«Բոլորիս միակ ցանկությունն է, որ Արցախը միանա մեզ, որպեսզի Արցախն էլ չկորցնենք, ինչպես ժամանակին կորցրեցինք Նախիջեւանը։ Այդ փոքրիկ հողակտորը մեր հայրենիքի մի փոքրիկ մասն է, եւ այսօր հեշտությամբ ինչ-որ երիտասարդ մարդիկ, որոնք կոչվում են կառավարություն, պոկում են այդ մասնիկը, որը տան, այդպես չի կարող լինել։ Եվ երեւի թե միակ ուժը, որը կարող է նրանց ձեռքը բռնել, դա ժողովուրդն է, որը կարող է ասել, որ այդպես չի կարող լինել։ Չկարողացանք որեւէ կերպ կանխել պատերազմը, դա մեր մեղքն է։ Բայց հիմա, ունենալով այդքան զոհեր, կորցնելով այդքան հայրենիքի մաս, այսօր ամբողջովին ուզում ենք հենց այնպես Արցախը կտրել ու փոխանցել թշնամուն։ Ինչո՞ւ պետք է այդքան հեշտությամբ տրվի մեր հայրենիքը»,- Տավուշի մարզում «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում հանդիպման ժամանակ ասաց դերասան Հրանտ Թոխատյանը։
Նրա խոսքով՝ «Հայաքվե»-ի նպատակն այն է, որ առաջին անգամ օգտվենք Սահմանադրության տված հնարավորությունից, ասենք մեր «ոչ»-ը։ «Կլինեն այս իշխանությունները, վաղը կգան մյուսները, վաղը չէ մյուս օրը՝ մյուսները պետք է հասկանան, որ երբեւիցե չի կարելի հենց այնպես մի գրչի հարվածով հայրենիք տալ։ Այսօր եկել հասել ենք նրան, որ մարդիկ փորձ են կատարում կպնել սրբություններին՝ Արարատ սարին։ Ոնց կարելի՞ է, դա անհնար է, ասում են՝ եկեք մոռանանք, մենք ունենք Արագածը։ Այդպես մենք կարող ենք ընդհանրապես մեր պատմությունը մոռանալ։ Խայտառակություն է այն, ինչ կատարվում է մեր դասագրքերում»,- ասաց նա։
Հրանտ Թոխատյանի խոսքով՝ եթե այսօր կորցնենք Արցախը, վաղը կկորցնենք Հայաստանը։ «Մեր մեջ ինչ-որ բացիլ է մտել, եթե մի բան լինում է Գորիսում, Դիլիջանում, Արմավիրում, Երեւանում մտածում են՝ ինձ ի՞նչ։ Այդպես չի կարելի ապրել, ապրում ենք մի երկրում, բոլորս միասին պետք է մեր երկիրը պահենք։ Հայաքվեի բուն նպատակը դա է»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ