ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Հայկական մեդիա տիրույթում ակտիվորեն տարածվում են Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպանի թվիթերյան գրառումները, որտեղ նա ներկայացնում է, թե ինչ է խոսել Հաագայում տեղի ունեցած քննարկումների ժամանակ, մասնավորապես, որ Արցախի հայերը որևէ իրավունք չեն ունենա:
Այդ քննարկումներին մասնակցել եմ նաև ես, իմ մի շարք գործընկերների հետ միասին: Մենք բոլորս փաստերով ներկայացրել ենք եվրոպացի պաշտոնյաներին ու դեսպաններին, որ Ադրբեջանը չի գնում իրական խաղաղության կառուցման ճանապարհով՝ մեջբերելով Ալիևի ելույթները, հանրային դիսկուրսները, քարոզվող ատելությունը, գնվող զինատեսակների մասին փաստերը և այլն:
Հաշվի առնելով, որ քննարկումը փակ էր, որևէ հրապարակմամբ հանդես չենք եկել: Ուղղակի փաստենք՝ դեսպանի անհանդուրժող ու ռազմատենչ ելույթը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մենք իրավացի էինք: Այդ երկրում հայերի դեմ ատելություն քարոզվում է պետական մակարդակով ու վերոնշյալ դիվանագետը չկարողացավ դա թաքցնել:
Կարդացեք նաև
Այդ ամենը տեղի ունեցավ եվրոպացիների աչքի առաջ, որոնք պատրանքներ ունեն, որ հայերը Ադրբեջանի կազմում կարող են անվտանգ լինել: Այնպես որ ադրբեջանցի դիվանագետի ռազմատենչությունը միայն իրենց վնաս տվեց այս քննարկման արդյունքում: