Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պուտինին ուղղված նամակից հետո Արցախում սպասում են փոփոխության․ Սերգեյ Ղազարյան

Հուլիս 06,2023 11:56

«Արցախյան կողմը չի մերժել Ադրբեջանի հետ երկխոսության գնալը, քանի որ շահագրգիռ կողմն է իրական երկխոսության, բայց որպեսզի այդ երկխոսությունը լինի կառուցողական, այն պետք է համապատասխանի որոշ չափանիշների։ Դա է պատճառը, որ քննարկումները դեռ շարունակվում են։ Այս ընթացքում մենք տարբեր առաջարկներ ենք ստացել տարբեր երկրների ներկայացուցիչներից, միջազգային կազմակերպություններից նման հանդիպումներ կազմակերպելու շուրջ։ Ուղղակի կան որոշ կարեւոր էլեմենտներ, որոնք պետք է հաշվի առնել»,-այս մասին այսօր Ստեփանակերտ-Երեւան հեռուստակամրջի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է առաջիկայում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպում տեղի ունենա, քանի որ Արցախի նախագահը երեկ հայտարարել է, որ Արցախը պատրաստ է քաղաքակիրթ բանակցությունների։

Ղազարյանը հիշեցրեց, որ այս տարվա փետրվարի 24-ին եւ մարտի 1-ին նմանատիպ հանդիպումներ եղել են ռուս խաղաղապահների տեղակայման վայրում՝ խաղաղապահների միջնորդությամբ, քննարկվել են տեխնիկական հարցեր, սակայն Ադրբեջանն ամբողջությամբ խեղաթյուրեց հանդիպման բովանդակությունը, ներկայացնելով, թե իբր վերաինտեգրման շուրջ բանակցությունների մեկնարկ է․ «Դրան հետեւեց ադրբեջանական դիվերսիան, որի հետեւանքով երեք ոստիկան սպանվեց, մեկը վիրավորվեց։ Նման ճնշումների ներքո դա չի կարող համարվել բանակցություն կամ երկխոսություն։ Որպեսզի լինի երկխոսություն, այլ ոչ թե իմիտացիա, պետք է այն բավարարի որոշ պահանջներին՝ ադրբեջանական կողմից ճանապարհի ապաարգելափակում, առաջին անհրաժեշտության ապրանքներ ներկրելու հնարավորություն, որպեսզի տեսնենք, որ մոտեցում է փոխվում։ Նման նախապայմաններով երկխոսություն չի լինում, մյուս կողմն էլ պիտի ցույց տա, որ պատրաստ է երկխոսության։ Եթե ճանապարհ են փակում, ո՞նց կարող ենք հասկանալ, որ Ադրբեջանը պատրաստ է երկխոսության»։

Ղազարյանի վստահեցմամբ՝ պարբերաբար լինում են քննարկումներ նոր բանակցությունների մասին, ադրբեջանական կողմը բազմիցս խաղաղապահների միջոցով փոխանցել է առաջարկներ հանդիպումների մասին, որոնք մերժվել են Ադրբեջանի կողմից։

Հարցին՝ արդյոք պայման է դրվել հանդիպումներ կամ բանակցություններ կլինեն, եթե Արցախը լուծարի պաշտպանության բանակը, Ղազարյանը պատասխանեց՝ Արցախի պաշտպանության բանակը Արցախի բնակչության անվտանգությունն ապահովող կարեւորագույն գործոնն է, եւ ադրբեջանական ագրեսիվ գործողությունները, սադրանքները, ագրեսիվ հռետորաբանությունը ցույց են տալիս, որ իրատեսական չէ քննարկել պաշտպանության բանակի կամ պետական համակարգի լուծարումը։

Արցախի իշխանությունից ՌԴ նախագահին ուղղված նամակի մասին էլ Ղազարյանն ասաց, որ նմանատիպ նամակներ ուղարկվում են ոչ միայն ՌԴ նախագահին, այլ նաեւ տարբեր միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, քաղաքական գործիչներին․ «Այո, դիմել ենք ՌԴ նախագահին։ Մենք ակնկալում ենք, որ ռուսական խաղաղապահները նոյեմբերի 9-ի հայտարարության պարտավորությունների շրջանակներում կգործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի այդ արգելափակումը վերացվի։ Իրավիճակը բարդանում է, ռուս խաղաղապահները, գտնվելով այնտեղ, պետք է իրենց իրավասության շրջանակներում գործադրեն բոլոր քայլերը։ Եթե գործադրեին, այս արգելափակումը չէինք ունենա»։

Պուտինին ուղղված նամակից հետո, ինչպես Ղազարյանն ասաց, Արցախում սպասում են փոփոխության։

Թե ինչու չեն գործադրում բոլոր քայլերը, Սերգեյ Ղազարյանն այսպես մեկնաբանեց․ «Տարբեր պատճառներ են բերում, բայց մի բան հաստատ գիտենք՝ ադրբեջանական կողմի սադրանքների կարեւոր նպատակներից մեկը ռուս խաղաղապահ առաքելության հեղինակազրկումն է։ Միեւնույն ժամանակ՝ պետք է իրատես լինենք, այս պահին այլ խաղաղապահ առաքելություն ունենալու հեռանկարն այդքան էլ մեծ չէ։ Բացի այդ, այդքան արագ չի կարող լինել այդ գործընթացը, հատկապես որ տեսնում ենք, թե ինչ ճգնաժամ կա միջազգային հարաբերություններում»։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31