Կառավարության կողմից ընդունված նախագծով հուլիսի 1-ից Հայաստանում միջին ամսական և նվազագույն կենսաթոշակները, ինչպես նաև ծերության, հաշմանդամության նպաստների չափերը կբարձրանան։ Նվազագույն կենսաթոշակը 31 600 հազար դրամից կդառնա 36 000, միջին կենսաթոշակը՝ 46 100 դրամից՝ 49 700 դրամ։ «Այդ բարձրացումները գնաճից առաջանցի՞կ են, թե՞ ոչ»,-ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հարցադրումն է, որի խոսքով՝ սոցիալական աջակցության գումարների բարձրացման մասին խոսելիս, որպես համեմատության հիմք, պետք է հաշվի առնել հենց նշված բանաձևը։
«Իսկ որպես գնաճի ցուցանիշ՝ ոչ թե պետք է վերցնել միջին գնաճը կամ սպառողական գների ինդեքսը, այլ կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի աճը, որովհետև սոցիալապես անապահով ընտանիքների ու անձանց ծախսերի հիմնական մասը բաժին է ընկնում հենց կենսապահովման նվազագույն զամբյուղին։ Հիմքում սա պետք է լինի, ոչ թե այն, թե թոշակները, նպաստներն ու նվազագույն աշխատավարձը քանի անգամ են բարձրացվել։ Սոցիալական աջակցության գումարները պետք է ավելանան առնվազն գնաճից բարձր կամ գոնե գնաճին համարժեք չափով։ Մեր տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որտեղ 2018-ից հետո հիմնական սոցիալական աջակցության գումարները նվազագույն կենսապահովման զամբյուղի աճից քիչ են բարձրացվել։ Միջին կենսաթոշակը 2018-ից հետո մինչ օրս բարձրացել է շուրջ 20 տոկոսով, բայց նշված թվից կրկնակի աճել են նվազագույն սպառողական ծախսերը։ Աղքատության նպաստները նշվածից էլ ավելի քիչ չափով են աճել։ Այս տեսանկյունից կրկին սկզբունքի խախտում ունենք»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Թ. Ավետիսյանը՝ նշելով, որ անապահովության նպաստները գրեթե զրոյական աճ են ունեցել այն դեպքում, երբ նշված ժամանակահատվածում ծախսերի մոտ 30-35 տոկոս ավելացում ենք ունեցել։
«Այդ ընթացքում գնաճին համարժեք աճել է միջին աշխատավարձը և մի փոքր ավելի՝ նվազագույն կենսաթոշակը, բայց նվազագույն կենսաթոշակն, ըստ էության, նույնիսկ այս պահի դրությամբ 20 տոկոսով ավելի ցածր է, քան պարենային զամբյուղը։ Երկրորդ սկզբունքն այն է, թե այդ գումարները մեկ անձի հաշվով որքա՞ն են բավարարում նվազագույն ծախսերին։ Նվազագույն կենսաթոշակը 36 հազար դրամ է դարձել, բայց նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն այս տարվա առաջին եռամսյակում ավելի քան 80 հազար դրամ է, իսկ պարենային զամբյուղը՝ մոտ 44 հազար դրամ։ Այսինքն, ակնհայտ է, որ նվազագույն կենսաթոշակը սահմանված չէ անգամ պարենային զամբյուղի չափով։ Իր հերթին միջին կենսաթոշակը երկու անգամ պակաս է նվազագույն սպառողական զամբյուղից, իսկ նվազագույն կենսաթոշակը մոտ 20 տոկոսով պակաս է պարենային զամբյուղից։ Իսկ մնացած հայտարարություններն առավելապես այս իշխանության դեպքում պոպուլիստական դրսևորումներ են, իրավիճակի խեղաթյուրումներ՝ ցույց տալու, թե` «տեսեք, ինչքան լավ ենք մենք ապրում»,-հավելեց մեր զրուցակիցը։
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։