Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որ Արցախը նախկին իշխանություններն են հանձնել։ «Երբ դու ասում ես՝ դա նախկիններն են տվել, կլինի՞ դու ասես՝ նախկիններն ուրիշ ի՞նչ են տվել, որովհետեւ ինչ էլ հաջորդաբար մի վատ բան լինի, ասելու ես՝ նախկիններն են արել։ Սյունիքով ճանապարհ, ադրբեջանցիների ասելով՝ միջանցք, մեր ասելով՝ տարանցիկ ճանապարհ, ո՞վ է տվել։ Դու հիմա երկաթգիծն ես վերանորոգում, մի երկու հատ էլ ճանապարհ ես տվել, առնվազն երկու։ Դու Հայաստանն ես տվել, այստեղ ի՞նչ պետք է ասես, հո չես կարող ասել՝ նախկիններն են տվել։ Նա Ջերմուկով ճանապարհ է ուզում, ասում ՝ պետք է գամ, Երասխով դուրս գամ։ Խնդիրն այստեղ է, գայլի գլուխն այստեղ է»,- ասաց Բագրատյանը։
Նա նշեց, որ քաղաքական գործիչների միջոցով Հայաստանում հակառուսական տրամադրություններ են ստեղծվում։ «Իրենք նստում, ասում են՝ միջանցքը տվել են ռուսները։ Հիմա ես ձեզ հարց եմ տալիս՝ միջանցքը ո՞վ է տվել, միջանցքը տալու տակ ստորագրել է ձեր վարչապետը, որին դուք պաշտպանում եք։ Երկրորդ, դուք ասացիք՝ ռուսները մեզ քաշում են, գնացիք Արեւմուտք։ Արեւմուտքում էլ միջանցքի հետ կապված երկու խնդիր կա՝ առաջինը ռուսներն այդտեղ չպետք է լինեն, երկրորդ, այդ միջանցքը մեզ լավ էլ պետք է, թող այդտեղ հենց Ադրբեջանը լինի, դրանով Իրանի ճամփեն փակի։ Հիմա իրենք մանթրաշ ընկած կչկչում են։ Այդ այլանդակ արտահայտությունը, որն անում է Հայաստանում ԱՄՆ դեսպանը, դա մեզ ապտակ էր, ուղղված էր Ադրբեջանին։ Դա այն երկիրն էր, որը պարտավոր էր 30 տարի կարգավորել Արցախի հարցը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, դե հիմա խոսեք»,- ասաց Բագրատյանը։ Նշենք, որ ասուլիսը տեղի էր ունեցել մինչեւ ԱՄՆ դեսպանի պարզաբանումը։
Ըստ Հրանտ Բագրատյանի՝ Հայաստանի ղեկավարությունը մեկ թեքվում է Ռուսաստան, մեկ՝ ԱՄՆ, բայց տեսնում է, որ ամերիկացիները չեն կարողանում ստիպել Ալիեւին, որ գոնե Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչեն։ «Բայց ես չեմ կարծում, որ այդպես հեշտությամբ նրանք կուլ են տալու Արցախը, արցախցիները կպայքարեն, եւ ես հավատում եմ, որ Հայաստանից օգնություն կգնա։ Նիկոլ Փաշինյանը չէ, մյուսները կանեն, անիմաստ է Փաշինյանից ակնկալել որեւէ տրամաբանական որոշում»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ