«Ակունք». Ուրֆայում (Եդեսիա) վերջերս փլվել է Գերմուշ գյուղի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու գմբեթը։ Մարդինից ընտրված ասորի պատգամավոր Ջորջ Ասլանը, որը «Ձախ կանաչներ» կուսակցության անդամ է, հարցում է ուղարկել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին՝ բացատրություններ պահանջելով թեմայի վերաբերյալ։
Ասլանը հարցապնդման մեջ մասնավորապես նշել է․ «Չնայած 2011 թ․ Նախարարների խորհրդի որոշմամբ Գերմուշ գյուղի եկեղեցին և շրջակայքը «Զբոսաշրջության զարգացման կենտրոն» են հռչակվել, իսկ 2019 թ․ էլ եկեղեցին Քարաջադաղի զարգացման գործակալության կողմից ընդգրկվել է նյութական աջակցության ծրագրում, սակայն ո՛չ եկեղեցում, ո՛չ էլ նրա շուրջ որևէ աշխատանք չի իրականացվել։
Գերմուշի եկեղեցու նման՝ Թուրքիայում ճակատագրի քմահաճույքին թողնված հարյուրավոր եկեղեցիներ ու վանքեր քանդվելու վտանգի տակ են՝ անխնամ մնալու կամ գանձ որոնողների հարձակումներին ենթարկվելու հետևանքով։
Թեև տեղյակ եք եղել, որ Գերմուշի եկեղեցին ամեն պահ փլվելու վտանգի առաջ է կանգնած, ինչո՞ւ պահպանման տակ չեք վերցրել այն։ Ի՞նչ է արվում քրիստոնյաներին պատկանող մշակութային հարստությունների ավիրմանը և մշակութային հիշողության անհետացմանն արգելք դառնալու համար»:
Կարդացեք նաև
Մելինե ԱՆՈՒՄՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: