ՀՀ սահմանադրության եւ պետական խորհրդանիշերի օրվա առիթով հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հրավիրած բողոքի ցույցը դեպի նախագահական նստավայր շարունակվում է։ Հավաքի եւ երթի մասնակիցները գիշերն անցկացրել են նախագահականի հանդիպակաց մայթին։
Էդգար Ղազարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Փաշինյանին եւ Վահագն Խաչատուրյանին հեռացնելու մեր բողոքի ակցիան շարունակելու ենք մինչեւ ժամը 18.00–ը։ Վաղ առավոտյան ես մի շրջայց արդեն կատարել եմ, տեսել եմ ոստիկանական կարգերը, գնահատել ոստիկանության եւ բողոքի ակցիայի մասնակիցների ուժերի հարաբերակցությունը, որը անհամաչափ է՝ հօգուտ ոստիկանության։ Ի դեպ, վաղ առավոտյան այստեղ էր Նիկոլ Փաշինյանին ենթակա ՊՊԾ ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը։ Ինչ վերաբերում է ժողովրդական հսկիչ անցագրային կե տեղադրելու մեր մտադրությանը, դա մնում է ուժի մեջ։ Սակայն դրա համար անհրաժեշտ է ուժերի հարաբերակցության հավասարակշռություն, այսինքն՝ անհրաժեշտ է մարդկանց ֆիզիկական ներկայությունն այստեղ, այլապես մենք արկածախնդրության չենք դիմի։ Որ պահին որ ժողովուրդը կհավաքվի եւ ուժերը կհավասարակշռվեն, այդ ժամանակ մենք կարող ենք կազմակերպել հսկիչ անցագրային կետը կամ կետերը։ Ընդ որում, այստեղ հավաքվելու համար մարդիկ մինչեւ ժամը 18.00-ն ժամանակ ունեն։ Իսկ եթե ավելի ուշ հավաքվեն, մենք հնարավորություն ունենք հրատապ հավաք կազմակերպելու իրազեկում անել եւ շարունակել մեր գործողությունները»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ