Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի պնդմանը, թե ԱՄՆ-ն հավատում է եւ հույս ունի, որ Արցախը Ադրբեջանի կազմում մնալով արցախցիների խաղաղ ապրելը հնարավոր է, Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը հակադարձում է՝ եթե նույնիսկ որեւէ մեկը նման հույսեր ուներ, ապա հիմա պետք է դա էլ կորցրած լիներ։
Ղազարյանը հարց է ուղղում՝ ԱՄՆ-ն ինչի՞ հիման վրա է հավատում, ադրբեջանական կողմի ո՞ր քայլերն են նման հիմքեր տալիս։
«Տեսնելով այն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախում ամիսների ընթացքում՝ այդ հույսն էլ պետք է կորցրած լինեին, որ Ադրբեջանի կազմում հնարավոր է խաղաղ ապրել»,-այսօր Ստեփանակերտ-Երեւան հեռուստակամրջի ժամանակ ասաց Սերգեյ Ղազարյանը։
Նրա խոսքով՝ «Առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահներից ակնկալում ենք շատ ակտիվ ներգրավվածություն, եւ ոչ միայն հայտարարությունների կամ կոչերի մակարդակով, այլ գործուն քայլեր ենք ակնկալում՝ հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակի համար նրանք իրենց պատասխանատվության չափաբաժինն են կրում։ Խոսքը ցեղասպան քաղաքականության, էթնիկ զտումների կանխարգելման մասին է։ Իսկ այստեղ նրանք բոլորն ունեն պատասխանատվություն»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ