Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նորից չեք ուզում փախնեք ձեր քաղաքներից, գյուղերից, կամավոր եկեք… ումո՞վ են հիացել, որ հիմա էլ հիասթափվել են». Էդգար Ղազարյան

Հուլիս 06,2023 13:16

Երեկվանից մեկնարկել է «Արժանապատվության հեղափոխությունը»: Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը Բաղրամյան 26-ի մոտ նստացույց է անում: Այսօր լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ինչ պլանավորել են, այդպես էլ ընթանում է, միայն մի շեղում են ունեցել. «Առավոտյան պետք է փորձեինք խափանել վարչապետի մուտքը նախագահական նստավայր՝ մեր պայմանական հսկիչ անցագրային կետի գաղափարով, բայց դա հնարավոր կլիներ իրականացնել բնականաբար մարդկանց հոծ բազմության առկայության դեպքում: Առավոտյան ես տարածքի դիտարկում եմ իրականացրել, անհամաչափ ուժ գոյություն ունի ոստիկանության: Ամբողջ տարածքը՝ Սիրահարների այգին, Դեմիրճյան փողոցը, բոլոր գույների համազգեստներով ոստիկանության ուժեր են կուտակված»:

Էդգար Ղազարյանն ասաց, որ սա քաղաքացիական նախաձեռնություն է եւ յուրաքանչյուր քաղաքացի ինքը կարող է լինել այս նախաձեռնության տերն ու մասնակիցը. «Բոլոր այն մարդիկ, ովքեր 2022-ի սեպտեմբերի 14-ին եկել էին Բաղրամյան փողոց, մարտական գործողություններ էին եւ եկել էին իրենց դժգոհությունը արտահայտելու, այդ մարդիկ ի՞նչ են եղել: Չեն վերացել, իրենց մտադրությունները չեն փոխվել, այն անհանգստությունը, սպառնալիքները, որ ունեին, չի վերացել, դրան գումարվել են նոր վտանգներ, նոր սպառնալիքներ, որոնք հիմա ծառացած են մեր պետության ու ժողովրդի առաջ եւ եթե իսկապես իրենք ուզում են դա փոխել, պետք է գան ու հավաքվեն նույն վայրում»:

Դիտարկմանը, որ մարդիկ հիասթափվել են՝ Էդգար Ղազարյան արձագանքեց, որ նրանցից մեկն էլ ինքն է, բա ինչի՞ չի հիասթափվել. «Իրենք ումո՞վ էին հիացել, որ հիմա հիասթափվել են: Օգոստոսի 23-ին ես էլ ակնկալիք ունեի, մտածում էի, որ դրանից հետո ընդդիմադիր խմբակցությունները կնախաձեռնեին, վարչապետին անվստահություն կհայտնեն, հիմա դա փաստ է, չեն անում, ոչ մի պատգամավոր դա չի անում, դա օրակարգից հանել ենք, մնում է ժողովրդական լայն ընդվզումով այլ գործողություն իրականացնել: Ես առաջարկել եմ տեղադրել խորհրդանշական հսկիչ անցագրային կետ, ոնց տեղադրված է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին, կամ շրջափակել նախագահական նստավայրը նույն ձեւով, ոնց շրջափակված է Արցախը: Մեր հայրենիքը հո պարտադիր չի ադրբեջանցիները շրջափակեն, հայերն էլ, չէ՞, կարող են շրջափակել ու նպատակն է շրջափակումից ազատել մեր մյուս քաղաքացիներին: Հսկիչ անցագրային կետը դնենք, պիտի այստեղ եկող Փաշինյանին հարցնենք՝ դու ինչի՞ ես գնում այնտեղ: Եթե գնում ես արցախցիներին գերությունից ազատելու, մեր հայրենիքի անվտանգության խնդիրները լուծելու, մեր երկիրը պաշտպանելու, դա քո պարտականությունն է: Գնա քո պարտականությունները կատարիր: Եթե դու գնում ես, որ Տիգրանաշենը հանձնես ադրբեջանցիներին, արցախցիներին թողնես շրջափակման մեջ, մեր հայրենիքը հանձնես թշնամուն, գնա Ադրբեջանի նախագահի նստավայր, այդ կարգի որոշումները այնտեղ են կայացվում: Շատ տրամաբանական պահանջ է, այդ պահանջը ես մենակով իրականություն դարձնել չեմ կարող: Եթե մարդիկ, որոնք նոր են գիտակցում ինչ աղետի մեջ են, գանք, բոլորս հավաքվենք՝ կլինի, հակառակ պարագայում այս մարդը կիրականացնի ադրբեջանա-թուրքական պահանջը ու եթե հիմա Արցախն է շրջափակման մեջ, մի օր էլ Երեւանը կլինի»:

An action called Revolution of Dignity under the leadership of Edgar Ghazaryan started from the Republic Square of Yerevan, Armenia

Էդգար Ղազարյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի 29.800 քկմ տարածքը, որովհետեւ նոր տարածքներ վերցնելու ակնկալիք ունի. «Փաշինյանը մարդկանց ասում է, թե մնում եմ իշխանության, որ պատերազմ չլինի, այն դեպքում, երբ որ ինքը եկել է իշխանության, նոր եղել է պատերազմ: Ինքը քանի մնում իշխանության, պատերազմ է լինում: Հիմա մենք՝ բոլոր այն մարդիկ, ովքեր տրամաբանելու, այդ ինֆորմացիան վերլուծելու տրամաբանություն ունեն, հասկացել են, որ պատերազմը չեզոքացնելու միակ ձեւը այս պատերազմ բերած մարդուն իշխանությունից վռնդելն է: Իշխանությունից վռնդելու ձեւերը որո՞նք են՝ իր հրաժարականը հնարավոր չի, իրավապահների գործողություն հնարավոր չի, պատգամավորական անվստահություն հնարավոր չի: Ուրեմն մնում է մենակ մեկ ձեւ, որը գրված է ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածում՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ժողովուրդը իր իշխանությունը իրացնելու հնարավորություն պիտի ունենա: Ժողովուրդը մի հոգի չի, նախաձեռնությունը պիտի իրականանա ժողովրդական աջակցությամբ: Կգա՞ն մարդիկ՝ պետությունը կփրկվի, չե՞ն գա՝ կկորցնենք պետությունը»:

Ըստ Էդգար Ղազարյանի հաշվարկների, 20 հազար մարդու առկայության դեպքում ոստիկանական գործողությունները կհավասարվեն զրոյի, իսկ հիմա, եթե իրենք 50 հոգով պաշարեն նախագահականը, տարածքի ոստիկանները 500-ից ավելի են, արդյունավետ ոչինչ չի լինի. «Բոլոր այն մարդիկ, ովքեր դեմ են Նիկոլ Փաշինյանին, պետք է տնից դուրս գան, ես ոչ մի գործիքակազմ չունեմ իրենց տնից հանելու, բացի գաղափարականը: Բայց ադրբեջանցիները այլ մեթոդներով հանում են: Երբ ադրբեջանցիները հասել են Հադրութ, հանել են տներից, նույնն արել են Մատաղիսում, Շուշիում: 2014-ին Ջերմուկ քաղաքում մարդ չկար, հրետակոծում էին, մարդիկ փախչում էին: Հիմա եթե նորից չեք ուզում փախնեք ձեր քաղաքներից, գյուղերից, կամավոր եկեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31