Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը գնալով վատթարանում է, և կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը քաղաքացիական նպատակների համար:
«Մենք ծայրահեղ անհանգստություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի՝ հաճախակի դարձած խախտումների և Լաչինի միջանցքի պահպանվող շրջափակման կապակցությամբ: Ըստ մեր ունեցած տեղեկության, հումանիտար իրավիճակը տարածաշրջանում վատթարանում է: Ցավով ստիպված ենք փաստել, որ մատակարարումների դադարեցման պատճառով Ղարաբաղի բնակչությունը կարող է մնալ առանց պարենի, առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի պաշարների»,- ասել է Զախարովան:
Այդ ամենը, նրա խոսքով, հակասում է 2020թ.Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններին:
«Մենք կոչ ենք անում Բաքվին ու Երևանին այդ հարցերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ապահովելել դրանով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների տեղաշարժը քաղաքացիական նպատակներով»,- ասել է Զախարովան:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է խաղաղապահների գործունեությանը, ապա դրանք, ըստ Զախարովային կհամապատասխանեն տեղում իրավիճակի զարգացմանը: Խաղաղապահների գործողությունները, նրա խոսքով, կբխեն եռակողմ պայմանավորվածություններից:
Զախարովան նաև նշել է, որ Մոսկվան կապ է պահպանում հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ տարածաշրջանում իրավիճակը ապաէսկալացնելու նպատակով: Նրա խոսքով՝ այդ շփումները շարունակվում են և՛ քաղաքական, և՛ խաղաղապահների մակարդակով:
«Եվ իհարկե, շատ բան կախված է կողմերից, նրանց քաղաքական կամքից և միմյանց ընդառաջ գնալու պատրաստակամությունից: Մենք մեր կողմից ներդնում ենք բոլոր հնարավոր ջանքերը»,- ասել է Զախարովան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ