Լրահոս
Օրվա լրահոսը

«Զբոսաշրջային հոսքը դեպի Գյումրի նվազել է մոտ 30-40 տոկոսով»․ հյուրանոցի գործադիր տնօրեն

Հուլիս 05,2023 21:45

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու պատմական կենտրոնում գտնվող հյուրանոցա-ռեստորանային համալիրներից մեկի գործադիր տնօրեն Վարդան Սրտաշյանը նշեց, որ նախորդ տարվա համեմատ՝ զբոսաշրջային հոսքը դեպի Գյումրի 30-40 տոկոսով նվազել է։

Ըստ մեր զրուցակցի, Գյումրին գրավիչ դարձնելու համար մեծ աշխատանք ունեն անելու նաև պետական մարմինները, քանի որ այս քաղաքը՝ ի տարբերություն Հայաստանի շատ քաղաքների՝ Իջևանի, Դիլիջանի, Ծաղկաձորի հանգստավայր չէ․ այն չի կարող բնաշխարհով գրավել զբոսաշրջիկներին։ Այս քաղաքը գրավիչ է իր պատմաճարտարապետական կառույցներով, և եթե աշխատանք չտարվի ավելի գրավիչ դարձնելու, 2-3 անգամ Գյումրի եկողը, հաստատ 4-րդ անգամ չի ուզի գալ։

«Եթե վերցնենք վերջին 6-7 ամիսը՝ ներառյալ հուլիսը, վիճակագրությունը բավական մտահոգող է։ Մենք ինքներս վերլուծություն ենք արել մեր ոլորտում՝ թե՛ հյուրանոցային և թե՛ ռեստորանային, և որոշակի բացասական միտում ենք նկատում, որի մասին կուզենայի կիսվել ձեր հետ, որպեսզի համապատասխան քայլերով կարողանայինք թույլ չտայինք, որ տուրիզմի ոլորտի վիճակը Գյումրիում ավելի վատանա։

Երկու խնդիր կա, որը զգալի է, մեկը ռուս-ուկրաինական պատերազմն է, բնական է, որ Ռուսաստանը, լինելով մեր տուրիստական հոսքերի մեջ մեծ մասնաբաժին ունեցող երկիր, պետք է, որ զգացնել տար։ Առավել ևս, որ «Շիրակ» օդանավակայանում հիմնական չվերթները Ռուսաստանից են․ «Պոբեդա» ավիաընկերության է թռիչքներ կազմակերպում։ Ռուս զբոսաշրջիկների հոսքը բավական նվազել է։

Միգուցե ռուս քաղաքացիների հոսքն ավելացել է, բայց որպես տուրիստ՝ նրանք այլևս հանդես չեն գալիս։ Նրանց կարելի է դիտարկել որպես փախստական, որպես ներգաղթող աշխատուժ, բայց ոչ որպես տուրիստ։ Ռուսների քանակը բավական նվազել է, բավական նվազել է նաև նրանց վճարողունակությունը»,-ասում է Վարդան Սրտաշյանը։

Ըստ նրա, հաջորդ կարևոր քայլը Գյումրու գրավչության վրա աշխատանք տանելն է։

«Ի տարբերություն Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքների, տուրիստական կենտրոնների՝ Ծաղկաձորի, Դիլիջանի, Սևանի, Իջևանի, Ջերմուկի, Գյումրին հանգստավայր չէ։ Գյումրիի գրավչությունը պատմամշակութային ժառանգությունն է և որոշակի առումով սպասարկման օբյեկտները։
Պատմամշակութային ժառանգությամբ ներքին տուրիզմում երկար առաջ գնալ չես կարող։ Բնական է, որ մարդիկ 1-2-3 անգամ գալով, ծանոթանալով այդ ամենին, 4-րդ անգամ գրավչությունը թուլանում է։

Գրավչության թուլացման պատճառով կարծում եմ նույն մարդիկ նույն խանդավառությամբ չեն գալիս Գյումրի, հետևաբար ներքին տուրիզմի հոսքերն այս առումով փոքրանում են։ Սրա համար գոնե մեր տեղական ինքնակառավարման մարմինը, տուրիզմի ոլորտով զբաղվող պետական կառույցները պետք է սա մեզանից լավ գիտակցեն ու որպեսզի Գյումրիի տուրիստական գրավչությունը չտուժի, պետք է կազմակերպեն մի շարք մշակութային միջոցառումներ՝ ֆորումներ, սիմպոզիումներ, համերգային ծրագրեր և այլն, և այլն։ Դա միջազգային պրակտիկայում ընդունված է։

Այսինքն՝ քաղաքը գրավիչ դարձնելու և նորանոր հոսքեր ապահովելու համար։ Մարդիկ ժամանակի ընթացքում համոզվեցին, որ Գյումրին տուրիստական առումով բավական պոտենցիալ և ապագա ունեցող քաղաք է, և բավական ներդրումներ սկսվեցին Գյումրիում։

Շատ մարդիկ հյուրատներ են սարքում, ես անձամբ գիտեմ 5-6 տեղ խոշոր հյուրանոցներ են սարքում, ռեստորաններ, սպասարկման օբյեկտներ, բիզնեսի մեջ իրենց փորձող մարդիկ այստեղ անընդհատ ներդրում են անում։ Ու եթե մեր քաղաքը չկարողանա այդ մարդկանց սպասելիքները բավարարել, չկարողանա առաջարկ ապահովել տուրիստների, մենք խնդիր կունենաք։ Հետևաբար շատ կարևոր է՝ քանի դեռ խնդիրը չի խորացել, մենք շատ շուտ ենք զգում այդ ամենը, մենք բիզնեսի մեջ ենք և գումարի հետ գործ ունենք, պետական պատկան մարմինները գոնե Գյումրիի պահով բավական անելիք ունեն։

Այնպես չէ, որ բացասական դինամիկան միայն ես եմ ասում, հարկայինում աշխատող ընկերներ ունենք, նաև սպասարկման ոլորտի մեր մյուս գործընկերները ևս փաստում են, անզեն աչքով էլ երևում է։

Մոտավորապես ասեմ, որպեսզի սխալված չլինեմ՝ այս տարի 30-40 տոկոս տուրիստական հոսքերը դեպի Գյումրի նվազել են նախորդ տարվա համեմատ։ Պետք է բոլորը ուշադրություն դարձնեն, քանի որ այս տենդենցի պահպանման դեպքում Գյումրիի տուրիստական պոտենցիալը կվտանգվի»,-ասում է Վարդան Սրտաշյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31