Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ՄԻՊ․ Միջազգային հանրությունը առաջնորդվում է նոր պետությունների ձեւավորումը թույլ չտալու առաջնահերթությամբ եւ դիտավորյալ ականջալուր չլինելով ինքնորոշման իրավունքի համար պայքարող բոլոր ժողովուրդներին

Հուլիս 06,2023 13:42

Հայաստանի հանրային իշխանությունը ներկայացնող մարմինների՝ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը, հայտարարությունները ցանկալի կլիներ, որ չհնչեին, քանի որ դրանք ընդհանուր գործին վնասում են, պետք է ձեռնպահ մնալ Արցախի ժողովրդի շահերից չբխող հայտարարություններից։ Այս մասին այսօր Երեւան-Ստեփանակերտ հեռուստակամրջի ժամանակ ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, նշելով՝ միջազգային գործընկերների հետ շփումների ժամանակ դրանց ներկայացուցիչներն էլ մատնանշում են հայկական կողմի այդ հայտարարությունները։

Ստեփանյանի խոսքով՝ Հայաստանի պաշտոնյաների նման հայտարարությունները կասկածի տակ են դնում Արցախի ինքնորոշման իրավունքը․ «Ինքնորոշման իրավունքը մեզ համար ակնհայտ է, այն հավասարազոր է Արցախի ժողովրդի կյանքի իրավունքին»։

Ստեփանյանի դիտարկմամբ՝ մի կողմից աշխատանք է տարվում, որ միջազգային հանրության կողմից ամբողջությամբ ընկալվի հումանիտար աղետալի վիճակը, մյուս կողմից Հայաստանում նման հայտարարություններ են արվում․ «Մենք կարծես ամեն օր խոսում ենք իրավիճակի աղետալի լինելու մասին, բայց իրավիճակի լրջությունն ու սպառնալիքը, որն այսօր կախված է Արցախում ապրող մարդու գլխին, անգամ Հայաստանի հասարակությունում ամբողջական չի ընկալվել։ Այն հանդարտությունը, որ կա Հայաստանում, երբեմն նաեւ հայկական սփյուռքում Արցախի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ, ինձ համար անընդունելի է»։

Անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հայտարարությանը, թե ԱՄՆ-ն հավատում է եւ հույս ունի, որ Արցախը Ադրբեջանի կազմում լինելով՝ արցախցիների խաղաղ ապրելը հնարավոր է, Ստեփանյանն ասաց, դա մի պարզ բացատրություն ունի՝ միջազգային հանրությունը շահագրգռված չէ միջազգային ընտանիքում նոր պետություններ ունենալ․ «Դրա մասին հստակ խոսում են, որ ցանկալի չէ նոր պետությունների ձեւավորումը, այսինքն` ինչ-որ պահի միջազգային հանրությունը ստեղծել է տարածքային ամբողջականության սկզբունքը, որը այսօր որպես ճիպոտ օգտագործում է ինքնորոշման իրավունքի ճանաչման ճանապարհով գնացող ժողովուրդների վրա։ Սա անընդունելի է, եթե աշխարհակարգը ձեւավորվում է իրավունքների վրա, խրախուսվում է մարդու իրավունքը, նույն ՄԱԿ-ի կանոնադրությունը հիմնված է մարդու իրավունքների վրա, բայց միեւնույն ժամանակ պետությունների, քաղաքական գործիչների կողմից տեսնում ենք տրամագծորեն այլ որոշում։ Ո՞վ է ասել, որ ֆրանսիացին, բելգիացին կամ մյուսը կարող է իր ինքնորոշման իրավունքն իրացնել, իսկ արցախցին չի կարող։ Այստեղ է, որ կանգնում ենք իրավունքի եւ դրա իրացման իրական գործիքակազմի եւ սահմանափակումների առաջ։ Նոր պետությունների ձեւավորումը թույլ չտալու առաջնահերթությամբ առաջնորդվելով՝ նրանք շարունակում են ապրել իլյուզիաներով, դիտավորյալ ականջալուր չլինելով ինքնորոշման իրավունքի համար պայքարող բոլոր ժողովուրդներին, այդ թվում՝ արցախցիների»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31