Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի քան 760 ուսուցիչ չէր հաղթահարել կամավոր ատեստավորման փուլը». ԿԳՄՍ փոխնախարար

Հուլիս 06,2023 14:31

«Մեկնարկել է այս տարվա՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտագրումը, որը մինչեւ հուլիսի 15-ը բաց է լինելու, եւ մեր ուսուցիչները կարող են հայտագրվել կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար: Այս տարի ունենք որոշ փոփոխություններ»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

«Կամավոր ատեստավորմանը կարող են մասնակցել բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչները, այդ թվում՝ նաեւ դասվարները: Կամավոր ատեստավորման ուղեցույցներն արդեն հրապարակված են Գնահատման եւ թեստավորման կենտրոնի կայքում, որին ծանոթանալով՝ ուսուցիչները կարող են պատկերացում կազմել, թե ինչ թեմաների շուրջ է անցկացվելու կամավոր ատեստավորումը: Այս տարի կամավոր ատեստավորմանը կարող են մասնակցել նաեւ որեւիցե տեղ չաշխատող, բայց մանկավարժի կրթություն ունեցող, մանկավարժի պահանջներին համապատասխանող անձինք, որոնք կամավոր ատեստավորման արդյունքում, համապատասխան միավորներ ունենալու դեպքում, կարող են ավելի բարձր աշխատավարձով աշխատանքի անցնել հանրակրթական ուսումնական հաստատություններում»,-հավելեց փոխնախարարը:

Նրա խոսքով. «Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն ունեն նաեւ հանրապետության ուսումնական հաստատություններում աշխատող 1300-ից ավելի այն ուսուցիչները, որոնք ունեն միջին մասնագիտական կրթություն, եւ Հանրակրթության մասին օրենքի համաձայն՝ նրանց հետ աշխատանքային պայմանագիրը դադարեցվելու է այս տարվա օգոստոսի 20-ից հետո, եւ իրենք իրենց աշխատանքային գործունեությունը հանրակրթական դպրոցում այլեւս շարունակել չեն կարող:

Հանրակրթության մասին օրենքում կատարված փոփոխության համաձայն՝ այս ուսուցիչները եւս կարող են մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին, եւ անհրաժեշտ շեմն ապահովելու դեպքում՝ կարող են շարունակել իրենց գործունեությունը հանրակրթական ուսումնական հաստատություններում:

Վերջին խումբը, որի մասին կուզեի խոսել, դրանք այն ուսուցիչներն են, որոնք անցյալ տարի մասնակցել են կամավոր ատեստավորման գործընթացին, սակայն չեն գրանցել բավարար արդյունքներ: Նրանք այս տարի եւս կարող են մասնակցել: Այս ուսուցիչներին աջակցելու նպատակով հանրապետության 4 բուհեր իրականացնում են վերապատրաստման գործընթացներ: Մենք 760-ից ավելի ուսուցիչներ ենք ունեցել անցյալ տարի, որոնք չեն հաղթահարել կամավոր ատեստավորման պահանջվող փուլը, եւ նրանց մեծ մասը՝ շուրջ 700-ը, հայտավորվել եւ մասնակցում է վերապատրաստման դասընթացներին: Վերապատրաստումները պարտադիր չեն, սակայն դրանք նպատակ ունեն լրացնել այն բացը, այն թեմաները, որոնց հարցում ուսուցիչները աջակցության կարիք ունեին»:

Արաքսիա Սվաջյանը տեղեկացրեց նաեւ, որ այս պահի դրությամբ կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար գրանցվել է շուրջ 5000 ուսուցիչ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31