«Հաղարծին» հյուրանոցում անչափահասին ծեծած Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանը «Առավոտի» հետ զրույցում, զղջալով իր արարքի համար, արդարանում է մոտավորապես այսպես՝ «դե, մարդ եմ՝ նյարդերս չդիմացան»: Նույն ձեւով վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդարացնում էր փողոցում մարդու վրա թքած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որն, ի դեպ, ի տարբերություն ոստիկանի, չի կարծում, որ խայտառակվել է:
Ինձ այդ բացատրությունները, ճիշտն ասած, չեն բավարարում: Որովհետեւ երկու դեպքում էլ արդարացողների վարքը պայմանավորված է ոչ թե մարդ, այլ պետական պաշտոնյա լինելու հանգամանքով: Այսինքն՝ եթե քրեականի պետը վստահ չլիներ, որ իր խափանման միջոցը կփոխվի (նրան չէին էլ ուզում կալանավորել), եթե նա համոզված չլիներ, որ քննչական մարմինը, իսկ այնուհետեւ դատարանը իրեն կվերաբերվեն որպես յուրայինի, նա երեխային չէր ծեծի: Եթե ԱԺ նախագահը շրջապատված չլիներ թիկնապահներով, եթե նա վստահ չլիներ, որ յուրայինները նրա արարքը կարդարացնեն («քանի որ դիմացինը դաշնակցական է, կարելի է եւ թքել»), եւ, վերջապես՝ եթե 100 տոկոսով չիմանար, որ այդպիսի վարքն իր պաշտոնի համար որեւէ հետևանք չի ունենա, նա էլ իրեն կզսպեր: Եթե վարչապետի թիկնապահը համոզված չլիներ, որ հղի կնոջը մահացու վթարի ենթարկելուց հետո կազատվի պատասխանատվությունից, նա վայրենավարի չէր վարի մեքենան:
Այստեղից ես պետք է դարձյալ եզրակացնեմ, որ խնդիրն անձնական չէ: Որովհետեւ բոլոր իշխանությունների ժամանակ, անկախ անուն-ազգանուններից, ոստիկանն իրեն պահում է որպես «մենթ», պատգամավորը՝ որպես «Թոխմախի Մհեր», իսկ թիկնապահը՝ որպես «Կուկու»: Մարդիկ դադարում են պարզապես մարդ լինելուց եւ դառնում են գործառույթ, ֆունկցիա: Հոգեբանության մեջ հայտնի է, այսպես կոչված, Զիմբարդոյի գիտափորձը: Ուսանողներին բաժանել էին երկու խմբերի եւ ուղարկել էին համալսարանի նկուղ, որտեղ կեսը պետք է խաղար «բանտապահ», իսկ մյուս կեսը՝ «բանտարկյալ»: Շատ արագ համալսարանի նկուղը վերածվել էր իսկական համակենտրոնացման ճամբարի:
Կարող եմ բերել «պաշտոնական», բայց ոչ մարդկային վարք դրսեւորելու եւս մի օրինակ: Արցախի այս օրհասական վիճակում այնտեղի պաշտոնյաները զանգահարում են հայաստանցի պաշտոնյաներին, իսկ վերջիններս զանգերին չեն պատասխանում: Հավանաբար, բան չունեն ասելու: Բայց այստեղ ճիշտ այն տեղն է, որտեղ պետք է դրսեւորել սեփական մարդկային էությունը: Իշխանական աթոռն այսօր կա, վաղը չկա: Բայց երբ այս ամենը, Աստված տա, վերջանա, մեկի մասին կասեն, որ նա մարդկային որակներ է դրսեւորել, իսկ մյուսի մասին՝ որ անհաղորդ էր հայրենակիցների ցավին:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հարգելի պարոն Աբրահամյան
Լուրջ՞ ՀՀ Ազգային ժողովի նախագահի <> ծվարածը թքում է քաղաքի կենտրոնում Հայ մարդու վրա ու Ձեր մոտ համեմատվում Թոխմախի Մհերի հետ՞
Այն նույն մարդը որ դրանից մի երկու տարի առաջ կենտրոնում գլխով հարվածեց մեկ այլ Հայ մարդու և կոտրեց քիթը ու դատվեց քիթ կոտրվածը։ Լուրջ համեմատության եզրեր եք տեսնում՞ Նախկինացավի վարագույրը դեռ աչքերը փակում են՞
Նման <> իշխանություն նույնիսկ Վանոն և Վազգենն իրենց թույլ չեն տվել։
Իսկ <> ասելուց առաջ հիշեք Ռոմիկին եթե իհարկե օբյեկտիվության շղարշ եք ուզում ստեղծել, ոչ թե ներկաներին նախկին երկուսի հետ նույնականացնելու նուրբ արվեստով եք զբաղված։
Հիմա էլ թուրքին ասում են հարձակվի Հայաստանի վրա, <> մեղավոր կհանենք։
Անհամեմատելի են պարոն Աբրահամյան, մի արեք, իրենց նարատիվն եք պաշտպանում
Եթե երկրի հրամանատար լիներ մեր հերոս հրամանատարներից, ասենք՝ Նժդեհը, իսկ նրա ՝զամպոլիտը՝ լիներ մեր հերոս Ամենայն հայոց կաթողիկոսներից, ասենք՝ Գեւորգ Ե Սուրենյանցը, հայերով մենք մեզ կզգայինք եւ կդառնայինք արարող արժանապատիվ հաղթող եւ երջանիկ ազգ: Խորհրդատվական աշխարհասփյուռ հայության ձայնով ընտրենք մեր Հրամանատարին եւ Ամենայն հայոց կաթողիկոսին: