Լրահոս
Օրվա լրահոսը

«Վատ կանխատեսում ունեմ, որ Ադրբեջանը լայնամասշտաբ գործողություն է սկսելու Արցախում, դրա անունը դնելու է հակաահաբեկչական գործողություն»․ Նաիրա Զոհրաբյան

Հուլիս 06,2023 15:28

«Այսօր Բաքվի բանտերում որպես ահաբեկիչ դատապարտված ունենք տասնյակ զինվորներ, որոնց գոյության մասին իրենց հարազատներից բացի՝ ոչ մեկը չի հիշում»,-«Հայելի» ակումբի ուղիղ եթերում վրդովվեց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հ/կ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Այս համատեքստում հիշեց, թե ինչ է իրեն պատմել անհետ կորածներից մեկի քույրը․ «Զինվորի քույրը, որն անհետ կորած է, ու նրա հետ եղել են ևս երկու զինվորներ, որոնք ականատես են եղել նրա գերեվարմանը, քննիչին հարցրել է՝ ինչո՞ւ չեք կանչել ու պատերազմից հետո չեք հարցաքննել իմ եղբոր հետ նույն տեղանքում գտնվողներին։ Քննիչն ասել է՝ քեզ համար ի՞նչ տարբերություն՝ մեկ, երկու, թե երեք տարի հետո կկանչենք, հիմա ենք կանչում։ Ծնողները մահանում են՝ իրենց որդուն սպասելով, աչքները ջուր կտրելով, սրանք ընտանիքին ասում են՝ ի՞նչ տարբերություն էդ ականատես, վկա զինվորներին երբ ենք հարցաքննում։ Կա ռեալ ականատես, ում աչքի առաջ սպանել, առևանգել են անհետ կորածին, և ականատեսը հարցաքննվում է պատերազմից երկու տարի ութ ամիս անց։ Հասկանո՞ւմ եք այս արհավիրքը»։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Միշտ, ամեն օր Նիկոլը բավարարելու է Ադրբեջանի օրակարգը, ամեն օր տալու է ՀՀ-ի ինքնիշխանությունից այն, ինչ ուզելու է Ադրբեջանը, և դրա դիմաց ՀՀ-ն ոչինչ չի ստանալու։ Երբ այս բարդակի անունը դնում են բանակցություններ, կամ խաղաղության օրակարգ, այնտեղ ոչ բանակցություն կա, ոչ էլ խաղաղության օրակարգ։ Դա Ադրբեջանի օրակարգն է, հինգ կետերն են, որոնք Ադրբեջանն ուժով պարտադրելու է, որ ներառվեն խաղաղության պայմանագրի մեջ, որ Հայաստանը վավերացնի այդ պայմանագիրը։ Նիկոլի ուզածն այն է, որ միջազգային հանրության ճնշման ներքո այդ խաղաղության պայմանագրում ներառվեն ձևակերպումներ, որոնք Նիկոլը կարողանա իր ընտրազանգվածին ծախել, թե իբր մենք էլ ինչ-որ բան կարողացանք պոկել Ադրբեջանից»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների առիթով էլ նշեց․ «Երեկ էլ սպառնում էր Մակրոնով, ասում էր՝ խաղաղության պայմանագրում ձևակերպումները պետք է լինեն հստակ, որ հաջորդ որևէ իշխանության կամ ուժի, կամ հայ հասարակության կողմից տարընթերցման առարկա չլինեն։ Այն օրակարգը, որը Փաշինյանը փորձում է խաղաղության օրակարգ ներկայացնել, նոր պատերազմի օրակարգ է լինելու»։

Նաիրա Զոհրաբյանին վատ կանխատեսումների հիմք է տալիս վերջին օրերի ադրբեջանական քարոզչությունը․ «Ինչի՞ համար էր այն անոնսը, որ գնաց ադրբեջանական լրատվամիջոցներով, որ Ադրբեջանը պատրաստվում է Արցախում իրականացնել հակաահաբեկչական օպերացիա, թե իբր այնտեղ կան անջատողական ուժեր, հայկական զինված ուժեր։ Շատ վատ կանխատեսում ունեմ, որ առաջիկա օրերի ու շաբաթների ընթացքում Ադրբեջանը լայնամասշտաբ գործողություն է սկսելու Արցախում, դրա անունը դնելու է հակաահաբեկչական գործողություն և իբր վնասազերծում է ահաբեկչական ռազմական խմբավորումներին։ Դա նոր պատերազմ է լինելու, նոր զոհեր են լինելու և դրա անունը Ադրբեջանը դնելու է հակաահաբեկչական ակցիա, որի վրա, ցավոք, աչք է փակելու միջազգային հանրությունը, այնտեղ արցախցիների անվտանգությունը պահող ռուս խաղաղապահները»։

Նա նաև հայտնեց, որ զրուցել է ՌԴ պետական դումայի՝ իր գործընկերների, պատգամավորների հետ, նրանք ևս ունեն մտավախություն, իրենց ինֆորմացիա էլ արտաքին հետախուզությունից ստացված այն է, որ Ադրբեջանը պատրաստվում է Արցախում ինչ-ինչ գործողություններ իրականացնել՝ անունը դնելով հակաահաբեկչական գործողություն։

Դիմելով ռուս խաղաղապահներին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Հայաստանյան և արցախյան որոշ գործարարներ որոշակի գումարով շահագրգռելով՝ ռուս խաղաղապահների միջոցով կարողանում են իրենց մթերքն անցկացնել Արցախ, և մեկ կիլոգրամ ծիրանը անամոթաբար վաճառել երեք հազար և խնձորը՝ 2000 և 2500 դրամով։ Հասկանում ենք, որ եթե հնարավոր է «լևի» ճանապարհով մթերք հասցնել, ինչո՞ւ չեք կարողանում ապահովել 120 հազար պատանդ արցախցիների համար մթերք հասցնելը»։

Նաիրա Զոհրաբյանը նաև քննադատեց խորհրդարանական ընդդիմությանը՝ հիշեցնելով, որ նրանք այլ օրակարգով էին եկել խորհրդարան, մինչդեռ հիմա զբաղված են հասկանալի չէ, թե ինչով․ «Հարց եմ տալիս ձեզ՝ կանգնեցիք, ասացիք՝ սա դավաճան, հանցագործ ռեժիմ է, ո՞նց եք նրանց հետ գնում գործուղումների, ի՞նչ եք անում գործուղումների ժամանակ։ Լավ, չե՞ք ամաչում, էդ մանդատը այդքան թանկ բա՞ն է, որ հանուն մանդատի, աշխատավարձի, պարգևավճարի այդ քայլի եք դիմում։ Կհասկանամ, որ գնաք ԵԱՀԿ, ԵԽԽՎ, նստեք հացադուլի։ Այսինքն՝ այս ամենում դուք էլ ձեր բաժին պատասխանատվությունն ունեք»։

Նախկին պատգամավորն ահազանգեց՝ մարդիկ գլխապատառ փախչում են Հայաստանից, և այն անձինք, որոնք 2018-ին այս իշխանության համար փողոցներ էին փակել․ «Եթե նախկինում անձը 17 հազար էր, այսօր 35 հազար դոլար են վճարում, տուն-տեղ ծախում, այստեղ մնացած հարազատներին գցում վարկի տակ, որ Մեքսիկայով կարողանան փախչել ԱՄՆ։ Մեքսիկայի գաղութում գտնվող մի երիտասարդ աղջիկ ինձ զանգել, խնդրում էր՝ օգնեմ, ասում էր՝ բերդում պիտի 12 օր պահեին, մեկ ամսից ավելի է այստեղ եմ։ Ասում էր՝ 35 հազար վճարեցի «պրավադնիկին», ասաց՝ երկու շաբաթ կմնաս, բայց իմ նորածին երեխայի հետ մեկ ամսից ավելի է բերդում եմ։ Սա է այսօրվա ժողովրդավարական Հայաստանի իրական դեմքը, սպանված Արմեն Գրիգորյանն է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31