Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչում Սյունիքի այսպես կոչված միջանցքների պատճառով, որը նոյեմբերի 9-ին ստորագրել է Փաշինյանը»․ Հրանտ Բագրատյան

Հուլիս 06,2023 16:19

Արցախահայությունը պատանդ է, դեսերտի նման դրել են Ալիեւի դեմը, ասում են՝ խժռիր, Սյունիքը թող։ Այս մասին այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։

Հրանտ Բագրատյան

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը եղել է Հայաստանի խնդրանքով՝ Ռուսաստանի միջնորդությամբ։ Բոլոր կետերը եղել են մեր խնդրանքով, եւ հանկարծ այդ հայտարարության մեջ հայտնվում է 9-րդ կետը՝ անհասկանալի կետ։ Այս կետը չի վերաբերվում Արցախին։ Մի ուրիշ կետ էլ կա, որ զորքերը պիտի մնան այնտեղ, որտեղ կանգնած են։ Օրինակ՝ Կապանից մենք 20 կմ առաջ էինք կանգնած։ Փաշինյանն ասում է՝ հետ եկեք, իրեն ասում են՝ գրված է՝ այնտեղ, որտեղ կանգնած ենք։ Ասում է՝ չէ, սա իմ որոշումն է, հետ եկեք։ Սրա համար պետք է պատասխան տալ։ Ընդ որում, հետ են գալիս ավելին, քան պետք է, մի բան էլ զիջում են ՀՀ տարածքից, օրինակ՝ Գորիս-Ճակատեն հատվածը։

Հայտնվում է 9-րդ կետը, կարդացեք նոյեմբերի 9-ի հայտարարությունը, երբ կարդաք, կտեսնեք, որ այդ հայտարարությամբ ասվում է՝ առկա ճանապարհային կոմունիկացիաները բացվում են, դա Մեղրիի երկաթգիծն է, բացի դրանից, Հայաստանի տալիս է եւս մի քանի ճանապարհ՝ կապ Արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ։ Ոմանք կարող են ասել, որ միջանցք գրված չէ, գրված է «անխոչընդոտ ճանապարհ»։ Ալիեւն ու Փաշինյանը ԱՊՀ-ի նիստում մի երկու ամիս առաջ վիճեցին, Ալիեւը շատ կարճ կապեց, Փաշինյանը ստիպված լռեց, ասաց՝ ինչ գրել ես, ես միջանցք եմ անվանում։ Փաշինյանը ոչ հեռատեսորեն փոխանակ կառչեր նոյեմբերի 9-ի հայտարարությանը, ասեր՝ էդ ճամփեքը, ինչ էլ որ տրվի, ռուսներն են հսկում, գնամ ռուսների հետ հասնեմ ճանապարհների այնպիսի կարգավիճակի, որ Հայաստանի ինքնիշխանությունը չխախտվի կամ նվազագույն չափով խախտվի, սկսեց հակառուսական պրոպագանդան, մի թունավոր ալիք, որը ռուսներին շփոթության մեջ գցեց։

Դրանից հետո Ալիեւը մի քանի անգամ փորձեց ճղել ու այդ ճանապարհն ստանալ։ Հարվածի երեք ուղղություն կա՝ մեկը Սիսիանի կողմից՝ Իշխանասարի կողմն է։ Ինքն ասելու է՝ այդտեղից ճղեմ, Անգեղակոթով մտնեմ Նախիջեւան։ Մինչեւ Անգեղակոթ՝ այս իշխանությունները ճանապարհն արդեն կառուցել են։ Նրանք չեն ասում՝ չենք տալու այս ճանապարհը, իրենք ճանապարհը կառուցել են, ասում են՝ այդ ճանապարհին պետք է լինեն հայկական սահմանապահ զորքեր ու մաքսատուն։ Ալիեւն ասում է՝ ձեզ պահեք, այնտեղ գրել եք՝ անխոչընդոտ, վերջ։ Մյուսը՝ Ջերմուկից է խփում գալիս, Ջերմուկ քաղաքից նրանք հեռու էին 20 կմ, բայց մեր օպերատիվ տեղեկատվությամբ հեռու են 8 կմ, 12 կմ առաջ են եկել։ Եվ մյուսը հենց Վարդենիսից է ուզում ճղել։ Եվ Փաշինյանը սկսեց Արեւմուտքից օգնություն հայցել, անում է ամեն ինչ, որպեսզի խնդիրը կենտրոնանա Ղարաբաղի վրա»,- ասաց Հրանտ Բագրատյանը։

Նա նշեց, որ միջանցք տալն ստորագրված է Փաշինյանի կողմից։ Ըստ նրա՝ երբ Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիները փակեին ճանապարհը, Հայաստանի իշխանությունները մեղադրեցին ռուսներին։ «Ռուսները ոչինչ չեն էլ անելու, որովհետեւ նրանք փակել են ճանապարհը, ասում են՝ երկու տարի է անցել, ինչ խոստացել եք, տվեք, մենք էլ բացենք ճանապարհը։ Ավելին, մոտ 25 օր առաջ Ալեն Սիմոնյանը բերանից թռցրեց այդ բառը։ Բրիֆինգ էր Ազգային ժողովում, լրագրողը հարցրեց՝ Հակարիի կամուրջը փակելը կարո՞ղ է պատահի նրա համար է, որ մենք մեր խոստումը չենք կատարել։ Ինքը չասաց, որ մենք չենք խոստացել այդ միջանցքները, անխոչընդոտ ճանապարհ ասենք, որ մեզ չմեղադրեն, թե ինչո՞ւ եք սովորեցնում ադրբեջանցիներին։ Ինքն ասաց՝ գերիներին ե՞րբ վերադարձրին որ կամ Շուշիի մոտ ինչո՞ւ ճանապարհը փակեցին։ Այսինքն՝ իրենք իրենց անելիքը չեն անում, այդ դեպքում մենք այդ ճանապարհները չենք տալու։ Այսինքն՝ մենք այդ ճանապարհները չենք տալիս ոչ թե այն պատճառով, որ չենք կարող, այլ որովհետեւ Ադրբեջանն իբր իր խոստումը չի կատարել։ Ադրբեջանն ասում է՝ ես իմ խոստումը պահել եմ, Շուշիի ճամփեն ու Լաչինի միջանցքը 2 տարի բաց էր։ Այստեղ Փաշինյանն արեց մի այլ խորամանկ քայլ, հավանաբար ամերիկացիների խորհրդով, նա ասաց, որ Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս։ Սա ազդեցություն չունեցավ Ադրբեջանի վրա, Ադրբեջանն այսօր էլ բանակցություններում Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչում Սյունիքի այսպես կոչված միջանցքների պատճառով»,- նշեց նա։

Ըստ Բագրատյանի՝ ամերիկացիները ուզում են իրենք կարգավորել այս խնդիրը, բայց առանց զորք բերելու եւ առանց զենք տալու։ Զենք նրանք տալիս են միայն Ադրբեջանին։ «Եվ, ահա, նույն Արեւմուտքը փորձեց Ադրբեջանին ասել՝ լրիվ քեզ ենք տալիս, մենք թքած ունենք ինքնորոշման հարցի վրա, նրա վրա, որ Մինսկի խմբի մաս ենք կազմում, որ պարտավոր ենք լուծում տալ, լավագույն դեպքում պայքարում ենք, որպեսզի պատվավոր հուղարկավորություն լինի Ղարաբաղի ժողովրդի համար։ Եվ ասացին՝ մեր նպատակն է ռուսներին այստեղից հանել։ Եվ ընդհանրապես Արեւմուտքն ասում է՝ Նիկոլ, հիշիր, իմ նպատակն է ոչ թե այս բանակցությունների ընթացքում հայ-ադրբեջանական թնջուկ լուծելը, այլ ռուսներին Հայաստանից հանելը։ Դրանից հետո ես հարձակվելու եմ Իրանի վրա, ինչպես նաեւ Ռուսաստանն իմ թշնամին է։ Այստեղ մենք հայտնաբերում ենք, որ Արեւմուտքի համար ավելի կարեւոր է Ռուսաստանի հարցերը լուծելը, եւ մենք այդ կուտն ուտում ենք։ Երեւի Արեւմուտքն է խորհուրդ տվել Նիկոլին, ասում է՝ գնա Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչիր՝ 86,6 հազար քկմ։ Սա էլ գալիս է հայտարարություն է անում, ասում է՝ Ալիեւ, դե դու էլ հայտարարիր 29,8 հազար քկմ։ Ալիեւն ասում է՝ քեզ երեք մատիս կոմբինացիա, չեմ ճանաչում։ Արեւմուտքն էլ հավանաբար զանգում է Նիկոլին, ասում է՝ Ղարաբաղի մասին մոռացեք, թող Ալիեւը հիմա գնա թաղվի, իրեն էլ միջազգային հանրությունը մի լավ կփնովի, դատապարտող բանաձեւեր կընդունի, այդ դեպքում մենք գուցե պրծացնենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եթե չեղավ, Նիկոլ, Սյունիքը կտաս, դուրս կգաս»,- ասաց Հրանտ Բագրատյանը։

Նա նաեւ հավելեց, որ Սյունիքի հարցը Հայաստանի տարածքին է վերաբերում, ՀՀ նախագահը պարտավոր է ասել՝ ես նոյեմբերի 9-ի 9-րդ կետը չեղարկում եմ։ «Կամ չեղարկում ենք սա, կամ էլ պարտավոր ենք դնել հանրաքվեի։ Գործող իշխանական թիմն ամեն ինչ անում է՝ սա շրջանցելու համար։ Իշխանական թիմը ասում է՝ մի քիչ ղարաբաղյան հարցը ուժեղացնեմ, գուցե դրա դիմաց իրենք կասեն՝ լավ, մենք Սյունիքը մոռանում ենք։ Արանքում տուժում է արցախահայությունը, որը պատանդ է, դեսերտի նման դրել են Ալիեւի դեմը, ասում են՝ խժռիր, Սյունիքը թող։ Սյունիքից արդեն Փաշինյանը վախենում է, որովհետեւ ստացվում է՝ ոչ միայն Ղարաբաղը տվեց, այլ բուն Հայաստանի տարածքները»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31