«Այն հավի մսի համ ունի»․ այսպես է նկարագրվում նոր փորձարարական մթերքը, որը հենց հավի միս է, որ կա, միայն թե բջջային մակարդակում և աճեցվում է Կալիֆորնիայի ֆաբրիկաներից մեկում։
10 տարի առաջ միայն մի քանի հետազոտողներ էին ուսումնասիրում լաբորատորիայում ստացված մսի պոտենցիալը, իսկ այսօր այդպիսի մթերքները շատ ավելի մոտ են շուկային, քանի որ աշխարհի 150-ից ավելի ընկերություններ են աշխատում արհեստական միս, կաթ կամ կաշի ստանալու ուղղությամբ։
Ինչպես հայտնում է Nature ամսագիրը, այս տարվա հունիսին ԱՄՆ վերահսկիչ մարմինները թույլատրել են լաբորատորիայում աճեցված մսի վաճառքը․ երկու ընկերություններ՝ UPSIDE Foods-ը և GOOD Meat-ը կանաչ լույս են ստացել իրենց մշակած հավի մսի վաճառքի համար (2020 թ․-ից GOOD Meat ընկերության հավի միսը կարելի էր գնել միայն Սինգապուրում)։
Ոլորտի կոմերցիոն հետաքրքրության աճին զուգահեռ գիտնականներն աշխատում են բջջային կուլտուրաների և աճեցման գործընթացի տարբեր փուլերի կատարելագործման ուղղությամբ։
Կարդացեք նաև
Այս գաղափարի կողմնակիցները նշում են, որ մշակված միսը նվազեցնում է մսի նկատմամբ մարդկության անհագուրդ ախորժակի բացասական հետևանքները։ Անասնաբուծության համար օգտագործվում են հսկայական մակերեսով հողատարածքներ, և մոտ 15% ջերմոցային գազերի արտանետումները բաժին են ընկնում հենց անասնապահությանը։ Կարմիր կամ վերամշակված մսի օգտագործումը կապվում է սրտային հիվանդությունների, դիաբետի և քաղցկեղի զարգացման վտանգի հետ։ Թռչնամսի արտադրությամբ զբաղվող ֆերմաները նպաստում են վիրուսների տարածմանն ու հակաբիոտիկների նկատմամբ դիմակայունության ձևավորմանը, իսկ ձկան ֆերմաները կարող են օվկիանոսի ջրերի աղտոտման պատճառ դառնալ։ Նրանք նաև ասում են, որ օրական 80 միլիարդ կենդանի է մահանում մարդկանց համար կերակուր դառնալու համար, և ՄԱԿ-ի տվյալներով՝ 2031 թ․-ին մսի համաշխարհային պահանջարկը կավելանա
15%-ով։
Այդ մարտահրավերներին ի պատասխան սննդի արդյունաբերությունը սպիտակուցի այլընտրանքային տարբեր աղբյուրներ է մշակում՝ ջրիմուռներից մինչև միջատներ։ Սակայն աճեցված միսը կարող է առավել պահանջված լինել, քանի որ, ինչպես նշում է Մաստրիխտի համալսարանի կենսաբժշկական ինժեներ Մարկ Փոստը, եթե շատ դժվար է մսից հրաժարվելը, ապա ամենաարդյունավետ լուծումը միսը մսով փոխարինելն է։
Սակայն փորձագետները տարբեր կարծիքներ ունեն աճեցված մսի օգտակարության և արդյունավետության վերաբերյալ։ Ոմանք նշում են, որ ընթացիկ տարբերակներն ավելի թանկարժեք են, քան սովորական միսը, և դեռ շատ հարցեր կան էներգիայի օգտագործման, տեխնոլոգիաների զարգացման ու շուկայի հետ կապված։ Շատերն էլ արհեստական միսը համարում են ոչ օգտակար օրգանիզմի և շրջակա միջավայրի համար։
Մինչ աճեցված մսի նկատմամբ վերաբերմունքը խիստ հակասական է, ընկերություններն ու հետազոտողները շարունակում են կատարելագործել մսի աճեցման գործընթացը՝ օգտագործելով մեկնարկային այնպիսի բջիջներ, որոնք կարող են աճել տարբեր արագությամբ կամ խտությամբ՝ վերածվելով տարբեր կազմություն ու սննդարարություն ունեցող մթերքների՝ նագեթսներից մինչև սթեյք։
Անխոս, գործընթացի ամենաթանկարժեք մասը բջիջների «սնուցումն» է անհրաժեշտ ամինաթթուներով, սպիտակուցներով, շաքարներով, հանքանյութերով ու վիտամիններով, սակայն գործընթացն ավելի մատչելի դարձնելու ուղղությամբ կատարվող աշխատանքները նույնպես շարունակվում են։
Դեռ վաղ է խոսել այն մասին, թե արդյո՞ք արհեստական կամ աճեցված միսը կլուծի իր առջև դրված խնդիրները, թե կստեղծի նոր խնդիրներ առողջության և շրջակա միջավայրի համար, սակայն մի բան պարզ է, որ գործընթացը մեկնարկել է, և գուցե օրերից մի օր նաև մեր խանութներում հայտնվեն «միս՝ վեգանների համար» մակնշումով մթերքներ։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ