Լրահոս
Օրվա լրահոսը

Մի իշխանություն, որը 30 տոկոս հավաքած ընդդիմության հետ խոսում է միայն բռունցքների ու հայհոյանքների լեզվով, սպասել, որ նա կարող է ողջախոհություն դրսեւորել․․․ «Հրապարակ»

Հուլիս 06,2023 11:05

Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ եթե իրեն եւ մի խումբ դիվանագետների տան լիազորություններ, իրենք 3 ամսում Արցախի հետ կապված բանակցությունները կարող են տեղափոխել հայանպաստ հուն՝ պայմանով, որ Նիկոլ Փաշինյանն այդ 3 ամիսների ընթացքում չպիտի խոսի։

Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանին հարցրինք, թե ինչ կարծիք ունի Օսկանյանի առաջարկի եւ նրա կողմից առաջարկված քայլերի մասին։ «Գիտեք՝ մեթոդաբանական առումով, զուտ որպես բանակցությունների համար մոտեցում, խորհուրդ կտամ, որ իշխանությունը հրավիրի պարոն Օսկանյանին, եւ մանրամասների մեջ ավելի դետալացված, ավելի ընդարձակ նա ներկայացնի դա։ Բայց մի իշխանություն, որը, օրինակ, քաղաքական ընդդիմության՝ ժողովրդի կողմից ընտրված ընտրության, 30 տոկոս հավաքած ընդդիմության հետ խոսում է միայն բռունցքների ու հայհոյանքների լեզվով, սպասել, որ նա կարող է ողջախոհություն դրսեւորել, գոնե այս պահին ես չեմ տեսնում, դրա հիմքերը չեմ տեսնում, ուստի ես ենթադրում եմ, որ սա պարոն Օսկանյանի կողմից հուսահատ մի ճիչ էր՝ գուցե որպես զգոնության կամ սթափության կոչ»,- ասաց Սահակյանը։

Նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համակարծիք է Օսկանյանի առաջարկի հետ․
«Ես լիովին համամիտ եմ պարոն Օսկանյանի դրույթների հետ, որ հայկական շահերից բխող դիրքորոշումների առաջադրման պարագայում մենք կարող ենք բանակցային գործընթացում էական փոփոխությունների հասնել եւ շատ ավելի հայանպաստ քննարկումներով իրավիճակային փոփոխության հասնել, եւ այստեղ կարեւոր է, որ գործող իշխանությունները փաստացիորեն չխոչընդոտեն այդ գործընթացին, բայց մենք տեսնում ենք իրականում բոլորովին հակառակ պատկեր»։

Աղաջանյանին հարցրինք. ի՞նչ է կարծում՝ Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է բանակցողի կարգավիճակը զիջել որեւէ մեկին՝ անկախ այն բանից, թե ինչ է առաջարկում կամ ինչ փորձառություն ունի այդ մեկը, եւ որ թիմից է նա։ «Այստեղ կարողանալու հարցը չէ, այստեղ ցանկության հարցն է։ Իմ վերլուծությունները բերում են այն եզրահանգման, որ այսօրվա կառավարության ղեկին նստած անձը հստակ եւ միտումնավոր կերպով իրականացնում է ծրագիր։ Նա շատ լավ գիտեր ե՛ւ պարոն Օսկանյանի տեղը, ե՛ւ մյուս դիվանագետների տեղը, եւ ցանկության դեպքում, եթե իրոք նրանք շահագրգռված լինեին Արցախի հարցում հայանպաստ դիրքորոշումներ ունենալ, ապա ո՛չ պատերազմին նախընթաց ժամանակաշրջանում իրենք իրենց պահվածքը կդրսեւորեին այնպես, որ իջեցնեին Արցախի կարգավիճակն ու սուվերենությունը վտանգի տակ դնեին, ո՛չ էլ առավել եւս պատերազմի ընթացքում եւ հետո Արցախը փաստացիորեն միայնակ կթողնեին՝ նրան բռնի կերպով հրելով Ադրբեջանի գիրկը: Այստեղ ես տարբեր մոտեցումներ եմ տեսնում, այստեղ խնդիրը կարողանալը չէ, այստեղ խնդիրը ցանկությունն է, եւ ես այդ ցանկությունը բոլորովին հակառակ ուղղությամբ եմ կարդում` գործող իշխանության վարած քաղաքականության եւ իրականացրած քայլերի պարագայում»,- պատասխանեց Աղաջանյանը։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31