Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դու մի մարդ ես, որը պատերազմ չի կարող վարել, պատերազմը վախկոտների կամ ցռան վերգոների համար չէ»․ Հրանտ Բագրատյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Հուլիս 06,2023 17:04

«Դու մի մարդ ես, որը պատերազմ չի կարող վարել, պատերազմը վախկոտների կամ ցռան վերգոների համար չէ»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը՝ ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների։

«Երբ գնում ես Ալիեւի հետ հանդիպման, դու նրա շվաքից ես վախենում, նա քեզ մի անգամ ծեծել է, ստորացրել է։ Այս ժողովրդին 2021-ի հունիսին ասում էինք՝ եկեք փոխենք։ Այ ժողովուրդ, դու ուզում ես Սյունիքը կորցնե՞լ, Հայաստանը կորցնե՞լ։ Այս մարդը թող գնա։ Նոյեմբերի 9-ից հետո ինքը պիտի դուրս գար, մի մարդ, որը սիրում է իր հայրենիքը, կասեր՝ ես գնում եմ, մի մարդ, որն այս նվաստացումը չի տարել, ավելի հեշտ կբանակցի։ Չարեց, մեր մեջքը կոտրեց 2021-ի հունիսի 21-ը»,- ասաց Բագրատյանը։

Հրանտ Բագրատյան

«Ես կուզեի կոչ անել արցախցիներին, որ լավ օրերը գալու են, եւ Արցախի ղեկավարությանը՝ վերջապես ցույց տվեք, որ մի տեղ տղամարդ եք, հատկապես Արայիկ Հարությունյանը։ Կամ էլ գնա։ Այսօր Արցախի պայքարի թիրախը ՀՀ կառավարությունն է, ոչ Ադրբեջանն է, ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ն, ոչ Իրանը, ոչ էլ Թուրքիան։ Մի դարձեք գերի էն երկու կոպեկ փողին, որ հաշիվներիդ նստում է, մեկ է, փողը նստում է, բայց ուտելու բան չկա։ Հնարավոր չէ այսօր Արցախը փրկել, եթե ՀՀ ղեկավարը չասի՝ այո, մեզ խաբել են։ Ես չեմ ասում՝ Նիկոլի հարցը լուծեք, աշխատանքից հանեք։ Վեր կացեք, ասեք՝ էս մարդը հակառակ ուղղությամբ է տանում, մենք չենք անելու քո ասածները, քո փողն էլ քեզ պահիր։ Այս բյուջետային օգնությունը ձեր հուղարկավորության ծախսն է իջեցնում, հասկացեք»,- ասաց նա։

Հրանտ Բագրատյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը արցախցիներին լավ չի ճանաչում։ «Ճանապարհը վերջնական փակ է մեկ ամիս։ Մինչ այդ թողնում էին մարդկանց դուրս գալ, մի ավտոբուս կար, որն անվանում էին «գորշ ավտոբուս»։ Այդ ավտոբուսը լիքը չէր գնում, թուրքերը թույլ էին տալիս, որ այդ ավտոբուսը դուրս գար, դատարկ հետ գնար։ Ամեն օր 10-15  մարդ էր գնում Արցախից, այսինքն՝ եթե այդ տեմպերով գնար, Արցախը կդատարկվեր 160 տարում։ Սա ի գիտություն Նիկոլ Փաշինյանի»,- ասաց նա։

Բագրատյանը հավելեց, որ իր կարծիքով՝ քիչ հավանական է, որ Արցախի դեմ ռազմական գործողություն սկսեն։ «Ալիեւը դա համարում է հակատեռորիստական գործողություն, բայց պատկերացրեք՝ հարձակվում է եւ չի կարողանում, սկսվում է պատերազմը, որտեղ Արցախը սկսում է դիմակայել։ Այս դեպքում արդեն նույն Ալիեւն ընկնում է կրակը՝ սկսել են պատերազմ, չեն կարողանում հաղթել։ Հետո Ալիեւը մտածում է՝ ժամանակի ընթացքում ջլատելու է, այսօր Արցախում սնունդ չկա։ Իմ գնահատմամբ՝ Ալիեւը հիմա չի հարձակվի Արցախի վրա, նա կոնկրետ նպատակ ունի, ինչո՞ւ պետք է հարձակվի մի բանի վրա, որն իրեն է։ Նա դեռ կհամբերի, որպեսզի առավելագույն շահն ստանա ու դուրս գա Սյունիք» ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31