Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես 600 հազար դրամով 400 քմ-անոց ամբուլատորիայի մի հարկը իրենցով արեցին ու մարսեցին. «Ես ինձ կյանքում թույլ չէի տա նման տականք բան պայմանավորվել»

Հուլիս 05,2023 22:02

Վերաքննիչ քրեական դատարանը այս տարվա մայիսի 30-ին որոշել է, որ Շնողի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը հանցանք չի գործել, թեեւ դատախազությունը նրան մեղադրում էր անձնական շահերից ելնելով՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ:

Հիշեցնենք, որ Շնողի նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանը տարիներ առաջ՝ 2005-ին, լինելով այդ ժամանակ Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի եղբայրը, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղի ամբուլատորիայի շենքի երկրորդ հարկը՝ շուրջ 400 քմ, իրենով էր արել, ձեւակերպել գնում՝ 600 հազար դրամով: Տարիներ անց պարզվել էր, որ անգամ այդ 600 հազարը չի վճարել՝ ձեւակերպելով կեղծ փաստաթղթեր: Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունից պարզել էին, որ գյուղապետը այդ գործարքով Շնող համայնքին պատճառել է 2 միլիոն 115 հազար դրամի վնաս, գնման գործարքում թույլ էին տվել մի շարք խախտումներ: Լոռու մարզի դատախազությունը, որը դիմել էր դատարան՝ Քոչինյանից համայնքին պատճառած վնասը բռնագանձելու պահանջով, առանց որեւէ հիմնավորման հետ էր վերցրել հայցը ու դատարանը գործը կարճել էր:

Քոչինյանի պաշտոնավարումից հետո 2012-ին նոր գյուղապետ ընտրված Հովիկ Սահակյանը որոշել էր ապօրինի սեփականաշնորհված համայնքային գույքը Քոչինյանների ընտանիքից վերցնել ու վերադարձնել համայնքին եւ 2013-ին հայցադիմում է ներկայացրել Լոռու մարզի դատարան՝ ընդդեմ Հայկազ Քոչինյանի: Նա պարզել էր, որ Քոչինյանը ինքն անձամբ է որոշել, որ ամբուլատորիայի այդ տարածքը 600 հազար դրամ կարժենա, անկախ գնահատող չի եղել, ավագանին չի քննարկել այդ հարցը: Ավելին՝ կոռուպցիոն մեխանիզմներով՝ նոտարով, այլ մարդու ստորագրությամբ տարածքի սեփականաշնորհման գործարքը գլուխ են բերել, իսկ 600 հազար դրամը այդպես էլ համայնքի ֆինանսական բալանսում չի հայտնվել: Հովիկ Սահակյանը համայնքի իրավախորհրդատուի հետ դատական գործընթաց է սկսել, առաջին ատյանի դատարանը որոշել է, որ իսկապես էական խախտումներ կան, բայց վաղեմության ժամկետն անցել է: Համայնքապետարանում որոշել են դիմել Վերաքննիչ եւ այստեղ սկսել է ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանի քրեական գործի պատմությունը:

Ղումաշյանը, 2016-ին ընտրվելով համայնքապետ, դիմել է Վերաքննիչ, բայց հետո իր անունից դիմել է դատարանին ու հետ է վերցրել բողոքը՝ դառնալով Քոչինյանի՝ համայնքի գույքը յուրացնելու գործը այսպես ասած «զմռսող քավորը»: Դատախազությունը նրա այդ արարքում տեսել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի խախտում: Մեղադրանքում նշված է, որ Ղումաշյանը էական վնաս է պատճառել Շնող համայնքի օրինական շահերին, նրա պատճառով համայնքը զրկվել է հանցագործության կատարման արդյունքում այլ անձի սեփականություն դարձած տարածքի հարցը դատարաններում վիճարկելու իրավունքից, ընդ որում, նա դա արել է անձնական մոտիվներով:

Թե որոնք են այդ անձնական մոտիվները, երեւում են դատարանում վկաների՝ Շնող գյուղի բնակիչներ Վարուժան Մաշինյանի եւ Հարություն Ամիրջանյանի ցուցմունքներից: Նրանք դատարանում պատմել են, որ Դ.Ղումաշյանը միանձնյա որոշել ու հետ է վերցրել այդ հայցադիմումը եւ այդտեղ խարդախություն կա, քանի որ դրա դիմաց Ղումաշյանը Քոչինյանից ընտրություններում իր աջակցությունն է ստացել: Ամիրջանյանի ցուցմունքում ասվում է. «Թավշյա հեղափոխությունից հետո էլ Դավիթ Ղումաշյանն իրեն հաշիվ չի տվել ու շարունակել է իր ապօրինությունները, ինչի շուրջ ինքը բազմիցս դիմել է ոստիկանություն, սակայն որեւէ դրական լուծում չի տրվել»: Ավելին, գյուղացիները հանկարծ պարզել են, որ Հայկազ Քոչինյանի կնոջը Դավիթ Ղումաշյանը «բերել դրել է մանկապարտեզի վարիչ», նրան նախկին գյուղապետ Սահակյանը ազատել էր աշխատանքից եւ այլ մարդու նշանակել. «Եթե շահագրգռված չէ, ինչո՞ւ նորից բերեց նշանակեց, որը եւս մեկ անգամ հիմնավորում է, որ ասածը ճիշտ է: Թավշյա հեղափոխությունից հետո էլ Դավիթ Ղումաշյանի կողմից փայտագողերի նկատմամբ հովանավորչությունը չդադարեց եւ նա ի պաշտոնե իրեն հաշիվ չտվեց, թե ինչ է անում, այն դեպքում, երբ բազմաթիվ հաղորդումներ են ներկայացվել թե՛ Լոռու մարզային ոստիկանությանը, թե՛ քննչական մարմններին»:

Դավիթ Ղումաշյանը դատարանում պնդել է, որ Վերաքննիչի բողոքը հետ է վերցրել, քանի որ հասկացել են, որ դա անիմաստ միջոցների վատնում է լինելու, եթե առաջին ատյանը վաղեմության ժամկետի հիմնավորմամբ հարցը չի բավարարել, Վերաքննիչը նույնպես չի բավարարի:

Aravot.am-ի հետ զրույցում Դավիթ Ղումաշյանն այսպես պարզաբանեց. «Երկու դատական ատյանով անցել եմ՝ առաջին ատյանի, որը հօգուտ ինձ էր վճիռ կայացրել եւ դատախազությունը Վերաքննիչ էր բողոքարկել, Վերաքննիչն էլ է հօգուտ ինձ որոշել: Ընտրություններին ուղղակի բացառված է, որ ինձ Քոչինյանը օգներ, ես նրա հետ չեմ էլ խոսել ընդհանրապես, ինձ թույլ էլ չէի տա իր հետ նման բան քննարկել, որովհետեւ ընտրությունները նոյեմբերին են եղել, այդ ամեն ինչը խոսքի ապրիլին, մենք ոչ մեկս չէինք կարող իմանալ նոյեմբերին ընտրություն լինելո՞ւ է, թե՞ չէ, ուղղակի լոգիկայի տեսանկյունից նայենք: Ես ինձ կյանքում թույլ չէի տա նման տականք բան պայմանավորվել: Այդ ցուցմունքը տվել են մեր գյուղից երկու տականք, որոնք, չգիտեմ ինչու, համարել են, որ ես իրենց գործունեությանը խոչընդոտում եմ»:

Թե ինչու է Քոչինյանի կնոջը մանկապարտեզի տնօրեն նշանակել՝ նա այսպես բացատրեց. «Կնոջը վերականգնել եմ դատարանի որոշման հիման վրա: Նա ազատված է եղել աշխատանքից, ավելին ասեմ՝ նախկին գյուղապետը հիմնավոր էլ ազատել է, ճիշտ է արել, որ ազատել է, ուղղակի դատարանը այդպես է որոշել: Ես միայն ստիպված եմ վերականգնել: Եվ դա ոչ մի կապ չունի նրա հետ, ինչ մեղադրանքում նշված է՝ պայմանավորվածություն եւ այլն»:

Փայտի բիզնեսը հովանավորելու հետ կապված էլ Ղումաշյանն այսպես արձագանքեց. «Դա ուղղակի անհեթեթություն է: Ի՞նչ փայտ, այ ցավդ տանեմ: Էդ իրենք են, որովհետեւ ես եմ ասել՝ մարդկանցից՝ համագյուղացիներից, ովքեր իրենց տան համար փայտ են բերում, փող մի վերցրեք, իրենց լափամանին ձեռ եմ տվել, իրենք էլ որոշել են նման բան անել…Նմանատիպ տականքները իմ վրա տասնյակ անգամ են բաներ գրել՝ սուտ, հորինված, որը Քննչականում կարճվել է»:

Հարցին՝ նորմա՞լ է, որ համայնքային հողը չնչին գումարով պաշտոնյաները իրենցով անեն, ինչքան էլ հետո իրավական հիմնավորումներ դրա տակ դրվեն՝ Ղումաշյանը պատասխանեց. «Ոչ թե նորմալ է, դրանից աննորմալ բան չկա, մանավանդ, եթե հարցը վերաբերում է ամբուլատորիային: Ես կողմնակից եմ եղել, որ ցանկացած առիթ օգտագործվի եւ դա հետ վերադարձվի, բայց դա իմ ուժերից վեր եմ համարել, փորձել եմ անել, չի ստացվել: Իմիջիայլոց, ինչքան գիտեմ, հիմա օրենսդրական փոփոխություն են արել, որ համայնքային սեփականություն հանդիսացող գույքը հետ վերադարձնելու հետ կապված վաղեմության ժամկետ չի կիրառվելու: Դատախազությունը ազատ կարող է դիմել դատարան ու վերսկսել գործը»:

Հիշեցնենք, որ Դավիթ Ղումաշյանը Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն էր: Ու չնայած դատախազությունը մեղադրանքի հիմքում նշել էր, որ նա իր հանցավոր արարքով էական վնաս է հասցրել Շնող համայնքին, բայց դատարանը գտել է, որ այդ «հանցակազմի առկայության փաստման համար պարտադիր պայման է ոչ թե էական վնասի ստեղծման վտանգը, այլ էական վնասի առաջացման հանգամանքը: Դ.Ղումաշյանի գործողությունների արդյունքում չեն առաջացել այնպիսի հետևանքներ, որոնք կարող էին բավարար լինել պետության օրինական շահերին պատճառված վնասը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով էական դիտելու համար»:

Այսպիսով, համայնքի ամբուլատորիայի 400 քմ տարածքին ապօրինի տիրացել են, բայց ոչ մեկը մեղավոր չէ, պատժված չէ:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Դավիթ Ղումաշյանի լուսանկարը` «Հետքի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31