Այսօր Ադրբեջանն ընդունում է, որ Լաչինի միջանցքը, Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակ է հենց ադրբեջանական գործողությունների հետեւանքով եւ այն չի կարող ծառայել նույնիսկ հումանիտար բեռնափոխադրումների համար։ Այս մասին այսօր Երեւան-Ստեփանակերտ հեռուստակամրջի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։
Նա ասաց, որ Ադրբեջանը նման քայլերով, արցախցիների իրավունքները խախտելուց որոշակի հաջորդականությամբ ստուգում է միջազգային հանրության արձագանքն ու խորացնում ճգնաժամը․ «Որքան միջազգային հանրությունը պատշաճ չի արձագանքում, այնքան խորանալու է ճգնաժամը։ Կարեւոր է, որ այսուհետ ադրբեջանական նման նոր քայլերին արձագանքի, կանխի հետագա քայլերը»։
Անդրադառնալով հիմնախնդրի կարգավորմանը միջազգային դերակատարների հնարավոր ներգրավմանը, Ներսիսյանն ասաց․ «Ոչ թե խաղաղապահ նոր առաքելության մասին է խոսքս, այլ խնդրում միջազգային դերակատարողների ներգրավվածության։ Մեծ նշանակություն ունի՝ միջազգային դերակատարները չե՞ն ներգրավվում, թե՞ չեն ուզում։ Կարեւոր է, թե մենք որքանով ենք լավ աշխատում՝ ոչ միայն Արցախը, այլ՝ ՀՀ-ն ու սփյուռքը, որպեսզի միջազգային դերակատարողների մոտ եթե չկա ցանկություն, ապա առաջանա այդ կամքը։ Խնդիրները հեշտ կարող են լուծվել, թե մենք դերակատարների մոտ ցանկություն առաջացնենք»։
Նրա խոսքով՝ Արցախն անընդհատ հայտարարում է, որ Ադրբեջանը դադարեցրել է գազամատակարարումը, էներգամատակարարումը, Ադրբեջանը հերքում է, եւ ինչու միջազգային հանրությունը պատշաճ չի արձագանքում․ «Մինչդեռ ցանկության դեպքում դա պարզելը մի քանի ժամվա հարց է։ Միջազգային հանրությունից կարող են ներկայանալ Ադրբեջան, մենք տեղն էլ կհուշենք, անմիջապես տեղում կբացահայտվի՝ որտեղ է խնդիրը։ Եթե միջազգային հանրությունը ցանկություն չունի խնդրին արձագանքել, ներգրավվել, ապա շատ անելիք ունենք եւ այստեղ Արցախի իշխանությունների հնարավորությունները բավարար չեն, այս ողջ գործընթացին ամբողջ ծավալին պետք է ներգրավվի ՀՀ-ն եւ սփյուռքը, որը մեծ դերակատարություն կարող է ունենալ։ Ցավոք․ այդ ջանքերը մեզ համար գոհացուցիչ չեն»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ