ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է ԵԽ ժողովրդավարության և մարդու արժանապատվության հարցերով գլխավոր տնօրինության ներկայացուցիչների հետ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և նշել, որ հանրակրթության ոլորտում իրականացվում են մի շարք հիմնարար բարեփոխումներ՝ մասնավորապես անդրադառնալով ՀՀ դպրոցներում կառավարման նոր մոդելի ներդրմանը: Նա տեղեկացրել է, որ ըստ կառավարման նոր մոդելի` դպրոցների կառավարման բովանդակային և վարչական գործառույթները տարանջատվել են։ Կրթության որակի ապահովման գործառույթն ամբողջովին վերապահվել է տնօրենին, իսկ տնտեսական կառավարումը՝ վարչական համակարգողին։
Անդրադառնալով Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, նոր ուսումնական տարվանից այն ներդրվելու է մյուս մարզերի և Երևանի բոլոր դպրոցներում: Այդ նպատակով դասավանդող բոլոր ուսուցիչների համար կազմակերպվելու են վերապատրաստման դասընթացներ: Ըստ փոխնախարարի՝ Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման գործընթացն ուղղված է կրթության որակի բարձրացմանը, ուսուցիչների կարողությունների, հմտությունների և դպրոցների ենթակառուցվածքների զարգացմանը:
Կողմերը քննարկել են նախարարության և ԵԽ ժողովրդավարության և մարդու արժանապատվության հարցերով գլխավոր տնօրինության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները, մասնավորապես անդրադարձ է եղել ուսուցիչների վերապատրաստման և կրթական նյութերի մշակմանն ու հետագա տարածմանն առնչվող հարցերին։
Կարդացեք նաև
Անդրադարձ է եղել Կրթության զարգացման և նորարարության ազգային և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնների հետ համագործակցության հնարավորությանը՝ կարևորելով ուսուցիչների վերապատրաստման ծրագրերին աջակցությունը:
Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ