Յունիսի 29-ին, Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնում կազմակերպուեց հանդիպում առաջին անգամ Հայաստանում գտնուող պոլսահայ հրապարակախօս, ակտիւիստ եւ քաղաքական գործիչ Մուրատ Մըխչըի հետ։
Մուրատ Մըխչըն հանդէս եկաւ բանախօսութեամբ՝ «Հայ լինել Թուրքիայում» թեմայով։ Նա անդրադարձաւ Թուրքիայի հայութեան ներկայիս խնդիրներին։
«Թուրքիայի հայ համայնքի ակտիւիստների թիւը, ցաւօք սրտի, վերջին տարիներին հետզհետէ նուազում է։
Նրանց մի մասը Էրտողանի վարած քաղաքականութեան պատճառով հարկադրուած է եղել լքել Թուրքիան։ Այս պարագայում Թուրքիայում մնացած այլ գործիչների պարտականութիւններն աւելանում են։ Պոլսի հայ համայնքի ակտիւ ներկայացուցիչները շատ յաճախ հարկադրուած են լինում միաժամանակ տարբեր ոլորտներում գործունէութիւն ծաւալել, որպէսզի կարողանան լուծել համայնքի առջեւ ծառացած որոշ խնդիրներ»,- ասաց Մըխչըն։
Կարդացեք նաև
Ներկաներից մէկը Մըխչըին հարց ուղղեց խառնամուսնութիւնների մասին։ Բանախօսը նշեց՝ դրանք անխուսափելի են, այնպէս որ նոյնիսկ ինքը հիմա չգիտի՝ իր 15-ամեայ որդին յետագայում ո՞ր ազգի ներկայացուցչի հետ կ’ամուսնանայ։ Ըստ Մըխչըի՝ հիմա Թուրքիայում ապրում է մօտ 40 հազար հայ, որոնց կրօնը քրիստոնէութիւնն է, իսկ մահմետականութիւն կամ այլ կրօններ ընդունած հայերի թիւն անհամեմատ շատ է։ Ոմանք նոյնիսկ չգիտեն էլ, որ արմատներով հայ են, թէեւ Թուրքիայում կան արխիւներ, որոնցում փաստւում է նրանց հայ լինելը։ Թուրքիայում ապրող հայերի համար ամենադժուարին խնդիրներից մէկը հայկական կրթութիւն ստանալու խնդիրն է։
Բանախօսը նշեց՝ գաւառներում, յատկապէս Մուշում եւ Սասունում ապրող հայերի ամենամեծ խնդիրը հենց հայկական դպրոցների բացակայութիւնն է։ Ոմանք փորձում են օնլայն կրթութիւն ստանալ։ Ցաւօք, շատ հայեր արդէն մոռացել են իրենց ինքնութեան մասին, մարդիկ մոռանու են մայրենին, ոմանք բոլորովին հայերէն չգիտեն. խօսում են քրտերէն, մինչդեռ եթէ դպրոցներ լինէին այս համայնքներում, իրավիճակը բոլորովին այլ կը լինէր։ Թուրքիայում քիչ մարդիկ կան, որ կարող են, օրինակ՝ Մշոյ բարբառով խօսել։
Մուշում շատ հայեր կան, որոնք իրենց հայ չեն համարում։
«Մուշում ապրող ընկեր ունեմ՝ Արմէն Գալուստը, որն այն քիչ մարդկանցից է, որ Մշոյ բարբառով խօսում է։ Արմէն Գալուստն իր մի քանի ընկերների հետ «Տարօն-Մուշ» միութիւնը ստեղծեց, բայց, ցաւօք, շատ չէին այն հայերը, որոնք ցանկացան ընդգրկուել այդ միութեան կազմում։ Թուրքիայում հայութեան շահերը պաշտպանելը հեշտ բան չէ, բայց դա փոխուելու է», լաւատեսօրէն յոյս է յայտնում Մուրատ Մըխչըն։
«Թուրքիայում հայկական դպրոցներ կան միայն Պոլսում։ Եթէ չեմ սխալւում, ընդամէնը 18 դպրոց կայ»։
Հայկական դպրոցներում սովորելու համար աշակերտը պէտք է պարտադիր կերպով համապատասխանի սահմանուած չափորոշիչներին՝ պէտք է մկրտուած լինի, Թուրքիայի քաղաքացի լինեն, աշակերտի հայրը եւ մայրը պէտք է հայ լինեն։ Մուրատ Մըխչըն ասում է՝ Թուրքիայում հայ լինելը եւ հայի ինքնութիւնը պահելը շատ դժուար բան է։ Նա հիմա ջանում է լաւացել հայերէնի իմացութիւնը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Եռագոյն»-ում:
Լուսանկարը՝ Ermenihaber-ից