Էկոնոմիկայի նախարարության՝ շրջանառության մեջ դրած նախագիծը, որով արգելվում է ձմերուկը եւ սեխը վաճառել կտրած կամ մասերի բաժանված, ոչնչի մասին է, այդ մթերքներն ունեն սպառման կարճ տեւողություն։ Այս կարծիքին է ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը:
Հիշեցնենք, որ նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն անելու մասին նախագիծը, որով առաջարկվում է իրականացնել հետեւյալ կարգավորումը․« Ձմերուկի եւ սեխի վաճառքը իրականացվում է խանութներում, կրպակներում, շուկաներում, տոնավաճառներում տաղավարներում՝ տակդիրների կամ դարակաշարերի վրա։ Տոնավաճառներում, տաղավարներում ձմերուկի եւ սեխի վաճառքի կետերը պետք է ունենան ծածկեր կամ հովանոցներ։ Արգելվում է ձմերուկը եւ սեխը վաճառել կտրած կամ մասերի բաժանված»։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս Հայաստանում ձմերուկի եւ սեխի հասունությունը ցուցադրելու նպատակով լայն տարածում է գտել վերջինիս մասերով կամ կտրված վաճառքը, ինչի արդյունքում կտրված մասում միջուկի հաստության մեջ կարող է ներթափանցել միկրոօրգանիզմներ՝ այդ թվում պայմանական ախտածիններ և ախտածիններ, որոնք ընդունակ են առաջացնել տարբեր վարակիչ հիվանդություններ եւ պատճառ հանդիսանալ սննդային թունավորումների․«Կտրված ձմերուկը եւ սեխը համարվում են արագ փչացող ապրանք եւ պետք է պահպանվեն սառնարանում, մինչդեռ դրանք վաճառվում են ոչ սառնարանային պայմաններում։ Միաժամանակ բազմաթիվ են դեպքերը, երբ ոչ ստացիոնար վայրերում (տոնավաճառներում, տաղավարներում) վաճառվում է գետնի վրա դրված, առանց ծածկի կամ հովանոցի՝ ուղիղ արեւի ճառագայթների տակ, ինչը նույնպես վտանգ է հանդիսանում մարդու կյանքի եւ առողջության համար։ Հարկ է նշել, որ առավել ևս բաց տարածքներում, ճանապարհների երկայնքով՝ մայթերին, անհնար է լվանալ կտրած ձմերուկը կամ սեխը, ինչպես նաեւ դանակը, որով կտրվել է»։
Պիպոյանի դիտարկմամբ՝ կտորով ձմերուկի եւ սեխի իրացման ժամանակահատվածը կարճ է, այդպես վաճառվում են ոչ սեզոնին, դրանք ներկրված են եւ գինն էլ այդ շրջանում բարձր է լինում․«Մեր հետազոտությունները փաստում են, որ իրականում շատ փոքր է այն սպառողների տոկոսը, որոնք ոչ սեզոնին օգտվում են այդ մթերքներից։ Բացի դրանից, առողջական ռիսկերի հետ կապված էլ պետք է նշեմ, որ ոչ սեզոնին կտորով ձմերուկից կամ սեխից մասսայական թունավորման դեպքեր հանրությանն առնվազն հայտնի չեն։ Հետեւապես, պարզ չէ, թե այս կարգավորումն ընդհանրապես ում համար է արվում։ Սա շատ կարեւոր հանգամանք է, որպեսզի նախագիծ մշակելիս բոլոր գործողությունները լինեն ռիսկերը հաշվարկելու հիման վրա»։
Կարդացեք նաև
Պիպոյանը նկատեց, որ ընդհանրապես մարդիկ նախապատվությունը տալիս են ամբողջական ձմերուկին եւ սեխին, իսկ կտորներով այդ մթերքները գնելու սովորույթը միայն ոչ սեզոնին է, իսկ երբ դրանց գինն իջնում է, բոլորն էլ ամբողջական են գնում։
Բացի դրանից, սեզոնին տաղավարների վրա կտրած ձմերուկներն ուղղակի ցուցադրության համար են, դրանք մարդիկ չեն գնում։
e-draft-ում հրապարակված այս նախագծին քաղաքացիներն էլ արձագանքել են, նշելով՝ նախագիծը լրամշակման կարիք ունի․«Սուպերմարկետներում պահպանվում են հիգիենայի կանոններն ու այդ ապրանքը պահպանվում է սառնարանում։ Ֆինանսական խնդիր եք առաջացնում միայնակ ապրողների, փոքր ընտանիքների համար՝ ձմերուկի մասով, որոնք մի կտոր գնելու փոխարեն գնելու են ամբողջական ձմերուկ, ու թափելու են մնացորդը կամ ստիպված ուտելու են իրենց տան ժամկետանց ձմերուկը։ Ցանկից բացառեք սուպերմարկետները, ավելացրեք հսկողությունը, խախտում հայտնաբերելու դեպքում՝ չլվացած ձմերուկ կտրելու, չլվացած դանակով կտրելու, կտրածը սառնարանում չպահպանելու դեպքում տուգանեք կամ արգելք սահմանեք տվյալ սուպերմարկետում վաճառելը։ Եթե քաղաքացու առողջությունն է խնդիրը, եւ ոչ թե՝ այլ թաքնված նպատակ, ապա պետք է արգելել նաեւ կտրտած միրգ եւ թարմ քամած միրգ վաճառելն ամենուր, թե՛ սուպերմարկետներում, թե՛ ճաշարաններում եւ թե՛ ռեստորաններում, բառերում, հյուրանոցներում, քանի որ չգիտես՝ լվանալուց հետո՞ են կտրատում, թե՞ առանց միրգն ու դանակը լվանալու։ Նաեւ չգիտես՝ անմիջապե՞ս են դնում սառնարան, թե՞ թողնում են սեղանին ու այդ ժամանակահատվածում մանրէները բազմանում են»։
Նախագծում կատարվող հաջորդ փոփոխությունը վերաբերում է կաթնամթերքի վաճառքին հանրային սննդի օբյեկտներում։ Մասնավորապես, ըստ նախագծի հիմնավորման, պանրի վաճառքի դեպքում ճաշացուցակում տարանջատված եւ նշված չեն կաթնամթերքը պատրաստված է բնական հումքով, թե կաթնային յուղի փոխարինիչով։
Նախագծով առաջարկվում է հետեւյալ լրացումը․« Վաճառողը պետք է ունենա ճաշացուցակ, որը ներկայացվում է սպառողին (գնորդին): Ճաշացուցակում նշվում է խոհարարական արտադրանքի անվանումը, հիմնական բաղադրիչները, սննդային արժեքը (ներառյալ էներգետիկ արժեքը), զանգվածը եւ վերջինիս այն գինը, որը ենթակա է սպառողի կողմից վերջնական վճարման, իսկ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքի դեպքում նշվում է «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ»։
Այս առնչությամբ էլ Պիոպյանն ասաց՝ այդ դրույթը կարեւոր նշանակություն ունի, սակայն այստեղ եւս շեշտը չպետք է դրվի միան տնտեսական խնդիրների վրա, այլ պետք է հաշվի առնել սպառողի առողջությունը․«Որովհետեւ ասել կաթնայուղի փոխարինիչ, դեռ ոչինչ չի նշանակում, քանի որ մարդու օրգանիզմի վրա բացասական ազդեցություն ունի կոնկրետ տրանսճարպաթթուն։ Հետեւապես, շատ կարեւոր է, որ մակնշվի՝ արդյոք տրանսճարպաթթո՞ւ է, թե ոչ, որպեսզի սպառողը կարողանա կողմնորոշվել՝ արդյոք ինքը վնասում է իր օրգանիզմը, թե ոչ։ Էներգետիկ առումով, անկախ նրանից, թե ճարպի որ տարատեսակն է՝ կենդանական, թե բուսական ծագում ունեցող, դրանից իր էներգետիկ արժեքը չի փոխվում, նույն կիլոկալորիան է պարունակում։ Ուստի նախագիծը կարիք ունի լրամշակման եւ շեշտը պետք է դրվի ոչ միան տնտեսական օգուտի վրա, այլ՝ մարդու առողջության»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ