Հայաստանում իրականացվող գյուղատնտեսության զարգացման ծրագրերը գյուղատնտեսական տնամերձ տարածքներում որևէ դրական զարգացման չեն հանգեցնում։ Այս մասին այսօր կառավարության նիստում նշեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։
«Խնդիրն ավելի է խորանում, երբ տնամերձ տարածքներում արդեն իսկ տնկված ծառերի մոտ նկատվում է բերքատվության անկում, տարատեսակ հիվանդությունների նկատմամբ կայունության նվազում, ինչպես նաև մեծամասամբ բացակայում է ջրախնայող տեխնոլոգիաների կիրառությունը»,– ասաց Խոջոյանը։
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ տնամերձ այգիներում տնկված ծառերը հիմնականում տնկվել են անցյալ մի ժամանակաշրջանում և դրանից հետո, ըստ էության, այդ ծառերի կամ այգիների մշակման ուղղությամբ մեծ աշխատանք չի արվել, որովհետև դա դիտվել է որպես հոբբի:
«Երկրորդը, կան բազմաթիվ հողեր համայնքներում, որոնք նույնիսկ հոբբիի մակարդակով չեն մշակվում: Կան այգիներ, որոնք բերքատվություն չունեն էլ: Հիմա գաղափարն այն է, որ պետությունը քաղաքացիներին առաջարկում է՝ ասելով՝ եկեք այդ հին, ոչ բերքատու կամ սակավ բերքատու մշակաբույսերից ազատեք հողը, արմատախիլ արեք ինչ կա-չկա, և պետությունը կփոխհատուցի ձեզ 95 տոկոս ֆինանսավորմամբ, որ հավաստագրված տնկիներ կտրամադրի ձեզ եւ կաթիլային ոռոգում անցկացնելու հարցում կաջակցի ձեզ: Եթե կարողանանք այն էֆեկտին հասնել, որ ամբողջ գյուղի բոլոր տնամերձերը այդ նույն մշակաբույսը տնկեն, սկսեն մշակել նոր տեխնոլոգիաներով, այդ գյուղը դառնում է այդ մշակաբույսի արտահանման, մշակման կլաստեր»,-ասաց Փաշինյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, ծրագիրը հեշտ չի լինելու էմոցիոնալ տեսակետից. «Այս ընթացքում էլ խոսել ենք, ասում են` հա, ծառը բերք չի տալիս, բայց պապս է տնկել, ո՞նց հանեմ։ Բա պապն էլ է պապ ունեցել, պապի պապն էլ է ծառ տնկել, բա ո՞նց է, որ հիմա պապի պապի տնկած ծառը չի այգում, այլ ընդամենը պապի։ Որովհետև պապը իր պապի տնկած ծառը ինչ–որ մի բան արել է»,– ասաց Փաշինյանը` խորհուրդ տալով պապի տնկած ծառից տան համար հուշանվերներ պատրաստել ու պահել, ինչպես նաև իրենց տնամերձ հողամասերի համար բուսատեսակներ ընտրելիս լսել մասնագետների կարծիքը։
Ներկայացվող ծրագրով նախատեսվում է Տավուշի մարզի Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերի տնամերձ հողամասերում իրականացնել այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիր։ Ծրագրի նպատակը նշված գյուղերում տնամերձ հողամասերում հավաստագրված ծառատեսակների տնկումն է ու խնայող ջրային համակարգերի ներդրումը։ Ծրագրի շահառու կարող են դառնալ 100-1000 քմ տնամերձ այգի ունեցողները։ Բայց պարտադիր պայման է` այգու բոլոր ծառերը պետք է հատվեն, հողամասում էլ շինություն չպիտի լինի։
Շահառուների ընտրությունից հետո կընտրվի փորձագիտական կազմակերպություն, որը կիրականացնի յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասի հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննություն, կգնահատի նոր այգու հիմնման ծախսերը, կկազմի նախահաշիվ։
Փորձնական ծրագրի ավարտից հետո արդյունքների ամփոփումից հետո ծրագիրը կիրականացվի ամբողջ հանրապետության տարածքում։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ