Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ստորագրենք փաստաթուղթ եւ Արցախը կամովին հանձնենք Ադրբեջանին, մենք կհամարվենք աշխարհի ամենահարիֆ ժողովուրդներից մեկը»․ Վարդան Օսկանյան

Հուլիս 06,2023 12:50

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադարձել է իր հարցազրույցում արած առաջարկին՝ նշելով, որ բազմաթիվ արձագանքներ է ստացել։

«Մի քանի օր առաջ ես հարցազրույց էի տվել, որտեղ մի քանի առաջարկություններ էի արել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ։ Այնտեղ ասել էի, որ եթե ինձ ու ինձ հետ միասին մի խումբ դիվանագետների հնարավորություն ու լիազորություն տրվի մտնել բանակցությունների մեջ, 2-3 ամսվա մեջ հնարավորություն կունենայինք կտրուկ փոփոխություն անել բանակցային գործընթացում եւ այդ գործընթացը դարձնել շատ ավելի հայանպաստ։ Այս առաջարկությունը բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել, ես բազմաթիվ զանգեր եմ ստացել։ Խանդավառության հետ մեկտեղ տրվող հարցը հետեւյալն է, թե ինչպե՞ս դա կարելի է անել»,- ասաց նա։

Օսկանյանը նշեց, որ իր առաջարկությունը կրկնում է։ «Ինձ եւ մի խումբ դիվանագետների տվեք ամբողջական լիազորություն, այդ ընթացքում իշխանությունների կողմից որեւէ հայտարարություն չպետք է լինի, ուղղակի լռեն, եւ երեք ամսվա ընթացքում հնարավոր կլինի կտրուկ փոփոխություն մտցնել բանակցային գործընթացում։ Այսօր այդ հնարավորությունը մենք ունենք։ Բանակցային գործընթացը, դրա ընկալումն այսօր չի համապատասխանում նրան, ինչին մենք ունակ ենք։ Ընդհանուր ընկալումն այն է, որ անկախ ամեն ինչից՝ մենք այսօր պատրաստ ենք գնալ հարցի լուծմանը, որովհետեւ մտահոգ ենք պատերազմով եւ ընդունելու ենք ցանկացած պայման Ադրբեջանի կողմից, միայն Ադրբեջանի հետ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը ստորագրենք։ Դա իրոք սխալ է, իշխանությունների ցանկությունը միգուցե դա է, բայց դա հայ ժողովրդի ցանկությունը չէ։ Այստեղ առաջին հերթին պետք է այդ ընկալումը փոխել, նարատիվը փոխել, ամբողջ բանակցային քաղաքականությունը փոխել։ Ամբողջ շեշտադրումը պետք է դնել նրա վրա, որ մենք ոչ թե այս նոր ստեղծված պայմաններում գնում ենք հապճեպ, պատերազմի սպառնալիքի տակ ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու, այլ մենք խնդիրը ձեւակերպում ենք այնպես, որ հայկական կողմը պատրաստ է մտնել բանակցությունների մեջ Ադրբեջանի հետ՝ այս պայմաններում որոնելու այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան հասնել արդար, երկարատեւ ու կայուն խաղաղության։ Սա պետք է լինի մեր հիմնական նպատակը՝ որպես բանակցությունների ուղենիշ»,- հավելեց նա։

Օսկանյանի խոսքով՝ երկրորդ խնդիրն այն է, որ պետք է ընդլայնել բանակցությունների օրակարգը։ Այսօր բանակցային օրակարգը բաղկացած է միայն ադրբեջանական պահանջներից, այնտեղ հայկական պահանջ չկա։ Հայկական կողմն ընդամենն այսօր փորձում է Ադրբեջանի պահանջներն ընդունած լինելով հանդերձ՝ այնպիսի դիվանագիտական ձեւակերպումներ տալ դրանց, որ հայ ժողովրդի համար հետագայում ավելի ընկալելի ու հասկանալի լինեն։ Բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանը նույնիսկ դա թույլ չի տալիս, որովհետեւ ուզում է, որ իր պահանջներն այնպիսի ձեւակերպում ստանան, որ ապագայում հնարավորություն չլինի տարաբնույթ մեկնաբանել։

«Երրորդ՝ այդ ընդլայնված բանակցային օրակարգում անպայման պետք է ներառել Արցախի՝ սովետական շրջանում ինքնավար մարզ լինելու փաստն ու հանգամանքը։ Սա շատ կարեւոր է, սա է, որ պետք է կտրուկ փոփոխություն մտցնի եւ բանակցային տրամաբանության մեջ, եւ նոր դռներ ու հնարավորություններ բացի՝ հայանպաստ լուծման հասնելու համար։ Ո՞րն է սրա էությունը։ Նախ, չմոռանանք, որ Արցախի ամբողջ ինքնորոշումը իրավական հիմք ստացավ՝ ելնելով միայն նրանից, որ սովետական շրջանում Արցախն ուներ ինքնավար մարզի կարգավիճակ։ Դա հնարավորություն տվեց, որ 1991 թվականին Արցախի ժողովուրդը ձգտի ինքնորոշման, հիմնավորի դա, անցկացնի հանրաքվեն եւ հայտարարի իր Հանրապետությունը։ Ինքնորոշման ձգտման փաստն ընկալելի դարձավ միջազգային հանրության համար, որովհետեւ Լեռնային Ղարաբաղն ուներ ինքնավար մարզի կարգավիճակ։ Եթե հնարավոր լինի այս հանգամանքը մտցնել բանակցությունների օրակարգ, հավատացեք, որ սա կտրուկ փոփոխություն է բերելու ընդհանուր գործընթացի վրա։ Եվ սա հնարավոր է անել, ես դրանում համոզված եմ 100 տոկոսով, որովհետեւ այս հարցն օրակարգ բերելու հարցում չի կարող հակափաստարկ լինել, սա միջազգայնորեն ընդունված նորմ է, միջազգայնորեն ընդունված գործընթաց է։ Սա այն խնդիրն է, որը միջազգային հանրությունը կընկալի, եւ նրանք կնպաստեն, որ այս հարցը մտնի օրակարգ։ Նույնիսկ Ադրբեջանին նախ կփորձեն համոզել, ապա կպարտադրեն, որպեսզի այս հարցը մտնի օրակարգ։ Իսկ եթե Ադրբեջանը դիմադրի, թույլ չտա, որ այս հարցն օրակարգ մտնի, հավատացեք, որ միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու։ Եվ դա Ադրբեջանին ստիպելու է վերջիվերջո ընդունել, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի արտաքին ինքնորոշման»,- ասաց Օսկանյանը։

Նրա խոսքով՝ այսպիսի գործիք ունենալով մեր զինանոցում՝ Հայաստանի իշխանություններն այլ ճանապարհով են գնում ու վճռական են իրենց ճանապարհի հարցում։ «Ես չեմ հասկանում՝ ո՞րն է նրանց միտքը, մտածողությունը, ինչո՞ւ նման փորձեր չեն լինում, նրանք պարզապես որոշել են հանձնել Արցախն Ադրբեջանին։ Արցախ, որը հազարամյակներով եղել է հայկական, այդ հողի վրա ապրել են հայեր։ Նույնիսկ, երբ Հայաստանը ենթարկվել է ասպատակությունների, Արցախն ավելի շատ է պահպանել իր անկախությունը, քան Հայաստանը։ Այս տարածաշրջանում ամենահայկական տարածքն Արցախն է, Արցախ, որը պատմականորեն հայկական է, Արցախ, որը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել, Արցախ, որը 75 տարի սովետական շրջանում ունեցել է ինքնավար կարգավիճակ, Արցախ, որը նախորդ 30 տարիներին եղել է անկախ քաղաքական միավոր։ Այս հարցը մենք ուզում ենք պարզապես նվիրե՞լ Ադրբեջանին, իրո՞ք, սա՞ է ամեր իշխանությունների կարողությունը, սա՞ է մեր իշխանությունների ֆանտազիան, թե՞ այս իշխանությունները մեզ հարիֆի տեղ են դրել, թե՞ իրենք են հարիֆ։ Եթե մենք ստորագրենք փաստաթուղթ եւ Արցախը կամովին հանձնենք Ադրբեջանին, մենք կհամարվենք աշխարհի ամենահարիֆ ժողովուրդներից մեկը: Հայ ժողովուրդն աշխարհում լինելու է առաջինը, որն ինքնակամ հրաժարվելու է այդ իրավունքից եւ հանձնելու է Արցախն Ադրբեջանին»,- ընդգծեց նա։

Ըստ Վարդան Օսկանյանի՝ այսօր աշխարհում կան 120-ից ավելի ինքնավար մարզեր՝ 50-ից ավելի երկրներում։ Տարբեր կարգավիճակներ կան, որոնք հնարավոր է ունենալ, օրակարգ պետք է բերել այդ խնդիրը։

Նա հավելեց, որ եթե Փաշինյանը ստորագրի այդ փաստաթուղթը, դա խաղաղություն չի բերելու, դրանով Փաշինյանը սերմեր կցանի ապագա կոնֆլիկտների համար։ Այս հարցին արդար լուծում տալու ժամանակը, նրա խոսքով, հիմա է, որպեսզի կայուն ու երկարատեւ խաղաղություն լինի տարածաշրջանում։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31