվածի) ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2023 թվականի օգոստոսի 10-ը:

Կառավարությունը որոշել է բավարարել «Բեսթ Ինվեսթ Գրուպ», «Գրանդ Մաստեր», «Պրինիտամ Դանվեստ» և «Գրանդ Քենդի» ՍՊԸ-երի ներկայացված հայտերը

Կառավարությունը որոշել է բավարարել «Բեսթ Ինվեսթ Գրուպ», «Գրանդ Մաստեր», «Պրինիտամ Դանվեստ» և «Գրանդ Քենդի» ՍՊԸ-երի ներկայացված հայտերը և գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես՝ ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն կիրառել:

Օրենսդրական նախաձեռնություն

Կառավարությունը հավանություն է տվել «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստա­նի Հանրապետության օրենքի նախագծին:

Նախա­գծով առաջարկվում է կարգավորել մանկավարժական աշխա­տողի իրավունքների, ինչպես նաև սովորողի ծնողի իրավունքների և պարտականությունների հետ կապված մի շարք հարաբերություններ, մասնավորապես՝ առաջարկվում է մանկավարժական աշխատողների պարտականություններում ամրագրել դրույթ, որով մանկավարժները պարտավորվում են խթանելու բոլոր սովորողների, ինչպես նաև առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ակտիվ մասնակցությունը կրթական գործընթացում, այդ թվում՝ արտադասարանական և արտադպրոցական միջոցառումներում, սահմանել դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ծնողների փոխօգնության ոչ ֆորմալ խումբ ստեղծելու, ինչպես նաև երեխայի անհատական ուսուցման պլանի մշակմանն ու իրականացմանը ծնողի մասնակցության իրավունք։

Այլ որոշումներ 

Հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրերի (Participation Programms) 2022-2023թթ. շրջափուլում «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված Հայաստանի ազգային արխիվի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով «Արխիվներ՝ մարդկության հիշողություն» ծրագրային առաջարկը, որի իրականացման համար 2022 թվականի սեպտեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան հաշվին է փոխանցվել 25,972.5 ԱՄՆ դոլարին համարժեք 10 625 090 ՀՀ դրամ:

«Արխիվներ՝ մարդկության հիշողություն» խորագրով միջազգային գիտաժողովը նպատակաուղղված է արխիվային ոլորտում մշակութային քաղաքականության զարգացմանն ու արդիականացմանը՝ հիմք ընդունելով Արխիվների միջազգային խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նորմատիվ փաստաթղթերը։ Այն նպատակ ունի նաև ամրապնդելու և պաշտպանելու ազգերի մշակութային ժառանգությունը և հազար­ամյակների պատմությունը։ Սույն ծրագրով նախատեսված միջոցառումը պետք է կյանքի կոչվի մինչև 2023թ. դեկտեմբերի 31-ը, որին հաջորդող մեկ ամսվա ընթացքում «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից պետք է ներկայացվի ծախսերը հավաս­տող հաշվետվություն։ Որոշման նախագծի ընդունմամբ, ապահովվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրերի (Participation Programms) 2022-2023թթ. շրջափուլի համար հաստատված Հայաստանի ազգային արխիվի կողմից ներկայացված Հայաստանի ազգային արխիվի 100-ամյակին նվիրված միջազգային համաժողովի կազմակերպումը։

Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Սամվել Ավետիսի Գասպարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում է տրվել: Ըստ որոշման, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը:

Սամվել Գասպարյանը (ծնված` 1997 թվականի նոյեմբերի 24-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Սայաթ-Նովայի փ., շ. 9-9 ա, բն. 3, Շիրակի մարզի ԶԿ) ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի 2022 թվականի առաջնության 2-րդ մրցանակակիր է, ծանրամարտի մեծահասակների աշխարհի 2022 թվականի առաջնության 3-րդ մրցանակակիր: 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31